30.11.2014

Մի հապաղիր



Ա՛խ, որքան կարճ է կյանքը
Որքան վաղանցուկ…
Միայն ճարպերն են վկայում
Ապրած օրերի մասին…


Եվ այսօր, երբ դատապարտված եմ
Այս չորս կարտոֆիլին,
Եվ այս չորս կարտոֆիլը
Նույնքան դատապարտված են,
Ցուրտումութ տարիներն եմ հիշել,
Երբ նախաճաշին, ճաշին ու ընթրիքին
Կարտոֆիլ էր
Եվ չկար ուտելու այլ բան՝ կարտոֆիլից բացի,
Ու նույնիսկ մորս թխած հացից
Ավելի շատ կարոֆիլի համ էր գալիս, քան ցորենի,
Երբ հայրս, մայրս, եղբայրներս ու քույրս
Լամպի լույսի տակ կարտոֆիլ էին ուտում՝
Օրեցօր նմանվելով Վան Գոգի հերոսներին,
Իսկ ես հրաժարվում էի ուտել,
Որովհետև չուտելն ավելի տանելի էր թվում,
Քան համը կարտոֆիլի…
Բայց սովը, ցուրտը, մութը
Չեն դիպչում մանկական մարմիններին,
Նրանց հոգիները լուսավորում են այլ լապտերներ,
Ու այդ լույսի դեմ էլեկտրական լույսը խամրում է։

Ա՛խ, որքան կարճ է կյանքը,
Որքան վաղանցուկ…
Որքան արագ են խամրում գույները,
Եվ որքան դժվար են ճարպերը հալվում…
Այսօր, երբ կարտոֆիլը ունի նույն համը,
Ինչ ցուրտումութ տարիներին,
Բայց ես ստիպված եմ այն ուտել,
Որովհետև միայն այդպես կարող եմ նիհարել,
Ես հիշում եմ լամպի լույսի տակ կարդացած գրքերը
Եվ երգերը՝ կիթառով նվագված,
Եվ այն տղային, որ ժամադրել էր ինձ
Մեր փողոցի ծայրին,
Բայց ծաղկով չէր եկել,
Ու այն պահին, երբ պիտի խոստովաներ իր սերը,
Բառերի փոխարեն գրպանից հանեց
Ու հուզմունքից դողացող ձեքերով մեկնեց ինձ
սնիկերս…
Այդ տարիներին, երբ չճարվող հացն արժեր հինգ կամ տասը
Եվ երկու հարյուր դրամ՝ սնիկերսելը,
Այդ տարիքի պատանյակի համար
Դա շատ, չափազանց  թանկ նվեր էր՝
Այնքան թանկ, որ ես այդպես էլ չհամարձակվեցի
Ուտել այն։

Ախ, որքան կարճ է կյանքը,
Որքան վաղանցուկ,
Որքան դժվար է վաստակվում փողը
Եվ որքան արագ ծախսվում,
Իսկ ճարպերը…
Ճարպերի դեմ պատերազմի հինգերորդ օրը
Ինձ մի հարց է մտահոգում՝
Ինչպե՞ս է, որ այս քսան ու ավելի տարում,
Երբ գներն աճել են քսան ու ավելի անգամ,
Գնաճը չի դիպել շոկոլադե այդ սալիկին՝
Որի գովազդն ասում է՝ մի հապաղիր…

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր