Արդեն երեք օր զարթնում եմ ամոթահար ու երջանիկ,
ինչպես ամուսնացած մի կին,
որ երազում սիրահարվել է այլ տղամարդու
ու ամբողջ օրը մտածում է նրա մասին,
ու չգիտի՝ ոնց նայի ամուսնու դեմքին,
որին սիրում է ու հարգում
և ընդհանրապես միտք չունի բաժանվելու...
Որտեղի՞ց եկան, կպան ինձ էս նոր, կրքոտ երազները՝
շենքերը, շենքերը, շենքերը՝
վերսլաց ու գետնատարած,
գլաններ, կոներ, խորանարդներ,
շենքեր՝ ամպերից կախված ծաղիկների պես,
շենքեր՝ ծառերի նման, կենդանիների, մարդկանց,
անվերջ ապակի, մետաղ, բետոն, քար, փայտ
և այլ անհայտ նյութեր...
Ես վանում եմ մտքերը շենքերի մասին,
և աչքիս առաջ հառնում են փողոցներ,
ու քաղաքներ եմ տեսնում ամբողջական,
ու տրոփում է սիրտս սիրահար՝
գիժ, հիմար, մանկամիտ անասուն...
«Դառնալ ճարտարապետ»,- գուգլում եմ՝
վախեցած ու ամաչելով,
ինչպես կգուգլեի անծանոթ տղամարդու անուն,
որին հանկարծակի, լրիվ անիմաստ ու անկապ
սիրահարվել եմ...
Քանի դեռ չի բացվել էջը, արագ փակում եմ այն.
ճարտարապետ, չէ մի, ինձնից ի՞նչ կառուցող,
այն, ինչին կոչված եմ ես, իմ կյանքը փլուզելն է...
Комментариев нет:
Отправить комментарий
ասա, մեջդ մի պահիր