«Շարույթ» շարքից
ՄՆԱՅՈւՆ ԱՐԺԵՔՆԵՐ
Ես կավ եմ՝ անձև զանգված,
հլու անձրևին, արևին, քամուն, մատներին,
ամեն ոք կարող է վրաս թողնել իր ոտնահետքը,
ժամանակն այն անպայման կլվանա,
վերցրու ու ծեփիր ինձնից քո
դժբախտությունը։
2004
ԱՆՀՆԱՐ
Ես պատմում էի նրան իմ սիրո մասին՝
շփոթված, հևասպառ,
ինչպես կապավորը՝ այլմոլորակայինների հետ
ունեցած իր հանդիպման,
նա լսում էր ինձ ու ժպտում՝
թերահավատ, ներողամիտ,
մանանեխի հատիկի չափ հավատ
չունեցող մարդկանց նման՝
աչքերը լայն փակած իրականության դեմ,
որում իրենք անհնար են։
2005
ԱՆՀԱՍԱՆԵԼԻ
Շուրթերս ծալեցի, դրեցի գրպանս,
աչքերիս փայլը նույնպես,
հանեցի աչքերս ու կտրեցի լեզուս,
որ չգայթակղվեմ ու չգայթակղեմ,
որ չտեսնեմ ձեզ, որ ինձ մոռանաք,
որ չպաչպչեք ինձ յուղոտ բերանով,
չտրորեք քրտնած ափերով,
կիսամեռ ծաղիկներ չնվիրեք...
Հիմա ես չեմ վախենում կնճիռներից,
անգին արժեքների ցուցակում չկամ.
ես ինձ հանեցի ցուցափեղկից,
ուր բզզում էի բարձր ու գունեղ՝
թունավոր բլոճի նման։
2003
«Շարական» շարքից
ՍԵՐ ԱՌ ԱՍՏՎԱԾ
Սպանդանոցում կախված մարմինները
դանդաղ նվաղում են, երջանիկ բզզոցով
ճանճերը ձվադրելու տեղ են փնտրում,
խոստումնահայց, հուսառատ նայում եմ
մորուքի տակից փքված երակներին,
շոյում եմ ուղեղի ծալքերը, ճմռում,
կենդանակերպ արձանիկներ ծեփում՝
աչքերս փայլեցնելով ու ժպտալով զգլխիչ
կապտամորուս Աստծո պատկերով և
նմանությամբ ընտրած տղամարդկանց,
թեպետ վաղուց մութ սենյակում կողպած,
կախաղանի վրա փտող դիակ եմ,
գանգը՝ ցլերի ամորձիներով բտած։
2005
ՀԱՆՑ ՖՐԱՆԿԵՆՇՏԵՅՆ
Չծնված ոչ հորից, ոչ մորից,
դաժանության դասեր չստացած,
արհեստաստեղծ ու դիվակերպ՝
սողում եմ ճռճռան տերևների միջով,
ավազի վրայով ու հողի տակ՝
սարսափեցնելով ծառերին,
ծովափնյա քարերին ու ջուրը
արտացոլանքով իմ ու գոյությամբ,
գրպանումս քարեր ունեմ պահած
անասուն մարդկանց համար, որ
ուտում են, հետ տալիս, քաքում,
լոտո ջնջում ու հեռուստացույց նայում՝
երջանիկ, քահ- քահ բլթբլթալով
ճաշի գոլորշիների, ժավելահոտի,
երեխաների գարշահոտության,
ընտանեկան տեռի ու բղկոցի մեջ,
ատամներով պոկելով տավարի միսը՝
այնպես ախորժակով ու սիրով,
ասես միմյանց միսն են պոկում,
մայրական կաթից ձեռքբերած
սառնասրտությամբ, հաստատված
հայրական խրախուսանքով,
աղոթքով առ Աստված, որ եմ։
2005
ԼՈւՍԱԲԱՑ
Ինչպես հաստ, ծանր վարագույր,
խավարը փեշն է քաշում,
բեմեզրի լույսերի մեջ փունջ- փունջ
մխում է սիրտս արնախում,
գալարվում եմ ու ոռնում արևից՝
մագիլներս խրած մարմնիս մեջ,
վրայիցս թափվում եմ շերտ -շերտ...
Անկոտրում ծարավով սրտերին
վաստակած հանգստի են կանչում
դագաղները, ինչպես սիրեններ։
2005
«Անտերուդուս» գրքից
Комментариев нет:
Отправить комментарий
ասա, մեջդ մի պահիր