07.01.2015

Ռուզաննա Ոսկանյան / Բայց ի՜նչ դժվար է, օ՜, սիրահարվելը

ruzannavoskԱրփի Ոսկանյանի «Ծիկ» ժողովածուն եթե ոչ բուռն, այնուամենայնիվ որոշակի քննարկումների տեղիք տվեց: Սկսնակ գրողները, գրաքննադատները, այլևս գրական հեղինակություններն իրենց որոշիչ խոսքն ասացին: Ոմանք ոգևորված հորդորեցին շարունակել, ոմանք էլ խնդրեցին, պաղատեցին էլ չգրել: «Պոեզիայով մտնել գրականություն դեռևս նշանակում էր մտնել շքամուտքից: Մինչդեռ արձակ բանաստեղծությունը անլուրջ ժանր է. այն ոչ միայն արձակ, այլև անգամ պոեզիա չի, և ինչպես միջին սեռը հասարակություններում, որտեղ հարգանք են վայելում առնական տղամարդիկ ու կանացի կանայք, իմ այդ տեքստերը անհանգստություն էին պատճառում, - հիշում է բանաստեղծուհին: - Անհանգստության իրական պատճառը բառերն ու թեմաները չէին, ինչպես թվում էր անհանգստացածներին, այլ ձևը, որ անձև էր» (կազմի վրա): Ի տարբերություն առաջին ժողովածուի` «Անտերուդուսը» լռության մատնվեց։ Անշուշտ, եղան քննարկումներ փոքրաթիվ հարազատների շրջանում։ Կասկածի հնարավորությունը բացառող մի քանի բառով, արտահայտությամբ բարձրացվեց կամ էլ ցեխին հավասարեցվեց բանաստեղծուհին, բայց երբ գործը հասավ «դիվան բաշուն», այն է` խոսքը թղթին հանձնելուն, մեկը ալարեց, մյուսը չհամարձակվեց։ Իսկ գրական գործընթացում ամենասարսափելի բանը լռությունն է. գետը, եթե չի հոսում, վաղ թե ուշ ճահճանում է։ Մեկ տարի ուշացումով փորձում եմ խախտել լռությունը` կարճելով հեռավորությունը սիրելի, կամակոր, անսովոր Արփի Ոսկանյանի և ընթերցողի միջև։ 
    Մեզ համար այլևս սովորական դարձած պատկերազարդ շապիկով հերթական մի գիրք չէ «Անտերուդուսը»։ Պատկերին ամենայն հանգստությամբ փոխարինում է տեքստը։ Ընթերցողն անմիջապես ձեռքի մեջ զգում է կորցրած ու վերագտած բառը։ Այս գիրքը բառի, բանաստեղծության և նրանց սիրահար ընթերցողի անմիջական հանդիպումն է։ Չկա անգամ հեղինակի «անտերուդուսային գեղագիտությամբ արված որևէ լուսանկար, որ կարտահայտեր գրքում գերիշխող տրամադրությունը, ինչպես նաև` ինձ այդքան հարազատացած իմ դեմքի պատկերը, որին ընթերցողը պիտի ժամանակ առ ժամանակ խանդաղատանքով նայեր և տխուր հայացքիս խորխորատներում փնտրեր տողերիս հեղինակին» (շապիկ)։ Այսինքն` ոչինչ չի խանգարում բանաստեղծություն - ընթերցող անմիջական, անկանխակալ շփմանը։ Ինտերնետային անպաճույճ ինֆորմացիոն էջ է հիշեցնում շապիկը։ Ընդգծված կամ այլ գույնով գրված բառերը շեշտում են հեղինակի ասելիքը, այն պատրանքը ստեղծում, որ բավական է ձեռք-մկնիկի թեթևակի հպում, և այլ ենթաշերտեր, զրույց-մենախոսություններ կբացվեն քո առջև։ «Գիրքս, իհարկե, չի ունենա պատշաճ ապրանքային տեսք և սպառողական հաջողություն։ Բայց լավ բան էլ կա այս ամենում` սա մի թիթիզ մարտահրավեր է պատկերին, որ դարձել է տիրապետող և սեփական տիրույթից դուրս մղել գիրը։ Սա առաջարկ է, որ գիրը կարող է փոխարինել պատկերին։ Նաև անհեթեթ մի հույս է, որ ի վերջո գիրն է։ Եթե, իհարկե, ի սկզբանե բանն է եղել» (շապիկ)։
    Անսովոր շապիկը, անսովոր ընծայականը («Չեմ նվիրում մորս` Ռիմա Գալստյանին` բանաստեղծուհուն և ուսուցչուհուն, ում դուր չեն գալիս բանաստեղծություններս հոռետեսության և բառապաշարի պատճառով») կապում, մտերմացնում են գրքի հետ։ Գնալով բանաստեղծության ետևից` մոլագար սիրահարի պես հավաքում, ամբարում ես քո մեջ կորցրածդ ու գտածդ, ինքդ քեզ։ «Չօգտագործել ընձեռված հնարավորությունը, բաց թողնել, բաց թողնվել, սպրդել, պլստալ… Սա է պոեզիան, - անկեղծանում է Արփին։ - Պոեզիան կորցնող մարդու շահույթն է։ Ես ուրախ եմ, որ պոեզիան այլևս գրողական պրեստիժ չի ապահովում։ Որ մատնված է ինքն իրեն։ Որ այն կարող են մոռանալ սրճարանում, կորցնել և շպրտել։ Ես քայլում եմ փողոցով ու գտնում ուրիշների շպրտածն ու կորցրածը։ Իմը բոմժի ավար է` տարատեսակ և որևէ սկզբունքով չմիավորվող» (շապիկ)։ Այն, ինչ պետք չէ ուրիշներին, վախի, ատելության, ինքնաձաղկման զգացմունքերից սկսած, ինչն աշխատում են մոռանալ ամենօրյա վազքի, հոգսերի մեջ, խտացվում է Արփիի շնորհիվ։ «Անտերուդուսը» մեզ մեր սեփական, ծննդից առաջ անգամ արդեն հարազատ դեմքը ցույց տվող հայելին է։ Բավական է միայն մի փոքր անկեղծ լինենք ինքներս մեզ հետ։
    Կյանքի քաոսայնությունը, անհամակարգայնությունը, կենցաղի անհեթեթությունը իրենց կնիքն են դնում բանաստեղծությունների վրա ոչ միայն բովանդակային անբռնելի բազմաշերտության տեսանկյունից, այլև ստեղծագործությունները խմբավորելու առումով։ Շարքերը լոկ պայմանականորեն են առանձնացված։ Ունենք շարույթ, շարան, շարադասական, շարական, ոչ շարքային բանաստեղծություններ, շարակցական և «շարք» բառի այլ խաղարկումներով կազմված շարքեր։ Այս կապակցությամբ Արփի Ոսկանյանը գրքի շապիկի վրա գրում է. «Բանաստեղծական շարքերն առհասարակ աշխարհը ի մի բերելու, աշխարհի ամբողջական պատկերը տալու փորձ են, որ վկայում են բանաստեղծի տիեզերակարգված մտածողության մասին։ Ժամանակակից մարդու մտածողությունը քաոսային է ու ֆրանգմենտար։ Շարք բառի խաղարկմամբ բանաստեղծություններիս միավորումը կամ, ավելի ճիշտ, բաժանումը պայմանական շարքերի անչար պարոդիա է հին, բարի բանաստեղծության վրա, որ վկայում է միավորման անհնարինության և աշխարհի, կեցության ու գիտակցության անուղղելի տրոհվածության մասին»։
     Ժողովածուի տիրապետող տրամադրությունը մենակության, ավելորդության, օտար լինելու, օտարվածության զգացողություններն են ապահովում: Այստեղից էլ գրքի խորագիրը` «Անտերուդուս». օտար և ավելորդ սեփական մոլորակի վրա, սեփական երկրում ու քաղաքում և, որ ավելի սարսափելի է, սեփական մարմնում.
            Հիվանդ հոգիս հիվանդ մարմնիս մեջ
            ապրում է վարձով,
            ծերը ծերին հասցնելով, մի կերպ,
            անընդհատ վտարման սպառնալիքի տակ… (էջ 9)
    Օտարումը մի քանի մակարդակներով, աստիճաններով է կատարվում` օտարում այլևս կերպարանափոխված, օտարված հասարակությունից (կրկնակի օտարում), ֆիզիկական օտարում ինքն իրենից (երկատում, կողքից դիտելու հնարավորություն) և հոգեկան օտարում (ինքնաոչնչացում):
    Օտարման առաջին աստիճանը, ինչպես ասացի, կրկնակի օտարումն է հասարակությունից, հասարակության նախնական պատկերացումից, ինքն իրեն կատարյալ մենակության դատապարտելը.
            Հիմա ես չեմ վախենում կնճիռներից,
            անգին արժեքների ցուցակում չկամ.
            ես ինձ հանեցի ցուցափեղկից,
            ուր բզզում էի բարձր ու գունեղ`
            թունավոր բլոճի նման (էջ 7):
    Կաֆկայական ուտիճ, տվյալ դեպքում` բլոճ լինելը արդեն հարցականի տակ չէ: «Թունավոր բլոճ» արտահայտության մեջ ածականի առկայությունը շեշտը դնում է ոչ թե բլոճ լինելու կամ չլինելու վրա (դա արդեն փաստ է), այլ կոնկրետ հատկանիշի, որով այս բլոճը տարբերվում է մյուսից: Հասարակության մեջ յուրաքանչյուրը կերպարանափոխության, օտարման յուրօրինակ ճանապարհով հասել է ֆիզիկական փոփոխության որոշակի մակարդակի, որը նույնական է բոլորի համար: Օտարումը, որը տվյալ դեպքում վերադարձն է դեպի նախաձևը, նախասկիզբը, որ հեղինակի կողմից որակվում է որպես անհասանելի (այդպես է բանաստեղծությունը վերնագրված), կրկնակի, եռակի անգամ դժվարանում է:
    Օտարումը տեղի է ունենում նաև ֆիզիկական մակարդակում. քնարական հերոսուհին երկատվում է, բազմապատկվում` կարողանալով իրեն նայել ներսից, դրսից, կողքից.
            … իմ արտացոլանքը հայելում ինձ միշտ թվում է
            սովորականից տգեղացած (էջ 13):
    Ֆիզիկական օտարումը մարմնական կաղապարներից, սեփական մարմնի գծած սահմաններից ազատագրումն է: Ինքն իրենից ազատվելու, առանց իրեն, առանց դեմքի և հետևաբար առանց ճանաչելու և ճանաչվելու ապրելու հաճույքն է.
            … և հավաքում եմ ճամպրուկս
            առավոտ կանուխ ճանապարհ ընկնելու համար:
            Հարևանի կոյուղու խողովակը արտասվում է
            ժավելահոտ արձակող արցունքներով,
            իսկ ես հանգիստ եմ ու երջանիկ,
որ շուտով պիտի ապրեմ առանց ինձ (էջ 15):
    Ինքնահայումը տարբեր կողմերից, տարբեր դիրքերից հանգեցնում է ինքնության կորստի.
               … և ես այլևս չգիտեի, թե ես ով եմ,
               և չգիտեի` ով եմ ես,
               և չգիտեի` ով է տեսնում այս երազը,
               և չգիտեի` ում երազն եմ տեսնում: (էջ 25)
    Ինքն իրենից օտարվելու նախապայմանը գենետիկ հիշողության կորուստն է. մարդը` որպես ֆիզիկական միավոր, փորձում է հաղթահարել ժառանգականությունը, շրջանցել օղակներն իրար անքակտելիորեն կապող շղթայի ձգողությունը` դառնալով «անառակ օղակ». վաղ թե ուշ վերադառնալու է (հիշենք անառակ որդու վերադարձը): Օտարումը` գենետիկ հիշողության կորստի, մոռացման ճանապարհով, ինքնահաստատման փորձ է:
            նայում եմ վհուկների հեռացող երամի հետևից
            և ֆոտոխցիկով որսում նրանց
            այդ տարաշխարհիկ թռչուններին
            որ մոռացել են ճախրելը
            հավերի նման  (էջ 83)
    Օտարման երրորդ աստիճանը, այն է` հոգեկան օտարումը, ենթադրում է ինքնաոչնչացում` թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան տեսանկյունից: Եթե ֆիզիկական օտարումը ենթագիտակցական պրոցես է, և արտաքին ցանկացած ազդակ կարող է ֆիզիկական երկատման հանգեցնել, այս դեպքում օտարումն առավելապես գիտակցված է: Հերոսուհին գիտակցաբար է ոտնահարում ինքն իր համար ինտուիտիվ մակարդակում մշակած բարոյական օրենքները, սկզբունքները.
                 Ես վստահ էի, որ սեր չկա
                 ու չկա ընկերություն… (էջ 33)
ինքնապաշտպանության համար հորինված համոզմունքը հաստատելու համար հերոսուհին բաժակ է բարձրացնում հատկապես նրանց հետ, ովքեր տհաճ են իրեն: Այստեղ մի հետաքրքիր նյուանս կա. ինքնօտարումը, ինքնաոչնչացումը բերում է այլևս չգոյության մատնված ես-ի հաստատման: Բաժակ բարձրացնելով ում հետ պատահի` հերոսուհին հանգում է նախնական կարծիքին՝ սեր ու ընկերություն չկա: Շրջանը փակվում է: Սկսելով մի կետից, ֆիզիկապես ու հոգեպես հեռանալով այդ կետից` իրականում մոտենում է, նորից նույն տեղը վերադառնում. դարձը դեպի ինքն իրեն, նախաձևը, անհասանելին անխուսափելի է: Այսպիսով, օտարման երեք աստիճաններն էլ, հեռացնելով քեզ քեզանից, հնարավորություն են տալիս քեզ նորից գտնել:
    Շարժումը, ինչպես ասացի, պատկերվում է շրջանի` կլորի տեսքով: Հետաքրքրական է, որ ամբողջը, ամբողջականանալու գաղափարը Արփիի մոտ ասոցացվում է կլորի, շրջանագծի հետ.
                        Ահա և ողջը,
                        կլոր ամբողջը (էջ 32):
Կլորը դիտվում է որպես կատարելություն` իր ներփակությամբ, սահուն անցումներով, որպես գոյության միակ հնարավոր ձև, որպես շարունակելիության, շարունակվելու հավաստիք.
                       ձեռքս դնում եմ երկրագունդ փորիս.
                       ՆԱ բարևում է գլխի հարվածով (էջ 52):
    Արփիական շրջանը երկու փոխլրացնող հասկացություններ, երևույթներ է ենթադրում, ինչպես օրինակ հոգին և մարմինը: Առանց մեկի կամ մյուսի` կլորը չկա: Կիսատվածության զգացումը և հետևաբար ամբողջականանալու ցանկությունը բանաստեղծությունից բանաստեղծություն է անցնում: Երկու թիվը մոգական արժեք է ստանում Արփիի մոտ` հոգի և մարմին, գեղեցիկ և գռեհիկ (իրար հակասող, բայց փոխլրացնող, ամբողջականացնող հասկացություններ): Գերխնդիրը կլորի երկրորդ` պակասող, մասը գտնելն է.
                     դեռ կողքին ես գրկած քնած ես
                     իսկ նա հուդայաբար կասկածում է
                    ճգնում գաղտնալսել մտքերդ
դու նա՞ ես թե ուրիշին սպասի (էջ 78)
    Կլորը երկու հավասար կիսագնդերից է բաղկացած, որոնցից յուրաքանչյուրը իր կենտրոնն ունի: Կլորը, այսպիսով, երկու կենտրոն ունի, որ իրականում նույնանում են. երկուսն են, բայց, ըստ ամենայնի, մեկն են.
                   … ես մոտեցա, որ գրկեմ, կրծքիս սեղմեմ
                  այդ խելոք, համովիկ, սիրելի մսագունդը,
                  որին էլ երբեք չէի տեսնելու
                  և երբեք չէի դադարելու սիրել…
                                    . . . . . .
                  բայց երբ նա բարձրացրեց գլուխը
                  ու նայեց ինձ արցունքոտ աչքերով,
                  ես չիմացա ինչ ասել.
                  ես նա էի ութ տարեկանում… (էջ 25)
    Երկու մարմին, երկու գոյություն` մեկ սիրտ: Կլորի, շրջանի փիլիսոփայությունն է ընկած նաև սիրո հիմքում: «Արձակ գրելու համար միշտ էլ պահանջվում է սթափության որոշակի աստիճան, իսկ պոեզիա գրելու համար` հարբածության, արբեցման, էյֆորիայի վիճակ: Այլ կերպ ասած` սիրահարություն» (կազմի վրա): Պոեզիան ոչ այլ ինչ է, եթե ոչ սիրահարվածության, սիրո (չհասկանանք այս զգացումը սոսկ տղամարդու և կնոջ միջև) գրանցում, արձանագրում: Սիրահարվածը կլորի երկրորդ կենտրոնը փնտրում է իրենից դուրս` հավասարակշռությունը, ամբողջականությունը վերահաստատելու համար: Տարբեր են, երկուսն են կենտրոնները, սակայն մեկն են, միասնական են. սիրելով դիմացինին` մենք իրականում մեր կիսագնդի կենտրոնի երկվորյակին ենք փնտրում, մենք իրականում մեզ ենք սիրում: Ցանկացած սիրո հիմքում նարցիսականությունն է ընկած:
                       …և շարունակում էի նայել ինձ հայելում,
                       և դեմքս փակում էի ափերով
                       և փախչել էի ուզում
                       և անկարող էի (էջ 36):
    Չշփոթենք սա եսասիրության հետ: Պատանի Նարցիսը իր արտացոլանքը սիրեց ջրերում, սիրեց իբրև իրենից դուրս, իրենից անկախ գոյություն` ինտուիտիվ զգալով միակ հարազատին.
                    Եվ էլի մի բան կա այդ դեմքին` անորսալի ու անմեկնելի,
                   ծանոթ, բայց մոռացված. նայում եմ ու չեմ հասկանում`
                   ինչու, ինչո՞ւ է իմ դեմքն ինձ այսքան հարազատ (էջ 54):
    Նարցիսականության ինքնատիպ դրսևորում է Ֆրեյդի կողմից բանաձևված էդիպյան բարդույթը` անթույլատրելի, պախարակելի ֆիզիկական և հոգեկան հակումը սեփական մոր հանդեպ. սիրել սեփական սկիզբդ` մորդ, սիրել ինքդ քեզ` իբրև քեզնից դուրս, քեզնից անկախ գոյություն: Արփի Ոսկանյանը նարցիսականության այս որակն էլ է բերում «ես նման եմ քո մայրիկին» (էջ 19), «արգելված մայրդ հորդ ծոցին» (էջ 55) և այլ տողերով:
    Արձակի և պոեզիայի միջև մշտապես դեգերող Արփին գրական նոր որակ է ստեղծում` այս երկուսը միախառնելով: Պատկերի հագեցվածությունը, տողի ռիթմը, բառի` ճիշտ տեղում լինելու կարևորությունը և այլն պոետ Արփին կիրառում է արձակում: Ի հակադրություն սրան` պոեզիա է բերում որոշակի սյուժետայնություն, պատմողական ռիթմ: Այսպես, «Սեր և արժանապատվություն» բանաստեղծությունը առավելապես է մոտենում արձակին. կան կերպարներ, սյուժե, բախում և լուծում.
                     - Քո գրածներից թվում է, թե մերժված ես, լքված, -
                     ասում է մայրս ու նայում հանդիմանալից:
                     Այդ խորաթափանց հայացքը
                    վերադարձնում է ինձ մանկություն,
                    երբ սիրում էի մի տղայի և
                   նրա անունը գրում շենքերի պատերին,
                   մայթերին, զուգարանում ու մարմնիս վրա,
                    զանգում-լռում էի, նամակներ էի ուղարկում
                   և փախչում փողոցում հանդիպելիս… (էջ 41)
    Թերևս արձակի անմիջական ազդեցությունն է նաև բոլոր բանաստեղծությունների վերնագրված լինելը: Վերնագրերը հաճախ առաջին հայացքից կարող են ոչ մի կապ չունենալ ստեղծագործության հետ, սակայն հենց այդ անջրպետի շնորհիվ էլ ընդլայնում են տեքստի ընդգրկումը, տեսողական, զգացական բևեռայնություն առաջացնում: Արվեստը վեր է ածվում խաղի` ինքն իր մեջ, և խաղի ընթերցողի հետ. բացիր, գուշակիր ինձ, եթե կարող ես:
    Ավանդական, այլևս հնացած պատկերացումների համաձայն` սոսկ արձակին են բնորոշ ժամանակի և տարածության հասկացությունները: Սակայն ժամանակն ու տարածությունը, արձակում դառնալով անբռնելի, այդ անբռնելիությամբ, որպես ապրիորի պատկերացումներ, տեղ են գտնում նաև բանաստեղծության մեջ: Պոետը ստեղծում է իր` մյուսներից տարբերվող ժամանակատարածական տիրույթը, որն ունի իր չափումները` ֆիզիկապես բռնելի, շոշափելի.
                             Սպասում եմ` աճեն կրծած եղունգներս,
                             սեղմած պզուկների հետքերը անցնեն,
                             ծխահարված մաշկս թարմանա,
                            նիհարեմ 5 կգ,
                            ու` նոր (էջ 13):
    Բանաստեղծության ընդգրկած տարածությունը սահմաններ չի ճանաչում: Այն կա՛մ մարդկային մարմինն է` իր երկու ձեռքերով, երկու ոտքերով, գլխով (անսահմանորեն հսկայական մի տարածք), կա՛մ, որ նույնն է, ամբողջ աշխարհը, տիեզերքը.
                        … աշխարհում ուրիշ երկրներ կան`
                       հեռու մեր սահմաններից,
                      մեր հարևանների սահմաններից,
                     մեր հարևանների հարևանների… (էջ 59)
    Հաճախ արձակին բնորոշ հնարքներով մի առարկայի միջոցով Արփին շեշտում է մյուսը` տարածական ընդգրկումը նեղացնելով կամ լայնացնելով: Բանաստեղծության իրացման պայմանական տարածքը դառնում է երկու առարկաների միջև ընկած հեռավորությունը.
                      Խոր գիշեր էր, որ տարար ինձ քեզ հյուր,
                     պարզվեց` ապրում ես մի փոքրիկ սենյակում,
                     որ համեստ, անպաճույճ էր ու թշվառ
                     և հիվանդասենյակ էր հիշեցնում…
                              . . . . .
                     …սենյակի փոքրության պատճառով
                    անկողինը դուրս չէր գալիս տեսադաշտիցս… (էջ 20)
    Ընդգրկվող տարածության այս պայմանական հստակությունը երբեմն տեղի է տալիս: Առարկաների, երևույթների, իրողությունների ընդգրկած տարածությունները ներթափանցվում են իրար մեջ:  Ֆիզիկական սահմանների խախտումը բերում է հոգեկան տարածքների միահյուսման: Սա առավելապես երազը և իրականությունը` չգիտակցված երազը, մի հարթության վրա ներկայացնող բանաստեղծություններում է կատարվում. իմ երազը պարտադրվում է նրան, ում տեսնում եմ ես երազում.
                                  …իսկ դու նայում էիր ինձ
                                 ու քեզ թվում էր` այդ ամենը վաղուց
                                տեսել ես երազում (էջ 21):
    Որքան էլ Արփին շարքերը պայմանականորեն է բաժանել, այնուամենայնիվ բովանդակային ընդհանուր գծով, թեմատիկ միասնությամբ են աչքի ընկնում «Շարական» և «Շարային տողեր շարքային Հ-ին» պայմանական շարքերը: Վերջինը մյուս ստեղծագործություններից առանձնանում է օրագրային իր անկեղծությամբ: Ձևային, բովանդակային, պատկերային առումով նեղանում է: Բանաստեղծությունները կարճ են, մի դիպվածի, պատկերի վրա հիմնված: Կարծես օրագրային գրառումներ լինեն` այդ պահը, ակնթարթը, կայծակի պես անցած միտքը ֆիքսելու, չմոռանալու համար: Բանաստեղծական տեքստի կարճության, հակիրճության պատճառով ասելիքի մեծ մասն ընկնում է վերնագրի վրա` «Սենց է՞լ սեր», «Մենակ բայց չլքված», «Անփուշ վարդ», «Պերմանենտ գույքագրում»… Ասածս պարզ դարձնելու համար մեջբերեմ «Գրավում են» բանաստեղծությունը.
                           գնալուցդ հետո մի մեծ միջատ հայտնվեց
                           էնքան սարսափազդու
                           որ սիրտ չարեցի սպանեմ
 
                           իսկ դու ըտեղ ինձ
                          երևակայական թշնամուց ես պաշտպանում (էջ 75)
    Աստվածաշնչյան մոտիվները մանանեխի չափ անգամ հավատ չունեցող մարդկանց  կերպարների, հուդայական դավաճան էության շարունակական հոլովման միջոցով սպրդում են ամբողջ գրքում, սակայն խտանում, ամբողջականանում են հատկապես «Շարական» պայմանականորեն առանձնացված շարքում: Արփին շեշտը դնում է մարդ-Աստված նմանության, ֆիզիկական նմանության վրա: Աստված արարեց մարդուն իր կերպարանքով, ու գարշեց Աստված «հանց Ֆրանկեյնշտեյն»` տեսնելով իր չարչարանքների արդյունքը:  Փորձեց ոչնչացնել իր ստեղծածը, բայց նրանք շատ էին, նրանք ամենուր էին, իսկ Աստված մեկն էր: Նրանք իրենց յուրաքանչյուր քայլը կնքում, հաստատում են աղոթքով` խճողելով մարդկանց ձեռքն այլևս կրակն ընկած Արարչին, հավատացնելով և՛ իրենք իրենց, և՛ Նրան, թե «Ձայն բազմության` ձայն Աստծո»:
    Աստվածաշնչյան աշխարհըմբռնման տեսանկյունից հետաքրքիր է ջրի սիմվոլիկայի իրացումը (ջրերի վրայով քայլելը, տարերքը հավատի ուժով իրեն ենթարկելը).
                                   թոթափած կասկած ու հույս
                                   ընդմիշտ զիջած իր տեղը քո կողքին
                                   դին ալիքներին հանձնած
                                   լողում է
 
                                   էլի հրաշք չեղավ
 
                                  ապագայում գոնե կիմանա
                                  էս անգամ էլ հավատը չհերիքեց (էջ 78)
    Ջուրն ընդհանրապես բազմաֆունկցիոնալ, բազմաշերտ է Արփիի պոեզիայում: Այն դիտվում է իբրև տարերք` անբռնելի, անզսպելի, մաքրագործող: Ջուրը նաև այլագոյություն է` իրենից դուրս և միևնույն ժամանակ իրեն լրացնող.
                                մազերս կիևյան կամրջից կախել
                                նայում եմ ոնց է խառնվում գետին
                                ինձնից գահավիժող մազվեժը (էջ 79)
    Ինչևէ, անսովոր, ինքնատիպ ու շատ գնահատելի է Արփի Ոսկանյանի «Անտերուդուս»-ի հայտնվելը մեր իրականության մեջ: Առօրեականի և վերիրականի, սովորականի և մոգականի միայն Արփիին բնորոշ չափաբաժիններով լցոնված բանաստեղծությունները համային առումով դեռ անծանոթ, օտար են հայ ընթերցողի քիմքին: Անծանոթ, բայց էկզոտիկ, ձգող: Կիսահեգնական ինտոնացիան, որով Արփին ժխտում է հինը թե՛ ձևական, թե՛ բովանդակային տեսանկյունից, մտերմիկ զրույց, անչար բամբասանք է խոստանում նրա` ամենասիրելիի, ամենահարազատի մասին, որ ոչ այլ ոք է, քան ընթերցողն ինքը կամ հենց ինքը` Արփին:
                                                                                                                            Ռուզաննա Ոսկանյան
 
Արտատպված է «Մշակութային» կայքից, աղբյուրը՝ http://www.cultural.am

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր