26.04.2014

Արվեստը, ոնց որ երեխան, փոխում է աշխարհը

Անկախության առաջին տարիները գրականության ու արվեստի մեջ թարմացման, նորի փնտրտուքի, բանավեճերի ու աշխուժության տարիներ էին։ Այդ տարիներին կերպարվեստում ի հայտ եկավ մի սերունդ, որը խզելով կապերը խորհրդահայ կերպարվեստի ավանդույթների հետ՝ փորձում էր հայկական կերպարվեստը եւ Հայաստանը դարձնել աշխարհի մաս։ Նկարիչների միությունն այդպես էլ չընդունեց նրանց արվեստը՝ պիտակելով այն որպես «պոռնոգրաֆիա», եւ նկարիչները ստիպված էին ցուցադրությունների ու հավաքների համար այլ վայրեր փնտրել։ Այդպիսի վայր մի որոշ շրջան եղավ ՆՓԱԿ-ը, ապա` «Հայարտը»,  բայց դանդաղ ու հետեւողական կերպով նկարիչներից խլվեցին նրանց տարածքները, ինչպես ժողովրդից՝ երկիրը։ Այսօր այլընտրանքային մտքի համար մնացել են փոքրիկ, «միտեղանոց» կղզյակներ։ Արտիստական միջավայրի եւ դրա բացակայության մասին փորձեցի զրուցել նկարիչ Մհեր Ազատյանի հետ։  



- Չե՞ս կարծում, որ արվեստով հետաքրքրվողների շրջանակը իննսունականներին ավելի մեծ էր։ Նկարիչներն ավելի ակտիվ էին, իրադարձություն էին ոչ միայն ցուցահանդեսները, այլեւ քննարկումները։ Հիմա մի տեսակ դատարկություն է։ Միգուցե դա ի՞մ տպավորությունն է։ Ի՞նչ վիճակում է այսօր հայկական կոնցեպտուալիզմը։
- Դժվար է ասել ինչ վիճակում է։ Սաղմնային երեւի։ Մի հատ նոր, ուրիշ շրջան ա գալիս, որ ավելի ռեպրեզենտատիվ բնույթ ունի։ Ինձ դուր ա գալիս, երբ քիչ բան կա ցուցադրելու, քիչ բան կա տպելու։ Լավ ա, որ ավելի շատ մտածում ես՝ արժե՞ տպեմ, արժե՞ ցուցադրեմ։ Անընդհատ մաղում ես։ Մի հարյուր բան գրում ես, մի քանիսն ես թողնում։ Հետո մտածում ես՝ էս մի քանիսն էլ պետք չեն։
 - Շատ չի՞ դատարկությունը։
- Լավ ա, որ դատարկությունը շատ ա։ Դատարկության մեջ իմաստ կա։ Մի մարդու կսպասես, էդ ամենամեծ իմաստն ա։ Հարուստ երկրներ կան, ցուցահանդեսներ են անում, գալերիներ կան,  բայց դու էդ երկրից եկար, չէ՞։ Եկար մի տեղ, որտեղ հազարից մեկ մի բան կատարվում ա։ Ու գիտեիր, չէ՞, ուր ես գալիս։ Իսկականը դա ա։  Գալերիներ, փողեր, փառքեր... Արվեստի տարածությունը ուրիշ տեղ ա՝ տխուր, անտեր, դեն ընկած տարածություն ա, որտեղ ոչ մարդ կա, որ հետը  խոսես, ոչ մարդ կա, որ արածդ ցույց տաս։ Էդքան շատ բառեր չկան։ Ցույց տալու բան էլ քիչ կա։ Աղքատ մարդը ի՞նչ կարա քեզ ցույց տա՝ ոչ մի բան։ Ի՞նչ ունի ինքը, որ քեզ ցույց տա։ Թանկ շորեր չունի, բրիլիանտներ չունի, ի՞նչ պիտի քեզ ցույց տա։ Դա ա արվեստի տարածությունը։ Հմայիչ տարածություն չի, բայց քո ընտրածը դա ա։ Դատարկությունը քո տունն ա։  
- Մարդուն, որ արվեստագետ չի, ինչի՞ պիտի հետաքրքրի էդ դատարկ, դեն ընկած տարածությունը։
 - Որովհետեւ էդ մարդն էլ ա էդ տարածության մարդ։ Մենք աշխատում ենք, ինչ-որ շորեր ենք առնում, ուզում ենք լավ ապրել, բայց էն տարածությունը, որ ընտրում ենք, աղքատի տարածություն ա։ Էդ տարածության մեջ մենք մեզ գտնում ենք։ Ուրիշ տեղ կորչում ենք՝ մեքենաների մեջ, խանութների մեջ, ուրիշ մարդկանց մեջ։ Մեզ թվում ա՝ կյանքը առաջ ա գնում, մենք ինչ-որ բաներ ենք ունենում, բայց հետո հասկանում ենք, որ էդ ամենը մեզ պետք չի, որ մենք մեզ լավ զգանք։
 - Իննսունականների քո գործերը էպատաժային էին, առավել հասարակությանն ուղղված, քան քեզ։
- Ավանգարդիստական։  
- Որ հետ ես նայում, ո՞նց ես գնահատում անցած ճանապարհդ։
- Չեմ ուզում հին գործերիս նայեմ՝ ոնց որ շատ հին գործեր լինեն, փտած, փոշին վրեն նստած։ Ուզում ես մի ուրիշ բան անես։ Տասը տարի ա արդեն, որ ոնց որ թե ուզում եմ գտնել ինձ։  
- Ո՞նց կբնութագրես էն, ինչ հիմա ես անում։
 - Հիմա հարց եմ տալիս ինձ՝ սա արվե՞ստ ա, թե՞ չէ։ Ես նկարի՞չ եմ, թե՞ չէ։ Էս, ինչ որ անում եմ, մի բանի պե՞տք ա, թե՞ չէ։ Էն ժամանակ նման հարցեր չէին ծագում։ Ուղիղ ճանապարհ էր։ Կյանքդ մի բան էր, արվեստդ՝ մի բան։ Իսկ հիմա կյանքդ արվեստն ա։ Մի բան եղավ քեզ հետ, արվեստի հետ եղավ (ծիծաղում է)։ Մարդը մենակ ա,  տխուր ա, լացում ա՝ հիմա ինձ դա ա հետաքրքիր։ Էն, ինչ որ մարդկային ա։  
- Գիտեմ, որ սկսել ես բանաստեղծություններ գրել։ Ինչի՞ փոխեցիր ցուցասրահի տարածությունը գրքի տարածությամբ։
- Բան կա, որ խոսքի միջոցով ես կարողանում փոխանցել մարդկանց։ Պատկերն ավելի բարդ ա։ Տեքստը՝ ավելի անմիջական։ Ինչ-որ բան պիտի ասես, խոսես, գրում-կպցնում ես։ Գիրը կարեւոր չի, սիրուն բառերը կարեւոր չեն, կարեւորը զգացողությունն ա, որ փոխանցվում ա քեզ։ Դա ա հետք թողնում, եթե թողնում ա։ Ինչ-որ մի տարօրինակ բան ա հայտնվում լավ տեքստերից հետո, լավ նկարներից հետո։ Հետքերը, փոքր հետքեր, որ դու զգում ես՝ արվեստի քամի ա անցել։  
- Կարո՞ղ ենք ասել, որ արվեստը մեդիտացիայի պես մի բան է։ Եվ արդյոք այդպիսով չե՞նք զրկում նրան հասարակությունը վերափոխելու լիազորությունից։
- Արվեստը ճանապարհ ա՝ ինչ-որ բան հասկանալու կյանքում։ Եթե արվեստի էդ փոքր արահետը չլիներ, ես շատ բան չէի հասկանա։ Ես արվեստի էդ փոքր արահետով եմ հասկանում էն ամենը, ինչ տեղի ա ունենում։ Չեմ ասում՝ միակ ճանապարհն ա, էլի ճանապարհներ կան։ Ես էդ եմ ընտրել։  
- Կարո՞ղ է արվեստը փոխել հասարակությունը, միջավայրը, որում ապրում ենք, եթե մեր կյանքից դուրս է մղվել։ - Արվեստը փոխում ա, ոնց որ երեխան։ Նրանք փոխում են աշխարհը, որովհետեւ իրենց մեջ ապագան ա, մեր մեջ՝ անցյալը։  Արվեստը ապագան ա։ Երբ որ մեխը խփում ես, նկարը կախում ես պատին, տարածությունը փոխվում ա։ Մեր արվեստը կփոխվի, միջավայրն էլ կփոխվի։ Բայց չես ուզում ջանք թափես, ասում ես՝ դե լավ, արել եմ, տանեմ-կախեմ։ Ասում ենք՝ էս էլ ա լավ։ Թուլանում ենք, դառնում ենք իներտ։ Ես էլ եմ տենց, ավելի շատ ձանձրանում եմ, քան թե մեջս մի բան կայծ ա տալիս։ Լավ չի էդ վիճակը։ Դա դառնում ա սովորություն։
 - Միգուցե միջավայրի՞ց է եւ դատարկությունից, որի մեջ բառերդ անիմաստ են հնչում, լսող չկա, ու ոչ մեկի պետք չի արածդ...
- Էդ ցուցահանդեսները բեմ են, էդտեղ մարդիկ չեն կիսվում, եկան, շնորհավորեցին իրար ու վերջ։ Բեմը կեղծ ա։ Ցանկացած բեմ կեղծ ա։ Նկարները կախելն էլ բեմ ա։ Էս էլ կտպես, բեմ ա։ Ուրեմն սուտ ա։ Շատ նկարիչներ ուզում են ցուցադրվեն, ես էլ եմ էդ շատերի մեջ մտնում... Քիչ մարդ կա, որ հաժարվում ա դրանից։ Նկարիչների մեծ մասը ուզում ա, որ իր նկարները ցուցադրվեն, վաճառվեն։ Բայց քչի մեջ ա արվեստը, շատի մեջ չի։
 - Ճանաչումը կամ փառքը, ուրեմն, սպանում են արվեստը։
 - Հա, սպանում են։ Փոխում են քո կյանքը։ Կյանքդ փոխվում ա, արվեստդ ա փոխվում։ Դառնում ես պետքական մարդ, կարեւոր մարդ։ Պիտի ամաչես քո տուն տանես մարդուն։ Դա ա արվեստը։ Քո տարածությունը աղքատի տարածությունն ա։ Չես կարող հյուրասիրել։ Հիմա պատկերացրու հարստացավ, անուն-բան, փոխվեց տարածությունը։ Նկարներն էլ կփոխվեն։ Նկարը դիրքը փոխի, արդեն փոխվեց։ Կարեւոր ա, թե որտեղ ես կախում էդ նկարը։ Տանես լուսավոր, շքեղ տեղ, «պռաժեկտորների» տակ կախես,  թե տանես մի քոսոտ անկյունում կախես։ Բերդում, հիվանդանոցում արա արվեստը, դա ա արվեստի տարածությունը՝ թանգարանները չեն, սալոնները չեն, պատկերասրահները չեն։ Եթե էդ մարդկանց համար չես անում, ո՞ւմ համար ես անում։ Հիվանդի համար են արվեստն անում։ Դու էլ հիվանդ մարդ ես։ Արա արվեստ քո նմանի համար։ Ինչի՞ ես անում առողջ մարդու համար, որ եկել ա ժամանակ անցկացնի։  
- Բանտից ու հիվանդանոցից զատ կա՞ ուրիշ «աղքատի տարածություն», որտեղ կարող ես «նկար կախել», որտեղ քո ստեղծածը չի փոխի իր իմաստը։ Ես տպավորություն ունեմ, որ էսօր Հայաստանում նման տեղ չկա։
 - Հիմա որ անջատես դիկտաֆոնը, մենք իրար հետ խոսենք, այ, էդ տարածության մեջ ա արվեստը։ Երկու մարդ իրար հետ կիսվում են՝ էդ տարածության մեջ ա։
 - Առաջ նկարիչները հավաքվում էին, քննարկումներ էին անում, ինչո՞ւ են հիմա այդ քննարկումները հազվադեպ։
- Ես կուզեի, որ հավաքվենք, խոսենք։ Ոչ նրա համար, որ ցուցահանդես լինի կամ գիրք տպվի։ Չէ, ուղղակի հանդիպենք, շփվենք։ Որովհետեւ մենակ էդ ժամանակ ա արվեստը մի տեղից գնում մի ուրիշ տեղ։ Ես կուզեի հավաքվենք, բայց դա չի լինում, երեւի խանգարող հանգամանքներ կան՝ մի քիչ անվստահություն, մի տեսակ չենք գտնում իրար մոտենալու եզրերը։ Ոնց որ մտնես մասնավոր տարածություն։ Մեկ էլ տեսար կասի՝ ինչի՞ մտար, սա իմ սեփականությունն ա։
- Ինչի՞ են մարդիկ մեկուսանում, ո՞րն է պատճառը։
- Առեւտուրը։ Առեւտրի մեջ հո չե՞ս կիսվի։ Ամեն ինչ ապրանք ա՝ գիրքը, նկարը։ Ապրանքը խանգարում ա։ Երբ որ մարդը ապրանք ա ստեղծում, մտածում ա՝ ոնց վաճառի դա, սկսում ա գովազդել եւ այլն։  
- Բայց իննսունականներին այդպես չէր...
- Երեւի իննսունականների սկզբին՝ «ցուրտումութ» տարիներին։ Առեւտուր չկար։ Մոմի լույսի տակ հավաքվում էին մեկի տանը։
- Այսինքն ինչքան կյանքը լավանա, էնքան մենք հեռանալու ե՞նք իրարից։
- Հա, էնքան հեռանալու ենք։ Սերը քչանալու ա։ Զարմանալու ես, որ մեկը ուզում ա քեզ տեսնի, հանդիպի, խոսի հետդ։ Ժամանակ չկա՝ պիտի ասես, գործերի մեջ եմ։ Հետո հարցնես՝ ինչի՞ ես ուզում հանդիպես։ Կոնկրետ։ Որ ամենազզվելին ա։ Մարդն ուղղակի ուզում ա հանդիպի։ Ինչ ա, ափսո՞ս ա։ Քո կարիքն ունի, ուզում ա հանդիպի։ Ոչ մի գործ էլ չունի։
 - Ստացվում է, որ գնալով ավելի ու ավելի ենք կորցնում...
 - Մենք պետք ա չվախենանք կորստից, պատրաստ լինենք կորցնել։ Ավելի թանկ բան դրանից չկա։ Որովհետեւ արվեստը կորցնելն ա։ Ես նկարիչ եմ, որովհետեւ ինչ-որ բան եմ կորցրել՝ իմ ներսում, իմ կյանքում։ Ամենաթանկ բանը կորուստն ա։

22.09.2010

Աղբյուրը՝ Հրապարակ

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր