Պատկերացրեք՝ Աստվածը… Համաձայն եմ՝ ը հոդով անսովոր է հնչում, բայց ը -ն անհարաժեշտ է Աստծո վերացական ու անմարմին
էությունից որոշակի, միս ու արյուն ունեցող կերպար ստանալու համար։ Ուրեմն, պատկերացրեք՝
Աստվածը, վերևում նստած, անդադար ցած է նայում՝ իր ստեղծած մարդկանց, նրանց կառուցած
քաղաքներին ու գյուղերին, խորանում նրանց անձնական կյանքի դժվարությունների մեջ, լսում
նրանց աղոթքներն ու ցանկությունները… Ստացվում է, որ Աստվածը գիշեր-ցերեկ զբաղված է
սերիալ նայելով՝ էլ կրիմինալ, էլ դեդեկտիվ, էլ բանակային,էլ քաղաքական, էլ կենցաղային, էլ ինչ թեմայով ասես։ Ու ի տարբերություն
տնային տնտեսուհիների և նրանց համար մշտապես բանուգործ ապահովող գործազուրկ ամուսինների,
որոնք իրենց կյանքի ընթացքում կարող են նայել միայն սահմանափակ թվով սերիալներ, հարգարժան
Աստծո համար նման սահմանափակում չկա։ Նա սերիալ է նայում իր արարչագործության սկզբից
և նայելու է միչև օրերի ավարտը, իմա՝ աշխարհի վերջը։ Կարելի է պատկերացնել Աստծո ձանձրույթը,
չէ՞ որ մարդիկ շատ են, իսկ պատմությունները՝ քիչ, սակայն մյուս կողմից՝ հեռուստասերիալներն
էլ են նման մեկը մյուսին, այստեղ էլ են կրկնվում սյուժեները, ֆաբուլաները, բախումները…
Բայց տնային տնտեսուհիներն ու նրանց գործազուրկ ամուսինները հերթով նայում են բոլորը,
իսկ ոմանք անգամ կրկնություններն են դիտում։ Այդպիսի բան է սերիալը, մեկումեջ որ նայում
ես, պիտի նայես։
Աստծո գործը տանելի ու գուցե նույնիսկ հաճելի էր այն երանելի
ժամանակներում, երբ երկրի վրա ապրում էին սակավաթիվ մարդիկ, բայց մարդկանց թվաքանակի
ահագնացող աճի հետ Աստվածն այլևս անկարող էր անձամբ հետևել իր արարածների կյանքի մանրամասներին,
հիմա նա ստիպված էր կաբինետ ձևավորել ու հա ընդլայնել այն՝ նորանոր աշխատատեղեր բացելով հրեշտակների, սերովբեների
ու քերովբեների համար, որոնք նույնպես լծվեցին սերիալ նայելու գործին։ Փառք Աստծո, գիտության ու տեխնիկայի նվաճումները
հասան նաև Աստծուն, և նա ու իր աշխատակազմի անդամները ազատվեցին սերիալները վերևից՝
լսողությունն ու տեսողությունը լարելով դիտելու անհարմարությունից։ Հեռադիտակին փոխարինելու
եկան անգվտանգության համակարգերի մոնիտորները, որոնց առջև նստած հրեշտակները, քերովբեները,
սերովբեները և աձամբ Աստվածը սերիալ են նայում՝ նախապես ձայնագրող ու տեսանկարահանող
սարքեր տեղադրած լինելով յոթ միլիարդ ու մի քանի միլիոն մարդու բնակարանում, հասարակական
վայրերում, փողոցներում, այգիներում, պուրակներում, հրապարակներում… Համաձայնեք՝ սերիալների սիրահար տնային տնտեսուհիներն
ու նրանց գործազուրկ ամուսինները կնախանձեին
միաժամանակ մի քանի տասնյակ սերիալ դիտելու այդ հնարավորությանը։
Սակայն գիտական առաջընթացը կանգ չի առնում և չի բավարարվում ձերք բերած նվաճումներով։ Աստվածը մի օր զգաց,
որ ահավոր հոգնել է սերիալներից։ Այնպես չի, թե նախկինում չէր ձանձրանում սերիալ նայելիս,
գուցե հենց միայն ձանձրանալու համար էր նայում, բայց սա այդ ձանձրույթը չէր։ Սերիալներն
ակնհայտորեն որակազրկվել էին, դրանցում շատ քիչ բան էր տեղի ունենում, էքշընը, շարժումը,
խոսքը, քչացել էին։ Մոնիտորներն անդադար ցույց էին տալիս համակարգչային մոնիտորների
մոտ անշարժ նստած և ամբողջ էությամբ մոնիտորների
մեջ խորասուզված, կապտավուն լույսով լուսավորված դեմքեր։ Սկզբում այդ ստատիկ կադրը
շատ հաճախակի չէր հանդիպում, և Աստվածը ու նրա օգնականները պարզապես թարթում էին ալիքը,
ինչպես մենք ենք անում գովազդի ժամանակ, բայց հետո այդ կադրն այնքան հաճախակիացավ,
որ պարզապես անհետաքրքրացավ մարդկանց կյանքին հետևելը։ Բոլոր մոնիտորներն էին ցույց
տալիս նույն ստատիկ կադրը, ու երբ հերոսներից որևէ մեկը վեր էր կենում իր աթոռից ջուր
խմելու կամ զուգարան գնալու նպատակով, հրեշտակները, սերովբեներն ու քերովբեները աժխուժանում
էին՝ իրադարձություների ակնկալիքով։ Դրանից
անշուշտ տուժում էր աշխատանքը, ու Աստվածը քանի անգամ բռնացրել էր իր օգնականներին
մոնիտորների մոտ քնած։ Իրավիճակը դառնում էր անվերահսկելի, ու դա շատ տխրեցնում էր
Աստծուն։ Ճիշտ է՝ հսկելու բան առանձնապես չկար էլ, բայց այնուհանդերձ… «Ո՞ւր է գլորվում աշխարհը»,- մտածում էր ինքն իրեն
Աստվածը, և հենց այդ մտորումններն էլ ընդհատեց հանկարծակի հայտնված Գաբրիել հրեշտակապետը։ Նա եկել էր նոթբուքը թևի տակ դրած և համոզում էր
Աստծուն, որ անիմաստ է մոնիտորներով մարդկանց հետևելը. «Հիմի սկի իրանք չեն սերիալ
նայում, սաղ տեղափոխվել են Ֆեյսբուք, կյանքն այնտեղ եռում ա»։
Գաբրիել հրեշտակապետը Ֆեյսբուքում հաշիվ բացեց Աստծո համար
ՏԵՐ ԱՍՏՎԱԾ անուն-ազգանունով, սովորեցրեց ընկերության առաջարկ ուղարկելն ու ընդունելը,
այլոց կարգավիճակներին հետևելը, մեկնաբանություններ գրելը, ֆեյքերին իրական մարդկանցից
տարբերելը։ Այդ օրվանից Աստծո կյանքում ավարտվեց սերիալի դարաշրջանը և սկսվեց Ֆեյսբուքինը։
Ոչ ոքի մտքով չէր անցնում, որ այդ օգտատերը ինքը Աստվածն
է, ու դա Աստծուն անսահմանափակ հնարավորություններ էր տալիս անարգել բացահայտելու մարդկանց հոգում եղած մաղձը,
շահամոլությունը, անազնվությունը,... Դա շատ
դժվար է անել եկեղեցում, ուր մարդիկ գալիս են խնդրանքներով ու բարիացած, մինչդեռ հոգու
այդ հատկանիշների դերը դժվար է գերագնահատել
աստվածային ռեսուրսների խնայողության տեսանկյունից, քանի որ հենց դրանք են թույլ տալիս պատժամիջոցներ
կիրառել մարդկանց նկատմամբ և իրավացիորեն անտեսել
նրանց խնդրանքները։ Մարդկանց կյանքին հետևելու, նրանց ցանկություններն իմանալու և դրանց
կատարման հիմքերը ճիշտ գնահատելու համար Աստվածը ստիպված էր կարդալ ոչ միայն նրանց
գրած կարգավիճակները և գրառումները տարբեր խմբերում, այլև անձնական նամակագրությունը։
Այստեղ Աստծուն սպասում էր շատ մեծ ու խոր հիասթափություն. երեսպաշտությունը, կեղծիքը, քծնանքը, անազնվությունն այնքան շատ էին, որ աստվածային ռեսուրսները կարող էին բոլորովին անձեռնմխելի մնալ։
Եթե Ֆեյսբուք չմտներ, Աստվածը չէր իմանա, որ աշխարհի վերջ է սպասվում։ Չնայած այդ
վերջը աշխարհի երեսից մի քանի դար առաջ վերացած մայաներն էին կանխագուշակել, դրան նախապատրաստվում
էին աշխարհի բոլոր ժողովուրդները, որոնք դեռ շարունակում էին դաժան գոյապայքարը միմյանց
դեմ։ «Եթե աշխարհի վերջը լինի առաջիկա կիրակի, ի՞նչ կանեք մինչ այդ»,- հարցում ստացավ Աստվածը։ Անպատկառ ու լկտի պատասխանները, որ մարդիկ գրել էին, համոզեցին նրան, որ հասունացել է աշխարհի հերթական վերջի անհրաժեշտությունը։ Առաջին անգամ նա աշխարհին վերջ էր տվել ջրով, հիա էլ կսազեր, որ հրով վերջ տա, բայց հուրը նրան անարդյունավետ էր թվում, քանի որ վիրտուալ իրականության մեջ մարդիկ դադարել էին զգալ իրենց մարմինները։ Աստվածը վերցրեց և ջնջեց ֆեյսբուքի բոլոր հաշիվները՝ ավելի ճիշտ՝ գրեթե բոլոր։
Հայտնի է, որ դրախտը եղել է հայկական լեռնաշխարհում, և ջրհեղեղից հետո կյանքն էլի այստեղից է վերսկսվել։ Զարմանալի պատահականությամբ ֆեյսբուքի աղետը վերապրածներից երկուսը հայկական անուններ ունեին։ Մեկը, ինչպես պարզվեց գրառումներից, ընդդիմության ակտիվիստ էր, մյուսը՝ երիտասարդ հանրապետական նախարար։ Մեկ էգ և մեկ որձ՝ կյանքի շարունակականությունն ապահովելու համար, և Դոդազավր անունով մի ֆեյք՝ բազմազանութան համար։
«Բարգավաճեք և բազմացեք»,- գրեց Աստվածը նրանց պատերին։
2012
Комментариев нет:
Отправить комментарий
ասա, մեջդ մի պահիր