08.03.2016

Չարությունը դանդաղ թողնում է կոկորդս



Սըս... Չարությունը դանդաղ թողնում է կոկորդս։ Ինչ-որ մի ասեղ, մի քանի հաբ ու մի դյուժին բժիշկ փորձում են վերադարձնել ինձ կորուսյալ դրախտ կոչվածը։
Հարգարժան տիկնայք, հիմա դուք կարող եք գնալ ձեր սուրճը ըմպելու։ Ես այլևս վտանգավոր չեմ։ Ձեր ամուսիններն ինձ ամենևին չեն հուզում։ Հիմա ես գտնվում եմ լիակատար անհուզելիության վիճակում։ Թուլացել են անգամ լնդերիս մկանները։ Ատամներիս փտման պրոցեսը դանդաղել է այնքան, որ հաշվիչը նույնիսկ չի պտտվում։ Եվ, վստահեցնում եմ ձեզ, ոչ մի գրամ չարություն, ոչ մի գրամ... Թեպետ, ինքներդ եք հասկանում, ես վաստակել եմ չարանալու իրավունքը... Բայց այդ մասին սը՜ս... Ոչ մի գրամ չարություն։

Վերևից ամեն ինչ այլ է երևում՝ մի տեսակ մանր ու չնչին։ Նույնիսկ ձեր ահռելի ու փքուն հետույքները։ Նրանք այնպես են փոքրացել, որ չեմ կարողանում զսպել հռհռոցս։ Բայց դուք մի՛ վիրավորվեք, անչար հռհռոց է, պարզապես սուպրեմատիզմ... Երդվում եմ բոլոր սրբերով՝ անչար է։ Երկու տարվա երաշխիք եմ տալիս՝ մեջս չարություն չկա, ոչ մի գրամ... Կուզե՞ք՝ «հո» անեմ ձեր քթին։
Ախր հասկացե՛ք, չարությունը քիչ առաջ բաց թողեց կոկորդս ու գնաց, ես նրա հետ փակեցի բոլոր հաշիվներս։ Ու հիմա չարութուն չկա։ Չի՛ք։ 
Ներեցե՞ք... այդ դո՞ւք ասացիք... Դուք, որ  ամեն առավոտ խուժում եք սենյակս փայտոջիլների նման, իսկ գիշերը հարմարվում եք իմ ծոծրակին, ստինքիս, պորտիս, ազդրիս ու ագահրեն ծծում արյունս մինչև վերջին կաթիլը։ Հետո խնձորի ժամկետանց հյութ եք փսխում երակներիս մեջ... Կեսօրին սափրում եք գլուխս մսագործի դանակով։ Ու խափանում հարսանիքս հումանիտար օգնություն մուրացող ձեր հերթերով։ Իսկ երեկոյան ձեր կրքակարոտ թումբանները փռում եք արևիս վրա ու ձեր աժդահա քամակներով փակում հորիզոնս։ Ռադներդ քաշե՛ք իմ կյանքից... Ռադներդ քաշե՛ք ձեր թանկագին ամուսնյակներով, ձեր սփռոցներով ու դանակ-պատառաքաղներով, ձեր ջերմաչափներով ու ասեղներով... Ռադներդ քաշե՛ք։ Թողե՛ք ինձ... Թողե՛ք կոկորդս... Թողե՛ք...
Ինչ-որ մի ասեղ... Մի քանի հաբ... Մի դյուժին բժիշկ... Փորձում են սոսնձել կոտրված դրախտը։ Ա՜յ քեզ անհեթեթ բաղմունք... Սը՜ս...

1999 թիվ
ԾԻԿ գրքից

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր