11.05.2013

Անտոնիոնիի սիրած հայ նկարիչը


1976-ին իտալացի կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնին այցելել է Հայաստան, եւ հյուրընկալության ծրագրի շրջանակներում նրան տարել են նաեւ այդ օրերին Երեւանում բացված Վիլեն Գաբազյանի անհատական ցուցահանդեսին։ Անտոնիոնին շատ է հավանել նկարչի աշխատանքները, ինչի ապացույցը տպավորությունների գրքում թողած նրա գրությունն է. «Վիլենը հոյակապ նկարիչ է։ Հավատացեք, սա ասում է Անտոնիոնին, ով գիտի, թե ինչ է գեղանկարչությունը»։ Հարցազրույցներից մեկում Վիլենն այսպես է պատմում այդ հանդիպման մասին. «Մենք շփվում էինք թարգմանչի միջոցով, շուրջբոլորը անվտանգության աշխատակիցներն էին, բայց մենք իրար հասկանում էինք կես խոսքից»։ Նկարիչն իր հերթին նկար է նվիրել Անտոնիոնիին, եւ նրանց միջեւ այնպիսի բարեկամություն է հաստատվել, որ Հայաստանից մեկնելուց հետո էլ Անտոնիոնին նամակներ է գրել Գաբազյանին։


Վիլեն Գաբազյանը Մինասի աշակերտն է եւ Վարուժան Վարդանյանի սերնդակիցը։ Նրա ստեղծագործական կյանքի զգալի հատվածը համընկել է բրեժնեւյան լճացման տարիների հետ, երբ արվեստագետներից ու գրողներից ավելի մեծ համարձակություն, ինքնազոհաբերում եւ սկզբունքայնություն էր պահանջվում արվեստի ուղիով անշեղորեն քայլելու համար, քան Մինասի սերնդի նկարիչներից։ Ձնհալի տարիներին ստեղծագործած, վաթսունականների սերնդի նորարարական մղումը ոչ միայն արտոնված էր ԽՍՀՄ կառավարության կողմից, այլեւ խրախուսվում էր պետական մակարդակով։  Պետությունը ոչ միայն կազմակերպում էր նրանց ցուցահանդեսներն ու կատալոգներ տպագրում, այլեւ պրոպագանդում էր նրանց արվեստը եւ այն հայտնի դարձնում «լայն զանգվածներին»։ Հաջորդած սերնդի համար ավելի բարդ էր նկարիչ մնալը, քանի որ հետդարձի ճանապարհ այլեւս չկար։ Նրանց բաժին հասավ իսկական «դիմադրությունը», եւ նրանք ստիպված էին ստեղծագործել լուսանցքում։
Այդ է պատճառը, որ այսօր նրանցից շատերի անունները ոչինչ չեն ասում շարքային հայ մարդուն։ Իհարկե, եղան եւ նկարիչներ, ովքեր գնացին փոխզիջման ուղիով։ Վիլեն Գաբազյանը լուսանցքն ընտրեց ոչ միայն ստեղծագործության առումով, այլեւ բնակության վայրի։ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ավարտելուց հետո նա շատերի պես չմեկնեց միութենական մայրաքաղաք Մոսկվա, որտեղ բացվում էին կարիերայի համար լավ հեռանկարներ։ Եվ չմնաց անգամ Երեւանում, որտեղ տեղի էր ունենում դրամի, պաշտոնների ու փառքի դափնիների բաշխում։
Նա վերադարձավ իր ծննդավայր՝ Վանաձոր, եւ գավառական, արդյունաբերական այդ քաղաքում ստեղծեց արվեստի այնպիսի միջավայր, որը մինչ օրս էլ արվեստի ծիլեր է տալիս Երեւանին։ Թե ինչպես է Երեւանը չորացնում այդ ծիլերը՝ այլ խոսակցության թեմա է, իսկ մենք կշարունակենք խոսել Վիլեն Գաբազյանից՝ արվեստագետից, ում ներկայությունն իսկ փոխում էր այդ քաղաքի՝ գործարանային ծխով հագեցած մթնոլորտը։ Վիլենի արվեստանոցը արագ դարձավ Վանաձորի ստեղծագործական, մտավորական էլիտայի եւ արվեստասերների հավաքատեղի։
Շուտով Վիլենը ստիպված էր իր արվեստանոցը տեղափոխել եւ քաղաքի կենտրոնում գտնվող նախկին արվեստանոցը վերածել սրճարանի։ Ես տասնհինգ տարի առաջ եղել եմ այդ սրճարանում, որ կրում էր «Վիլոյի մոտ» անունը, եւ այստեղ էլ ծանոթացել եմ վանաձորցի այն արվեստագետներին, որոնց հետ արժեր ծանոթանալ։ Այդ օրերին սրճարանը Վանաձորի սիրտն էր, որի յուրաքանչյուր անկյունից զգացվում էր արվեստի շունչը։ Գաբազյանի հետ հանդիպումը ակնթարթային էր, բայց անմոռանալի՝ նկարչի տաղանդի ու հումորի շնորհիվ։
Վանաձորյան իր արվեստանոցում նստած՝ Վիլեն Գաբազյանը երազում էր Մշո դաշտ նկարել եւ գիտեր, որ երբեք չի նկարելու։ Քաղաքը, որտեղից բռնագաղթել էին իր պապերը, երբեք չէր տեսել եւ չէր էլ տեսնելու, բայց Մուշի կերպարը փոխանցվել էր իրեն գենետիկ հիշողությամբ։ Իր իսկ խոսքերով, Լոռվա բնությունը չափազանց շքեղ ու քաղցրավուն էր իր համար։ Նա խուսափում էր օգտագործել կանաչի երանգները, որոնցով ողողված է Լոռվա բնաշխարհը։ Կավահողի եւ կիսաանապատային բնության ժուժկալ գույներն էին գերիշխում նրա գեղանկարներում, որոնցում վերստեղծում էր իր պապերի կորցրած երկիրը՝ միահյուսելով ժամանակակիցների կենցաղն ու ժողովրդական բանահյուսությունը։
Արդեն ութ տարի է, ինչ Գաբազյանը չկա։ Մահից հետո նրա ընտանիքը տեղափոխվեց Երեւան, իսկ նկարչի աշխատանքները փակված են վանաձորյան բնակարանում։ Լոռվա մարզպետարանն ու Վանաձորի քաղաքապետարանը հորդորել էին հարազատներին չզբաղվել նկարչի մահարձանի ծախսերով՝ հայտարարելով, թե «Վիլոն բոլորինս է»։ Նախատեսված էր քաղաքապետարանի միջոցներով նաեւ հուշատախտակ տեղադրել այն շենքի պատին, որտեղ բնակվել ու ստեղծագործել էր նկարիչը։ Սակայն հուշատախտակը չտեղադրվեց, եւ մահարձանի ծախսերն էլ ստիպված եղավ հոգալ ընտանիքը։
Բայց ինչ է արել պետությունը Վիլեն Գաբազյանի համար նրա կենդանության օրոք, որ ինչ աներ մահից հետո։ Զարմանալի է, բայց փաստ. հիսնամյակի կապակցությամբ տպագրվել է նկարչի գրաֆիկական աշխատանքների մի բրոշյուր-կատալոգ՝ սեւ-սպիտակ տպագրությամբ։ Ընդամենը։ Սա այն դեպքում, երբ նկարիչը զուրկ չէր գնահատանքից ու ուշադրությունից։ Հակառակը պնդելու հիմք չկա, եւ հազիվ թե Անտոնիոնիի նման ականավոր հյուրին տանեին միջակ նկարչի ցուցահանդեսի։ Սա էլ Հայաստանի «արվեստասեր» իշխանավորի գործելաոճն է, որ անփոփոխ է՝ գնահատել, երբ գնահատականը կարող է իրենց գնահատել, եւ մատնել մոռացության, երբ գնահատվելու խնդիր այլեւս չկա։ Եվ սա է Հայաստանում ապրած ու ապրող այն արվեստագետների ճակատագիրը, ովքեր զուրկ են ճարպկությունից, չեն զբաղվում ինքնագովազդով եւ, Ստանիսլավսկու խոսքերով ասած, ոչ թե իրենց են սիրում արվեստի մեջ, այլ արվեստը՝ իրենց մեջ։ Այսինքն՝ իսկական արվեստագետների։

Հոդվածը արտատպված է «Հրապարակ» օրաթերթից, 2010 թվական

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր