03.12.2012

Մեկնարկում է «Մեղրամիս» բլոգասերիալի երրորդ եթերաշրջանը


«Մեղրամիս» բլոգասերիալի և ընդհանրապես «պոզիտիվ»-ի հարգելի երկրպագուներ, բազմաթիվ բլոգադիտողների խնդրանքով շուրջ մեկ տարվա դադարից հետո ես որոշեցի վերսկսել իմ ու Համբարձում Համբարձումյանի՝ Ավստրիա կատարած ուշագրավ ճամփորդության մոտիվներով սերիալի հեռարձակումը։ Այն, ինչ կատարվեց մեզ հետ երկու տարի առաջ, նման է հրաշքի, և ոչ միայն այն պատճառով, որ մեզ բախտ վիճակվեց գրականության շնորհիվ այցելել Եվրոպա, այլև՝ որ դա մեզ հետ կատարվեց առանց որևէ ծանոթության, միջնորդության ու ջանքի, այլև՝ որ կատարվեց երկուսիս հետ միաժամանակ և մեր ամուսնական կյանքի արշալույսին։ Սակայն կյանքը միայն հրաշքներից չէ բաղկացած։ Կյանքը բաղկացած է նաև կենցաղային հոգսերից, հոգնածության զգացումից, իմաստների կորստից և բազմաթիվ խոչընդոտներից, որ ծլում են սիրո ճանապարհին և որոնք կարող են թյուրիմացության մեջ գցել, թե մեղրամիսն արդեն հետևում է։ Բայց վստահ եմ՝ ովքեր իրենց մեջ ուժ ունեն վերակենդանացնելու հիշողությունը հրաշքների մասին, կարող են հաղթահարել ցանկացած խոչընդոտ, և նրանց սպասվում են նորանոր հրաշքներ։ Ահա այս հոգեթերապևտիկ և կախարդա-հմայական նպատակով է հիմնականում, որ սկսում եմ հեռարձակումը։ 
Չեմ թաքցնի, այս պահին ես նստած եմ նեգատիվի մեջ, որքան էլ որ հայերեն չի հնչում այս արտահայտությունը, ու իմ «Մեղրամիս» բլոգասերիալի կարիքն ամենից շատ ունեմ հենց ինքս։ Ուրախ կլինեմ, եթե այն կարողանա դրական ապրումներ պարգևել որևէ մեկի՝ ինձնից բացի։ Կաշխատեմ նաև հակիրճ գրել, որովհետև ինչպես ինձ է թվում՝ երկու տարում ժամանակն ավելի է արագացել։ Բացի այդ՝ հիմա հիշողությանս մեջ միայն ամենակարևոր մանրամասներն ու մարդիկ են մնացել, որոնց մասին արժե գրել ու կարդալ։
Այսպիսով՝ դեկտեմբերի 10-ից ամեն օր երեկոյան ժամը 21.00-ին հետևեք «Մեղրամիս» բլոգասերիալի  հերոսների քնարական և խոհափիլիսոփայական արկածներին Ավստրիական Գրաց քաղաքում։ Ասեմ նաև՝ շատ կարևոր են ինձ համար ձեր թարմ մեկնաբանությունները, որոնք անպատճառ հաշվի կառնվեն հետագա սերիաներում։ Ի վերջո, ձեր մեկնաբանություններն են, որ իմ բլոգասերիալը տարբերելու են ճամփորդական վիպակից։ Օգնեք կայացնել բլոգասերիալի ժանրը հայ և ընդհանրապես գրականության մեջ։
Ուրեմն, մինչ հանդիպում։

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր