Նա վիդեոինստալյացիա էր դիտում,
իսկ մյուսները դիտում էին ինձ.
ես ցուցադրում էի իմ քայլվածքը։
Հայրս ասում է, որ քայլելը արվեստ է՝
ավելի, քան խոսքի ու մնացած արվեստները,
քանզի չկա մի բան, որի մասին
քայլվածքը կարողանա լռել։
Իմ քայլվածքն ասում էր.
- ես տղամարդ եմ որոնում
- պարտադիր չէ, որ դա լինես դու
- բայց դու նույնպես կարող ես լինել
- իսկ դու տղամա՞րդ ես
- դու հո գիտես, որ չես դիմանա ու կնայես
- անկողնում ես կկապեմ քո ձեռքերը
- դու կարծում ես՝ մյուսներից լա՞վն ես
- ես կգնամ ում հետ պատահի
- փորձիր ինձ կանգնեցնել
- դե փորձիր
- ես քեզ հետ կլինեմ աներևակայելի դաժան
- կարծում ես՝ կկարողանա՞ս չնայել
- դու վաղուց իմ թակարդում ես
- ես քեզ կուլ եմ տվել, ինչպես օձը գորտին
- դու չես կարողանա, չէ, չնայել
- ես կլինեմ վերևից
- դու կաղերսես, որ խնայեմ քեզ
- ես քեզ կստիպեմ նայել աչքերիս մեջ
- հրամայում եմ՝ նայի՛ր
- ես պատրաստ եմ ծայրահեղ քայլերի
- ես կսպանեմ քեզ
- կամ ինձ
- նայիր, խնդրում եմ
- ես չեմ լինի ուրիշ կանանց նման
- ես նման եմ քո մայրիկին
- դու կարող ես զրուցել ինձ հետ
- ես գիտեմ ընկերություն անել
- ուզում եմ, որ ճզմես ինձ քո մարմնով
- հիմա ի՞նչ, չե՞ս նայելու, տակա՛նք
- ես կարող եմ երեխա ունենալ
- ես առողջ եմ ու երիտասարդ
- տխուր, վհատ, անսփոփ
- շատ եմ խնդրում, նայի՛ր
- ինձ միայն դու ես պետք
- դու հո գիտես...
Անտանելի էր լսել
իմ բարակ, երկար, սրածայր կրունկների
հաղթական ու թշվառ կտկտոցը,
մարդիկ փակում էին ականջները՝
չկարողանալով աչք կտրել ինձնից։
Նա կլանված, ակնդետ, լարված,
նայում էր էկրանի սպիտակ պաստառին։
2004
«Անտերուդուս» գրքից
Комментариев нет:
Отправить комментарий
ասա, մեջդ մի պահիր