08.12.2011

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՄԵՂՐԱՄԻՍ» ՍԵՐԻԱԼԻ ԵՐԿՐՈՐԴ ԵԹԵՐԱՇՐՋԱՆԸ՝ այս անգամ իսկականից


«Մեղրամիս» բլոգասերիալի հարգելի ու շատ սիրելի ընթերցող, սերիալի հեռարձակումը վերսկսվում է։ Բայց նախքան այդ ուզում եմ ներողություն խնդրել այն անժամանակ ընդհատելու համար, ինչն այն ժամանակ ես բացատրեցի մեկ այլ ճամփորդությունից վերադարձած լինելու հանգամանքով և նոր տպավորությունների առատությամբ։ Գիտեք, որ մի քանի անգամ փորձեցի վերսկսել հեռարձակումը, բայց չկարողացա… Պատճառն իրականում  անակնկալ կերպով ինձ պաշարած հղիությունն էր, որը նույնպես մի յուրահատուկ ճամփորդություն է՝ իր տևողությամբ և մատուցած անակնկալներով համեմատելի թերևս միայն շուրջերկրյա ճանապարհորդության հետ։ Հաճախ հղիությունն ու ծննդաբերությունը հանդես են գալիս որպես ստեղծագործական պրոցեսի փոխաբերություն, թե իբր հեղինակը երկար ժամանակ իր մեջ կրում ու հասունացնում է ստեղծագործությունը, հետո երկունքի ցավերին համարժեք տառապանքով լույս աշխարհ բերում այն։ Կարող է նաև պատրանք ստեղծվել, թե հղիությունը չի խանգարում ստեղծագործելուն, քանի որ դրանք նմանատիպ և նմանաբնույթ վիճակներ են։
Հիմա ես ավելի մեծ վստահությամբ կարող եմ դեն նետել այդ համեմատությունը՝ և ոչ միայն այն պատճառով, որ այն չափազանց ծեծված ու տափակած է, այլև որովհետև այն ճիշտ չէ ու նաև անարդար է կանանց հանդեպ։ Կարծում եմ, ոչ, վստահ եմ, որ այդ համեմատությունը տղամարդկանց բարդույթի արդյունքն է։ Բնությունից անկարող լինելով հղիանալ  ու ծննդաբերել և հասկանալով, որ կանայք ունեն բացահայտ, անթաքույց ու անառարկելի առավելություն՝ նրանք փորձել են հավասարակշռել դա սիմվոլիկ դաշտում՝ իբր մենք էլ կարող ենք հղիանալ գաղափարներով ու մտքերով և ստեղծագործություններ ծննդաբերել։ Ու որպեսզի այդ հավասարակշռությունը չխախտվի, նրանք փորձել են և մինչ օրս էլ փորձում են անառիկ պահել Պառնասի բարձունքները՝ կանանց թույլ տալով ավելուկ ու եղինջ քաղել միայն կանաչ ստորոտներում։ Բայց կանայք ինչպես միշտ, այնպես էլ այսօր ապացուցում են, որ այդ սիմվոլիկ  հղիությունն ու ծննդաբերությունը միայն արական սեռին չէ բնորոշ՝ կրկին ու կրկին հաստատելով իրենց առավելությունը սիրելի սեռի նկատմամբ։ Կանանց մեծ մասը, սակայն, ապրում է տղամարդկանց ստեղծած աշխարհում և կասկածի տակ չի դնում նրանց «ճշմարտությունները»՝ մրցելով նրանց հետ նրանց իսկ հաստատած խաղի կանոններով։ Այդպիսի կանայք սովորաբար հաճույքով ընդունում են, որ ստեղծագործական պրոցեսը նման է հղիության ու ծննդաբերության, իսկ իրենց ստեղծագործություններին կարող են վերաբերվել որպես իրենց զավակների։ Ջոան Ռոուլինգն, օրինակ, ինչ-որ առիթով ասել է, թե Հարրի Փոթերի մասին իր անվերջանալի սերիալը ավելի հեշտ է գրում հղի ժամանակ, և իրեն նորանոր հղիություններ են պետք՝ այդ տքնաջան աշխատանքի համար ուժեր հայթայթելու նպատակով։
Ինչ մեղքս թաքցնեմ՝ հղի ժամանակ ես անգամ sms չեմ գրել։ Եվ դա զարմանալի չէ, որովհետև հղի ժամանակ ոչ միայն կերածի կալորիաներն ու վիտամիններն են ծախսվում հեռավոր ու անծանոթ հարազատի մարմնավորման  գործի համար, այլև մեր ողջ ստեղծագորածական եռանդը՝ չնայած թվում է՝ արդյունքն ամնևին կախված չէ մեր ջանքերից, և այդ ստեղծագործությունը մեր երևակայության միջամտության կարիքն ամենևին չունի, ինքն է իրեն ստեղծում, բայցևայնպես…  Ու չնայած հղիությունս դեռ բարեհաջող շարունակվում է, որոշեցի ուժերի գերլարմամբ շարունակել «Մեղրամիս» սերիալի հեռարձակումը, որովհետև նախ՝ չեմ սիրում կիսատ գործեր, դրանք ինձ հետապնդում են թե արթուն, թե քնած ժամանակ,  երկրորդ՝ «Մեղրամիսը» ինձնից ստեղծագործում չի պահանջում, այլ միայն բարեխիղճ վերապատմում, երրորդ՝ յուրաքանչյուր հղիություն արդյունավետ անցկացրած մեղրամսի արդյունք է։
- Երեխան ավստրիակա՞ն է,- վերջերս հարցրեց Հերբերտը՝ փորս մատնացույց անելով։
Ոչ, տեղական արտադրության է և ստեղծվել է հայրենիքի տառապած հողի վրա, բայց ավստրիական տպավորությունները նույնպես որոշ դեր խաղացել են՝ մասնավորապես թեկուզ հենց այն դերը, որ հղիությունն ինձ պաշարեց, երբ ես բանից անտեղյակ զբաղված էի այդ տպավորությունները գրառելով և հեռարձակելով «Մեղրամիս» նախագծի շրջանակներում։ Հղիությունն անակնկալ էր, որովհետև մենք կամ գոնե ես անընդհատ փորձում էի հետաձգել այդ գործը տնտեսապես առավել բարվոք ժամանակների, մյուս կողմից՝ ինձ ֆիզիկապես և հոգեպես պատրաստ չէի համարում մայրության և, տուրք տալով պատանեկան տարիներիս նիհիլիզմին, բազմանալը համարում էի անբարոյականություն թե դեմոգրաֆիկ-բնապահպանական, թե գոյաբանական տեսանկյունից։ Բայց ահա, մեր ճամփորդական արկածները շարադրելիս այդ հեռավոր և անծանոթ հարազատը հուշիկ ու աննկատ մոտեցավ ու մխրճվեց մեր կյանքի մեջ՝ երկուսիս համար էլ անակնկալ կերպով։ Վերջերս առիթ ունենալով մի քանի օր հիվանդանոցում պառկելու ու տեսնելու բազմաթիվ երիտասարդ կանանց, որոնք տարիներ շարունակ բուժվել ու տքնել էին հղիանալու համար և ոչ այնքան հարթ հղիություն էին տանում, հասկացա, որ այս անակնկալն էլ թերևս գրողների աստծո հերթական պարգևատրումներից էր։ Նախ, որովհետև, ինչպես արդեն ասացի, հղիությունը նույնպես ուշագրավ ճամփորդություն է՝ միանգամայն արժանի նոթագրման, երկրորդ՝  որովհետև հեռավոր ափերից ժամանող այդ անծանոթ հարազատը ըստ ամենայնի գիր ու գրականության մեծ սիրահար է. ի՜նչ իմանաս, թե հատկապես ինչն է նրան հրապուրել մեր մեջ, ինձ, օրինակ, հա թվում է, որ նա հեռվից տեսել է մեզ օրնիբուն գրել-ջնջելիս ու ասել է՝ տեսնես էդ ի՞նչ են էդքան գրում։ Մեր օրերում, երբ գրողները շնից շատ են, իսկ ընթերցող չկա, գրողը պարտավոր է ստեղծել իր ընթերցողին։ Մենք այս պարզ ճշմարտությունը ի կատար ենք ածում բառացիորեն։ Այնպես որ, «Մեղրամսի» շատ սիրելի ու հարգելի ընթերցող, եթե դու հոգնած լինես սերիալի հերոսներից և չցանկանաս այլևս հետևել իրադարձությունների զարգացմանը, ապա կորցնողը կլինես միայն դու, որովհետև այս սերիալը դեռևս անավարտ վիճակում արդեն իսկ ապահովված է ընթերցողով։  
Չնայած խիստ խոսքերիս՝ կցանկանայի, որ շարունակես հետևել մեր ավստրիական արկածներին։ Նախ՝ դրանք հետաքրքիր են ու զվարճալի, երկրորդ՝ քեզ սպասվում են ծանոթություններ զարմանալի մարդկանց ու արվեստագետների հետ, երրորդ՝ ի՜նչ իմանաս, միգուցե մոտ ապագայում բախտը քեզ նետի Ավստրիա, ու այդ երկրի մասին «Մեղրամիս»-ում եղած տեղեկությունները բախտորոշ դառնան քեզ համար։
Եվ ուրեմն, դեկտեմբերի 12-ից սկսած, յուրաքանչյուր աշխատանքային օր, երեկոյան ժամը 21-ից քեզ հետ կլինի «Մեղրամիս»-ը։ Բարի դիտում, այսինքն՝ ընթերցում։

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր