29.10.2011

ԲՈՅ ԲՈՒՍԱԹՈՎ «Անտեսված գրողներ, "հալածված" գրողներ»

Հալածված հանճարների փառքի ուրվականը հետապնդում է հայ գրողներին: Չգիտեմ, թե որքանով է ճիշտ ընդունված տեսակետը, թե մեր բոլոր մեծ գրողները հալածվել ու հետապնդվել են, չքավորության մեջ են ապրել, բայց նրանց շարքերը լրացնելու հավակնություն ունեցող մեր ողջ ու անառողջ գրողների ցանկն օրեցոր մեծանում է: Չքավորության մասով մեր գրողները չեն ուզում նմանվել հալածված հանճարներին, բայց հերիք է մի հոդված, մի հարցազրույց տպվի նրանց մասին, որտեղ նրանք "ընդիմադիր են" երեւացել, մեկին "քննադատել" են, հերիք է մի պատմվածք կամ ոտանավոր գրեն, որտեղ մի "ազդեցիկ մարդու" վատ են ներկայացրել, հերիք է մի ընթերցողի նյարդայնացնի նրանց գրածը, եւ նա հայհոյանքներով անանուն նամակ ուղարկի` վերջ, սկսում են իրենք իրենց շուրջ մեծ ու փոքր սկանդալներ սարքել, իրենք իրենց փչել, փչել այնքան, մինչեւ պայթեն: 
Խոսքի ազատության ու անսահման գրականության այդ "առաջամարտիկներն" իրենց սահմանափակ ուղեղներով տափակ բանաստեղծություններ են ձոնում իրենց "նունուշիկներին ու պուպուլիկներին", եւ եթե մի ընթերցող հանկարծ ու չհավանի "նորարար-փորձարարական գլուխգործոցները"` այլեւս իրենք չընդունված, հալածված հանճարներ են, իսկ չմահավան ընթերցողը՝ նեղմիտ ազգայնամոլ: Որոշներն այնքան են տարվում "աղմկահարույց գրականություն" ստեղծելու մարմաջով, որ սկսում են իրենք իրենց սարքած միֆերին հավատալ: Անընդհատ փորձում են կոտրել տաբուներ, որոնք չկան, որոնք վաղուց հաղթահարված են: Իրենց ներսի տաբուները կոտրելով` փորձում են տպավորություն ստեղծել, թե հասարակության տաբուներն են կոտրում, այն դեպքում, երբ այդ տաբուներն արդեն կոտրել են հեռուստատեսությունն ու ինտերնետը: Ողջ-անառողջ այդ "հանճարներից" մի քանիսը, իբր հալածանքներից, իսկ իրականում` չքավորության պատճառով  թողեցին "փախան" արտասահման, չքավորությունից փրկվեցին, բայց դեռ շարունակում են "հալածված" խաղալ: Մի-երկուսն էլ այնքան ինքնահալածվեցին ու չարչարվեցին, որ վերջապես համ չքավորությունից փրկվեցին, համ էլ փառքի հասան՝ շոու-բիզնեսի խամրող աստղ դառնալով: Բանը հասել է նրան, որ այսօր "անաղմուկ" գրականություն ստեղծելն է տաբու դարձել, եւ այդ է պատճառը, որ երիտասարդ գրողներից շատերն ինքնամոռաց մղումով իրենց նետում են "աղմկահարույց" գրականության գիրկը: Պատահում է նույնիսկ, որ պատմվածքը կամ բանաստեղծությունը չգրած արդեն "աղմուկ" են բարձրացնում իրենց դեռ չգրված կամ անտիպ գործի շուրջ: Ստեղծված իրավիճակների պատճառները շատ են, բայց գլխավոր պատճառն, իհարկե, ընթերցողների պակասն է, որը հանգեցնում է գրողների փառքի անհրաժեշտ չափաբաժինը չստանալուն եւ նրանց դրդում է "աղմկահարույց" գործեր գրել, "աղմուկ" բարձրացնել իրենց շուրջ եւ գոնե այդ ձեւով իրենց վրա բեւեռել հասարակության ուշադրությունը: Այդ ջանքերը անհաջողության են մատնվում, որովհետեւ եթե նույնիսկ մարդկանց շատ փոքրաթիվ խումբ իր ուշադրությունը բեւեռում է "աղմուկ" հանած գրողի կողմը, նրա "աղմկահարույց" գրականությունը այդպես էլ մնում է չընթերցված, անաղմուկ ու աննկատ: Անտեսված, արհամարհված, աննկատ ու անընթերցող մնալն է ամենամեծ հալածանքը, որին այսօր ենթարկվում են գրողները: Այդ ֆոնին ուղղակի ծիծաղելի է թվում հայ գրողների մի մասի այն տեսակետը, թե Օրհան Փամուկին Նոբելյանը շնորհեցին, որովհետեւ Թուրքիայում հալածվում էր հայոց ցեղասպանության փաստը ընդունելու համար: Գուցեեւ հալածվում էր, գուցեեւ նրա "հալածանքները" նպաստեցին Նոբելյանը ստանալուն, բայց ուզում եմ հանգստացնել մեր գրողներին՝  միչեւ Փամուկի գրածին համարժեք գրականություն չստեղծեք, ինչքան էլ հալածվեք ու չարչարվեք, ինչ սահմռկեցուցիչ կտտանքների էլ ենթարկվեք, ինչ տաբուներ էլ ջարդեք ձեր մեջ, Նոբելյանը ձեզ չի "սպառնում": Սիրելի ընթերցող, կարդա ժամանակակից հայ գրողներին, քո անտարբերությունը հալածում է նրանց եւ "ճշմարիտ ուղուց շեղելով՝ վատ ճանապարհի վրա է դնում":

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր