Մենք որբ էինք։ Մենք թրջված էինք, կծկված, քաղցած, բոկոտն։ Մենք կույր էինք, սարսափած ու պատռված...
Մենք սեղմում էինք միմյանց ձեռքերը քրտնած ափերով։ Քրտնած ափերով ծածկում էինք մեր կարմիր աչքերը։ Անձրևը լցվում էր մեր ռունգերի մեջ։ Մեր ձեռքերն ու ոտքերը պոկվում-ընընում էին։ Մենք գալարվում էինք ու կարմիր աչքերով որոնում նրան։
Արի՛, անսփոփ գիշերում մեզ քույր եղի՛ր։ Արի՛, մայրություն արա մեզ։ Բացի՛ր մեզ քո մարմնի խոռոչները ու քո մեջ ա՛ռ մեր անհագ, անսպառ, հավիտենական կարոտը։
Արի՛, տե՛ս՝ ոնց են ձիերը մեզ սմբակների տակ գցել... Արի՛, տե՛ս՝ ոնց են դևերը կղկղել մեզ վրա։ Արի՛ տե՛ս՝ շունը քնած է... Շո՜ւնչ բեր...
Հիշի՛ր մեզ, արի՛ ու վե՛րջ տուր այս կիսատ աշխարհին։
Մենք փնտրում էինք նրան ամենուր, թեպետ հստակ գիտեինք՝ որտեղ է։ Թակում էինք դուռ ու պատուհան, շրջում էինք եկեղեցիներով, արվեստանոցներով, համերգասրահներով, սրճարաններով, հասարակաց պետքարաններով...
Հետո իբր պատահաբար մտանք մթերային խանութ ու տեսանք նրան երրորդ, թե չորրորդ դարակի վրա՝ ինչ-որ տեղ բարձրում... Ամենաբարձրում...
Մենք նկատեցինք նրան միանգամից, թեպետ... Թեպետ քեզ թաքցրել էին մեզնից ինչ-որ գույնզգույն զիբիլների հետևում և ինչ-որ զիզի-բիզի պիտակ կպցրել վրադ։ Բայց մենք իսկույն ճանաչեցինք քեզ։ Քո վճիտ, անկաշառ թափանցիկությամբ դու ուրիշ էիր՝ տարբեր, բարձր... Եվ կայիր, և չկայիր...
Մենք, հմայված, ապուշ կտրած, նայում էինք քեզ երկար-երկար։ Հետո դողացող ձեռքերով շրջեցինք մեր ծակ գրպաններն ու գնեցինք քեզ։
Դու քրոջ պես քերեցիր մեր մարմիններից դևերի կղկղանքը, լողացրիր մեզ մոր պես, կարկատեցիր մեր վերքերը, կպցրեցիր պոկված ոտքերն ու ձեռքերը, հագցրեցիր մեզ, ջերմացրիր, ուղղեցիր մեր սապատները, լույս տվեցիր մեր բիբերին, շունչ փչեցիր մեր ռունգերի մեջ և լցրեցիր մեր սմբակածեծ խոռոչները հավիտենական մոռացումով։
Հայր մեր, որ շշում ես...
Երբ արթնացանք, նա համբարձվել էր՝ թողնելով մեզ սեղանի վրա ճոճվող իր ապակե դին։ Եվ մենք էլի որբ էինք ու պատռված... Սառը, օտար, լպրծուն անձրևը լցվում էր մեր ռունգերի մեջ։ Մենք սողում էինք ծանր հողի տակով ու արյուն թքում։ Քրտնած ափերով փակում էինք մեր կարմիր աչքերը։ Մեր ձեռքերն ու ոտքերը պոկվում-ընընում էին, ու մենք, ձեռուոտ ընկած, որոնում էինք նրան...
Հետո մեր լեզվից վերջին բառերն էինք պոկում՝ անճոռնի վաճառողուհուն սիրաշահելու, համոզելու, հաճոյախոսելու, սեր խոստովանելու, շողոքորթելու համար։ Սպառեցինք երդման բոլոր հայտնի ձևերը, նորերը հորինեցինք, խոստացանք փրկագինդ մարել մեկ շաբաթից, երկու օրից, վաղը, մի ժամից։ Հետո սպանեցինք նրան ու փրկեցինք քեզ։
Փրկեցինք այս զիզի-բիզի, գույնզգույն, քաղքենի աշխարհից։ Փրկեցինք, որ սիրենք, համբուրենք, գուրգուրենք քեզ, կենակցենք հետդ, հղիանանք... Փրկեցինք, որ դնենք քեզ մեր գլխի վրա, ծնկենք քո առջև, երկրպագենք քեզ ու փրկություն աղերսենք...
Եղի՛ր քրոջ ու մոր պես։ Քերի՛ր մեր փլվող մարմիններից դևերի կղկղանքը։ Կարկատի՛ր մեր քրքրված վերքերը։ Շո՛ւնչ փչիր մեր նեխահոտ արձակող մարմինների մեջ։ Մեր սառը, օտար, լպրծուն խոռոչները լցրու հավիտենական թափանցիկով...
Հայր մեր, որ շշում ես... Արարի՛ր ինձ նորից։
2000
«Ծիկ գրքից»
Комментариев нет:
Отправить комментарий
ասա, մեջդ մի պահիր