18.11.2018

Դու մենակ ես

ԴՈՒ ՄԵՆԱԿ ԵՍ

Համբարձում Համբարձումյանին



Դու մենակ ես
ու դու դա գիտես,
քեզ ոչ ոք չի խաբի։
Դու փորձում ես քայլել,
հա փորձում ես քայլել,
բայց դու ճանապարհն ես։
Փոքրիկ, ժրաջան արարածներ
վազվզում են քո վրայով՝
անսկիզբ ու անվերջ։
Փոքրանում, փոքրանում, փոքրանում ես,
այնքան շատ ես ուզում ժպտալ նրանց, 
ում ստեղծեցիր։
Բայց դու դեռ ահռելի ես՝
անապատ, օվկիանոս ու երկինք,
նրանք քո ժպիտը չեն տեսնում։
Դու մենակ ես։
Դու մենակ ես։
Դու մենակ ես։

18.11.18թ.

22.03.2018

Չգրված բանաստեղծություններ

Նրանք, ինչպես վայրի թռչուններ,
հայտնվում են հորիզոնի հետևից
հորիզոնի հակառակ կողմում անհետանալու համար։
Նրանք հայտնվում են շատ անպատեհ՝
երբեմն հանրօգուտ, բայց միշտ անիմաստ
աշխուժակության,
շարժունակության,
շարժունայնության
մարդաշատ ու աղմկոտ ժամերին,
որոնցում անհնար է գտնել մենակության վայրկյան։
Շատ անհարմար պահերի են հայտնվում նրանք՝
երբ հնարավոր չէ ընթացիկը թողնել կիսատ,
երբ հնարավոր չէ դուրս պրծնել շրջապտույտից,
որի մեջ ներքաշում է քեզ աշխարհը սև խոռոչ։
Այդպիսի պահերին երբեք մոտակայքում
չի գտնվում գրիչ,
համակարգիչ,
թուղթ
ու ընդհանրապես որևէ կրիչ։
Բայց նրանք՝ այդ չգրված,
չէ, դեռ չգրվելիք բանաստեղծությունները,
այնքան գեղեցիկ են, ավարտուն ու կատարյալ
իսկ երբեմն էլ այնպես ցնցող,
որ թվում է՝ գրառման կարիք չունեն,
անհնար է դրանք մոռանալ։
Բայց  նրանք երամով են թռչում
և թռչում են անընդհատ՝
մեկը մեկից ընտիր,
մեկը մեկին մատնող հավերժ մոռացության։
 - Դրանք իմ բանաստեղծությունները չեն,-
սփոփում  եմ ինքս ինձ,
ես երբեք  չեմ գրի դրանք,
ուստի ես չեմ դրանց հեղինակը,
այլ միայն տեսա նրանց թռիչքի պահին,
երբ գուցե ուղևորվում էին ինչ-որ մեկի մոտ,
տեսնես ո՞վ   դրանք կգրառի,
տեսնես կա՞ ինչ-որ մեկը հորիզոնից այնկողմ։
Միտքը, որ գուցե նորից հանդիպեմ նրանց՝
բանտված ուրիշ բանաստեղծի գրքում,
ինձ համակում է մեկ ուրախությամբ,
մեկ անտանելի խանդով ու կսկիծով։
Բացառվում է, որ ուրիշ մեկը գրառի դրանք,
դրանք իմ երկնքի թռչուններն են՝
ծնված իմ գլխի վերևով ճախրելու համար՝
ազատ, անգիր ու անհիշատակ։

2016

28.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆ ՋԱՆ

        դու ինքնաթիռ չես, որ բարձր ճախրում է երկնքում
և երբեմն խոցված սրտով գահավիժում ցած,
ոչ էլ գնացք, որ սողում է գետնի վրայով և
մխրճվում  անտառների ու անապատների սիրտը։
ամռանը զով, ձմռանը տաք մետրո չես,
ուր մարդ կարող է գիրք կարդալ ու համբուրվել,
ընտանիք կազմել  ու տնավորվել,
և   ավտովթարը չի սպառնա նրա երջանկությանը.
սա ահաբակչական միջոցառումների անցկացման վայր է։
մարդատար ավտոմեքենա չես,
ոչ էլ մեքենա, որ բեռներ է տեղափոխում,
ոչ էլ տրոլեյբուս, որ տեղափոխում է ծեր մարդկանց։
տրամվայ էլ չես, որ  հետևողականորեն
երկրաշարժի է ենթարկում շրջակա շենք»րը։
առավել ևս ավտոբուս  չես, որտեղ ընդունված է
տեղ զիջել սպիտակ մազերով մարդկանց,
որտեղ կարելի է կանգնել հասակով մեկ,
և կտրուկ կանգառների ժամանակ
պատահաբար դիպչել միմյանց։
դու մարշրուտկա ես, ուր միշտ նեղվածք է ու հրմշտոց,
ուր մարդիկ լցված են միմյանց գլխին
և սրտի թրթիռով միմյանց ոտքերն »ն տրորում։
մարշրուտկա, որ կանգնում է ամեն քայլափոխի
և ամեն անգամ հոգևարքի ձայներ արձակում,
որ միշտ աշխատում է վերջին շնչում՝
անմոռանալի պահեր պարգևելով
սուր զգացողությունների սիրահարներին
և անվնաս հասցն»լով նրանց ճիշտ տան դռան մոտ։
- դե լավ, ներող կըլնեք, ես ոնց որ հասա.
ՍՏԵՂ ՊԱՀԻ, ՎԱՐՊԵՏ։
ՍՏԱՑԻ,  ՄԵԿԸ ՀԵՏՈ ԿԻՋՆԻ։
ԿԻՋՆԵՍ, ՊԱԿԱ։

2006թ, ԱՆՏԵՐՈՒԴՈՒՍ գրքից

14.01.2018

Հովհաննես Գրիգորյանի ժամանակը





Իմ ու Հովհաննես Գրիգորյանի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 90  թվին, աշնանային մի օր, Ստեփանավանի զբոսայգում, երբ յոթերորդ դասարանի աշակերտ էի։ Դասից փախել էի, ազատության շունչը վայելելու համար մի թերթ էի առել կրպակից ու նստել էի այգում։ «Անդրադարձ» թերթն էր, պատահական էի ընտրել։ Մենք, ինչպես և շատ ընտանիքներ, «Գարուն» ստանում էինք, բայց ես չէի կարդում, որովհետև մեր տանը «Գարուն»-ի ու «Գրական թերթ»-ի պաշտամունք կար, ու այդ պարբերականների մերժումը մտնում էր իմ պատանեկան ըմբոստության ծիսակարգի մեջ։ Էսօրվա պես հիշում եմ՝ ամպամած էր, ու շատ թեթև անձրև էր մաղում։  Այգում մարդ չկար, միայն ինչ-որ անցորդներ էին հեռվում։ Նստել ու բացել էի «Անդրադարձ»-ը, մեջը՝ Հովհաննես Գրիգորյանից մի քանի բանաստեղծություն։ Անձրևը կաթում էր թերթի էջերին։ Կարդում էի, ու իմ մանկության զբոսայգին աչքիս առաջ փոխվում էր։  
Հետո գնացի տուն, հարցրի մերոնց, որ «Գարուն» ու «Գրական թերթ» էին կարդում ու բազմաթիվ ժամանակակից պոետների ոչ միայն անունները, այլև բանաստեղծություններն անգիր գիտեին։ Հովհաննես Գրիգորյանին չէին ճանաչում։ Դա շատ տարօրինակ էր, ու միայն 96 թվին, երբ ընդունվում էի թատերական, ու ապագա դասախոսս ասաց՝ ինչու ես Հովհաննես Գրիգորյան ընտրել ասմունքելու համար, չէ՞ որ ավելի լավ բանաստեղծներ կան՝ Հրաչ Սարուխան, Արմեն Մարտիրոսյան և այլն, նոր  հասկացա, որ Հովհաննես Գրիգորյանի ժամանակը դեռ չի եկել, նոր է գալու։