17.01.2021

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ


Մոտեցող հեղափոխության ձայնը


Սկզբում, երբ ամեն ինչ լուռ էր,

մի ձայն կար գիշերվա մեջ՝

տագնապալի, ներսը տակնուվրա անող,

որ չէր թողնում քնել։

Ասես շատ հեռվում՝ պողոտայի ամենածայրին

մարդիկ ջարդում էին մեքենաներ,

ոստիկանները ջարդում էին մարդկանց,

ու փշրվող մետաղի, փշրվող ոսկորների ձայնին

խառնվում էին աղաղակներ՝

երբեմն հաղթական, երբեմն կաղկանձ։

Հետո թվում էր՝ մոտակա ծառերի

սոսափյունն է ընդամենը,

կամ էլ ինչ-որ թռչուն է տարաշխարհիկ,

կամ կլանչում է հեռվում վիրավոր մի մեքենա։

Եվ հանկարծ լսվում էր պարզ,

որ արյան գետ է հոսում փողոցով՝

պղտոր, վարար, փրփրած...

Իսկ երբեմն էլ թվում էր, թե այնտեղ՝ հեռվում,

համբուրվում են երկու հոգի,

որ իրավունք չունեն սիրելու իրար,

ու տարածվում է աշխարհի վրա

խուլ բաբախյունը նրանց սրտերի,

որ ասես լիներ մոտեցող գնացքի ձայն։