26.05.2009

ՌԵՔՎԻԵՄ

Ջեք-փոթն ամբողջովին շահած, ձեռքերս գրպաններս խոթած, սիգարեթը ատամներով սեղմած, կեպիս ծուռ, գողական քայլվածքով և անմնացորդ թքած՝ դուրս եմ գալիս խաղից։
Ահա ես՝ նա, ով մատը տնկել է լուսնին։
Ես գնում եմ պարարտացնելու հողը աշխարհի ամենագեղեցիկ ու ամենասիրելի մարմնով։ Կրակի վավաշոտ շուրթերին եմ հանձնում անշեջ կրքերս։ Շնչառությունս նվիրում եմ քամուն։ Արյունս ներարկե՛ք հիվանդ գետերին։
Հիշե՛ք՝ նիկոտինի քսան միլիգրամը կարող է ձի սպանել։ Հիսուն գրամ օղին ի զորու է բացել չակրաները։ Իսկ մանանեխի հատիկի չափ հավատ ավելի լավ է չունենալ։
Հիրավի ես՝ նա, ով մատը տնկել է լուսնին։
Ես գնում եմ, իսկ դուք շարունակեք խաղալ։ Մատս ընդ ձեզ, ես չեմ վերադառնալու նրա հետևից... Չաո՜։
2000

Նայիր, իմ սեր

Նայի՛ր, իմ սեր, ի՜նչ գեղեցիկ եմ ես հատակին փռված... Նայի՛ր՝ ինչ թույլ եմ ու անպաշտպան։
Դու կարող ես հանգիստ խոշտանգել ինձ։ Դու կարող ես հերձել ինձ, եթե չի կորել բնական գիտությունների հիմունքներն ուսումնասիրելու խանդավառությունդ։ Կամ ուտեստներ պատրաստել իմ օրգաններից, եթե քեզ դեռ չի դավաճանել ախորժակդ։
Կարծում եմ՝ լյարդս տապակած վիճակում պետք է, որ համեղ լինի։ Հանկարծ չմոռանաս սոխառածը, անգի՛նս։ Սրտիցս արգանակ եփելու համար պետք է այն գցել նախապես համեմած ու եռացող ջրի մեջ, եփել մարմանդ կրակի վրա, ավելացնել աղ և շաքար ըստ ճաշակի։ Մատուցե՛լ տաք վիճակում։ Տապակած լյարդի կամ շոգեխաշած ականջի հետ։ Գիտե՞ս՝ ի՜նչ համեղ են իմ ականջները։ Բա լեզո՜ւս... Էլ չեմ խոսում ոտքիս մատների մասին։ Ուտելո՜ւ բան...

23.05.2009

ՍԵՐՆ ԻՄ ՄԵՋ

Սերն առաջացավ իմ մեջ, ինչպես խցանումը ժանգոտ խողովակներում։ Սերը կուտակվեց իմ մեջ ու հասունացավ դաշտանի նախօրեին բսնած ցավոտ պզուկի նման։ Սերն իմ մեջ զույգ դավաճան Մասիս դարձավ և պայթեց թշնամու հողում դարանած արկի պես։

Ու մինչ ես, սիրուց մազապուրծ, սպառնում էի նրան Սահմանադրությամբ, Ազգային ժողովով, Տնային կառավարչությամբ ու Ամերիկյան դեսպանատնով, սերն իմ մեջ կենտրոնախույս բովանդակությամբ թռուցիկներ ցրեց, տեռորիստական ակտեր, միտինգներ և այլ զանգվածային անկարգություններ կազմակերպեց... Սերն իմ մեջ համզգային շարժում դարձավ։

Սերը ժայթքեց իմ մեջ, ինչպես հրաբուխը անպարկեշտորեն ցցուն Վեզուվից՝ Պոմպեոսի վերջին օրերին։ Սերն իմ մեջ մայիսմեկյան հրավառություն դարձավ։ Սերն իմ մեջ արցունքաբեր գազ արձակեց։ Սերը պայթեց սնկաձև... Սերն իմ մեջ արյան վարակում դարձավ։

Ու մինչ ես, սիրուց ընկած, հետմահու անեծքներս էի հեղում նրա գլխին մարդկության, Կարմիր խաչի, Կանաչների միության, Միացյալ ազգերի կազմակերպության և վերջապես Աստծո անունից, սերը «Հաղթանակ» կամրջից իրեն հրեց-գցեց-ընկավ։ Սերն իմ մեջ փսկեց ասեղով ծակած փուչիկի նման։ Սերն իմ մեջ ճաքեց բովված ասֆալտի պես։ Սերն իմ մեջ փշուր-փշուր, ծվեն-ծվեն, բզիկ-բզիկ եղավ...

Բայց երբ ինձ թաղեցին, վրաս ծաղիկներ ցանեցին ու մահախոսականներ կարդացին պես-պես, երբ ինձ լքեցին, գնացին ու մոռացան, ես զգացի, թե ինչպես մնոխիրներից սերը գլուխ բարձրացրեց, ուռեց, փքվեց, պրկվեց և ուղղորդվեց իմ մեջ...
Սերն իմ մեջ կյանքի չարորակ ուռուցք դարձավ։ Սերն իմ մեջ... Այ թե եղեռն բերեց գլխիս էդ սերը։

2000

«Ծիկ» գրքից

21.05.2009

ԳՐՈՂԻ ՄԱՀԸ

Իմ վերջին մեծ սերը «գրառող» է
և գրողի մասին կարծիք կազմելիս
չսխալվելու համար
նայում է մյուսների աչքունքին։
Իր բոլոր կոլեգաների պես
նա սիրում է մեծ գրողներին,
քանի որ նրանց գովաբանելիս
սխալվելը նվազ հավանական է։
Նրա գովեստին արժանանալու համար
գրողը պետք է նաև մեռած լինի,
քանի որ մեռածի մասին ընդունված է ասել
կամ լավը, կամ ոչինչ,
և փառաբանական ճառը կարող է նաև
ողորմաթասի կենաց համարվել։
Մեռած գրողը հարմար է նաև նրանով,
որ չի բուսնի գետնի տակից
և չի բարդվի հոգուդ նուրբ լարերին
իր փոշոտ ու ճոճվող մարմնի
ողջ ծանրությամբ՝
պահանջելով խոսքն ապացուցել գործով.
պատիվ տալ մի 100 գրամ
կամ 500 դրամ՝ պարտքով։
Իր կոլեգաների նման իմ սերն էլ
հոգու խորքում ատում է գրողներին,
և մեռած մեծերը նրա համար
ողջերին սեփական փոքրությունը
ցուցանելու միջոց են։
Նա գրում է հոդվածներ,
գրախոսություններ, մենագրություններ՝
հետմահու փառքի դատապարտելով
մեծ մեռածներին և
կրծքով պաշտպանելով նրանց գիրը,
որի վրա ոչ ոք հարձակվելու
ոչ քաջություն ունի, ոչ ցանկություն։
Ինչ վերաբերում է կանանց,
այդ սեռի ներկայացուցիչներից դեռ ոչ մեկին
չի հաջողվել հայտնվել նրա տեսադաշտում.
բոլոր մեծերը տղամարդիկ են,
մեծությունը կնոջ հագով չէ առհասարակ,
և մահը նրան չի զարդարում։
Իսկ ես, բանուգործ թողած, օրուգիշեր
ոտանավոր եմ տապակում նրա համար,
թեպետ գիտեմ՝ նա ինձ այդպես էլ չի նկատի,
քանի դեռ կին եմ ու Նոբելյան չունեմ.
նրա սիրտ տանող ճանապարհը
անցնում է Պանթեոնով։

29.01.06թ.

10.05.2009

ԱՆՏԵՐՈՒԴՈՒՍ

Հիվանդ հոգիս հիվանդ մարմնիս մեջ
ապրում է վարձով,
ծերը ծերին հասցնելով, մի կերպ,
անընդհատ վտարման սպառնալիքի տակ,
խուսափելով տանտիրոջ հետ հանդիպումներից
և անհամբեր սպասելով նրա այցին,
հիվանդ հոգիս հիվանդ մարմնիս մեջ
իրեն պահում է տնվորի պես.
մեխեր է մեխում պատերին,
աղմկում, դեբոշներ սարքում,
քայլում վարագույրների վրայով,
չանգռտում կահույքը,
հիվանդ հոգիս հիվանդ մարմնիս մեջ,
որ ընդունում է հոգուս չափսերը,
իսկ ես մեծահոգի եմ ու լայնախոհ.
ինձ չի հաջողվում գտնել իմ տեղն աշխարհում
և հարմար դիրք բազմոցի վրա,
ինչ-­որ տեղ ինչ­-որ բան ցավում է՝
հիվանդ հոգիս հիվանդ մարմնիս մեջ
փակվել է տանտիրոջը հանդիպելու ահից,
սպասում է անակնկալ այցի՝
երազելով վռնդվել տնից ավեր,
վաղուց կարոտ կապիտալ վերանորոգման
և սեփական ճիրաններով բզկտված,
հոգնած, քանդուքարափ մարմինն այս
հանձնել մեկի, ինչպես մայր հողին։

10.09.2004թ.