20.12.2010

Մեր ապրուստն ինչ է` մի կտոր չոր հաց, էն էլ հրեն հա…



Ամռանը Երեւանից փախչելու ցանկացած առիթ նվեր է, ես էլ որոշեցի բաց չթողնել հորեղբորս այցելելու առիթը ու գնացի պապենական Կուրթան՝ այն գյուղը, որի առաջին կոլխոզի նախագահը եղել է պապս, որը երկար տարիներ նախագահել եւ շենացրել է հայրս, որտեղ ծնվել են եղբայրներս եւ քույրս, գյուղ, որից մայրս միշտ ցանկացել է փախչել Երեւան, եւ որտեղ ես եղել եմ ընդամենը երկու-երեք անգամ։ Մտածեցի, որ համ էլ ձեռի հետ “սոցիալական նյութ” կանեմ գյուղի ու գյուղացու ծանր վիճակի մասին։ Մտքումս արդեն կառուցել էի հոդվածիս կմախքը, որ սկսվելու էր հայրենի բնաշխարհի հանդեպ անհուն կարոտով ու սիրով, բայց այդ բնաշխարհում ծվարած գյուղն ու գյուղացին ծվատելու էին հոգիս իրենց թշվառությամբ, որի մասին շատ ենք լսել։ Ես մտածում էի Թումանյանի “Հառաչանքը” լրագրողաբար փոխադրելու մասին, բայց կուրթանցիները իրենց չպակասող հումորի զգացումով մտահղացումս խեղդեցին խանձարուրում։


ՀՈՐԵՂԲԱՅՐՍ

Հոդվածիս համար տեղեկություններ հավաքելը սկսեցի հորեղբորիցս։ Նրա հետ զրույցից իմացա, որ Կուրթանի գլխավոր խնդիրը սակավահողությունն է, գյուղը խիտ բնակեցված է, եւ շնչին քիչ հող է հասնում, հերիքում է միայն ընտանիքի ապրուստը հոգալուն: Խնդիրների շարքում նա նշեց նաեւ գյուղտեխնիկայի բացակայությունն ու նոր սերմատեսակների անմատչելիությունը գյուղացու գրպանի համար: Իսկ հին սերմացուն ցանկալի բերք չի տալիս: Ասաց, որ էս տարի բերքը քիչ է եղել, բայց ավելի վատ տարիներ էլ են եղել, ու սահուն անցավ Հայրենական պատերազմի ու հետպատերազմյան տարիներին, երբ ինքն ու հայրս կարտոֆիլը տանում էին եգիպտացորենի հետ փոխելու, որպեսզի եգիպտացորենը խառնեն հացին, ու հացը շատ ցամաք չլինի։ Այն ժամանակ օճառ էլ չէր ճարվում, մայրն իրենց շորերը մոխիրով էր լվանում։ Հետո կյանքը քիչ″քիչ լավացավ։ Հորեղբայրս ոչնչից այդպես էլ չդժգոհեց. հիմա հորեղբայրս երկու կով ունի, բայց ասաց. “Աշխարհում ամենասիրելի զբաղմունքը ինձ համար մեղուներս են”։ Ութսունին մոտ այդ մարդն ամեն օր ժամը վեցին է արթնանում ու մինչեւ երեկո զբաղվում է տնտեսությամբ։ Թե մի օր անձրեւոտ է լինում, ու գործ չի կարողանում անել, հիվանդանում է։
- Ի՞նչ ա մեր փեսի անըմը,- հարցրեց՝ հիշելով, որ ամուսնացել եմ։
- Համբարձում,- ասի։

ՀԱՄԲՈԳՐԱԴԸ

Հորեղբայրս բազմանշանակ լռեց, բայց հայրս հորեղբորս չափ նրբանկատ չէր ու էդ կապակցությամբ ասել էր. “Կուրթանըմը էս հարյուր տարուց ավել ա, Համբարձում անունով մարդ չկա, դու դրան ո՞րդիան ես ճարել”։ Բանն այն է, որ բացի թուրքական ծագմամբ իր Կուրթան անունից, այս գյուղն ունի նաեւ “ավել անուն” կամ մականուն՝ Համբոգրադ, որ գալիս է կուրթանցիների Համբո մականունից։ Կուրթանի բանահյուսությունը տարբեր պատմություններ ունի դա բացատրող, բայց բոլորին միավորում է այլ գյուղերի բնակիչների զարմանքը Կուրթանում Համբարձում անունով մարդկանց առատությունից։ Նրանք կանգնում են ջրամբարի մոտ իրենց ձիերի ծարավը հագեցնելու եւ լսում են, թե ինչպես է հայրը կանչում որդուն, որդին՝ հորը, եղբայրը՝ եղբորը, եւ բոլորը կանչում են՝ Համբո՜, հե՜յ, Համբո… Այդպես Համբոն դառնում է կուրթանցիների ծաղրական անունը եւ ամենամեծ հայհոյանքը նրանց համար։ Այս գյուղում շատ զվարճասեր օտարականներ են դաժան ծեծի ենթարկվել այդ անունն արտասանելու համար։
-Հիմա երիտասարդությունը էնքան էլ չի նեղանում էդ անունից,- ասաց հորեղբայրս։

ԼՈՌՎԱ ԼՈՌԻՆ

Կուրթանը Լոռում հայտնի է իր միամտագույն բնակիչներով։ Կարելի է ասել՝ սա Լոռվա Լոռին է։ Լոռվա անեկդոտների հերոսները կուրթանցիներն են, եւ Կուրթանի անունն արդեն իսկ ծիծաղ է առաջացնում։ Դա թույլ է տալիս ենթադրել, որ այստեղ են ապրում Լոռվա ամենահումորով մարդիկ։ Իրականում մեծ թյուրիմացություն է, թե լոռեցիք միամիտ են։ Լոռեցիք պարզապես պարզամիտ են։ Իսկ միամտությունն ավելի շատ անմեղ խորամանկություն է իրենց ուրիշությունը շեշտելու ու իրենց մնացած հայությունից տարանջատելու համար։ Եվ ահա ես, այդ խորամանկությունս “ասֆալտի վրա” մասամբ կորցրածս, դուրս եկա Կուրթանի գյուղամեջ՝ խոսեցնելու մարդկանց։ Էն էլ ասեմ, որ գյուղն ասֆալտապատ էր, ու “ասֆալտի վրա մեծացած լինելը” գոնե այս գյուղի համար չի կարող քաղաքաբնակի մենաշնորհային առանձնահատկությունը լինել։ Նախկին նախագահի աղջկա հայտնությունը գյուղամիջում արագ համախմբեց իրենց դարպասների մոտ նստոտած, գյուղական դանդաղկոտությամբ զրուցող, մտքերի մեջ խոասուզված, ծխող կամ պարզապես մոտակայքով անցնող հետաքրքրասերներին, որոնցից ես փորձեցի իմանալ՝ ինչ խնդիրներ ունեն իրենք, եւ ինչ խնդիրներ ունի գյուղը։ Կուրթանցիները ոչ մի կերպ չէին ուզում դժգոհել։ Ասում էին՝ հա, բերքը էս տարի վատն ա, արտագաղթ էլ կա, բայց “մարդիկ հո մենակ վատ կյանքի՞ց չեն գնում, ուզում են աշխարհք տեսնեն”։ “Գյուղում հեռանկար չկա՞ երիտասարդների համար”,- ամեն կերպ փորձում էի սադրած լինել։ “Ուրիշ ի՞նչ հեռանկար պետք ա լինի գյուղում”,- ասում էին երիտասարդները ծիծաղելով:
- Լավ,- ասացի հուսահատ,- չկա՞ մի բան, որից դժգոհ լինեք։
- Կառավարությունիցը, հը,- ինձ օգնած լինելու համար ասաց դպրոցի պահակը։

Ինձ օգնած լինելու համար մարդիկ խոսեցին աշխատանքի բացակայությունից, սերմացուի թանկությունից, երաշտից ու թանկությունից: Բայց կուրթանցիները չէին դժգոհում, նրանց համար այդ դժվարությունները գյուղական կյանքի մասն են: Մի ուշագրավ բան էլ իմացա, որ Կուրթանից հեռանալով՝ նրա բնակիչները տեղափոխվում են ոչ թե Երեւան, այլ եվրոպական մայրաքաղաքներ։ Պատահական չի երեւի, որ Կուրթանի մականունը ժամանակին Համբավան կամ Համբոյակերտ չեն դրել, այլ Համբոգրադ։ Գյուղացիների կենսակերպն էլ բավականին քաղաքատիպ էր։ Նորմալ կոյուղի, շուրջօրյա ջրամատակարարում, գազ եւ քաղաքային կյանքի բոլոր հարմարությունները, որոնցից զրկված են անգամ Երեւանի շատ բնակիչներ։ Որպեսզի հոդվածս չդառնա գործող գյուղապետի գովք, ասեմ, որ բոլոր այդ հարմարությունները ստեղծվել են դեռ սովետական շրջանում ու զգալի չափով, նաեւ հորս ղեկավարման տարիներին։

ՀԱՌԱՉԱՆՔ

“Սոցիալական նյութ” բստրելու չմարող ցանկությամբ՝ դիմեցի մեծ լոռեցու օգնությանը, որպեսզի կարողանամ նրա պոեմից քաղվածքներ անել եւ գոնե ինչ″որ չափով սոցիալական սրություն հաղորդել ակնարկիս։ Դպրոցից հիշում էի, որ պոեմում արծարծվող հիմնական թեման գյուղացիության ծանր վիճակն էր մինչ կոլեկտիվացումը: Ուզում էի գրել գյուղի անփոփոխ թշվառության մասին փոփոխվող ժամանակների ֆոնին, բայց երբ Կուրթանից վերադառնալուց հետո թարմ աչքով վերընթերցեցի “Հառաչանքը”, հասկացա, որ գյուղն անփոփոխ է ոչ թե իր թշվառությամբ, այլ թշվառությունը խնդիր չդարձնելու ունակությամբ: Հասկացա նաեւ, որ Թումանյանն էլ էր հայտնվել “ասֆալտի վրա” խորամանկությունը կորցրած լրագրողի վիճակում, եւ ծերունին, լուռ չարչարանքով մի քանի կոճղեր կրակին դնելուց հետո զգուշորեն ծաղրել էր նրան։ Բայց Թումանյանն ավելի համառ էր գտնվել եւ հաջողացրել էր “սոցիալական նյութ” գրել։ Ես դա չեմ անի։ Ամեն մարդ իր մեծության չափով պիտի ոտը մեկնի։

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր