26.04.2011

Post 6. Ինքնաբուխ հանրահավաք Դղյակի դարպասի մոտ


Պատկերացնում եմ՝ ինչ աստիճանի եք հոգնել դեսպանատան մասին իմ այս պատմությունից, բայց հավատացնում եմ ձեզ՝ սերիալի ժանրի թելադրանքով չէ, որ այսքան երկարացնում եմ։ Նախապես որոշել էի դեսպանատուն կատարած մեր երեք այցելությունները պատկերել մի սերիայում, բայց գործնականում դա անհնար եղավ։ Ու հիմա պատկերացրեք, թե ինչքան էինք հոգնել մենք այս անվեջանալի հարցուպատասխանից։ Ես չէի պատկերացնում, որ այն մի օր ավարտվելու է և, ինչն է զարմանալի՝ թեպետ տեսականորեն գիտեի արդեն, որ մեր երրորդ այցը վերջինն է լինելու, բայց  չէի պատկերացնում մեր կյանքն առանց դեսպանատան աշխատակիցների, անհեթեթությամբ անգերազանցելի հարցերի, նվաստացման։ Եվրոպա կատարելիք այցը ինձ ամենևին չէր հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում էր բացառապես դեսպանատուն կատարելիք այցը, քանի որ այդպես ես լիուլի ճանաչում էի և Եվրոպան, և Եվրոպայից շատ ավելի կարևոր մի բան՝ հսկման ու պատժի անփոփոխ էությունը, որ թեպետ ըստ եվրոպական մտքի` վերջին հարյուրամյակներում ենթարկվել էր էական փոփոխության, սակայն այդ փոփոխությունն ըստ ամենայնի անդրադառնում էր միայն եվրոպացիների վրա։ Երրորդ աշխարհի մի երկրում Եվրոպան կտտանքների էր ենթարկում ոչ միայն ու գուցե ոչ այնքան բանտարկյալի իմ հոգին, որքան բանտարկյալի իմ մարմինը։ Իմ մարմնին էր նա ստիպում գնալ ու գալ, սպասել, ցրտահարվել, հիվանդանալ, իմ մարմնից էր նա պոկում այդ մարմնի մաս դարձած պայուսակն ու հեռախոսը, և այդ ամենից ես կարող էի միայն մի եզրակացություն անել՝ որ նա ինձ ընկալում էր առավելապես որպես մարմնական գոյություն, որպես մի բիոզանգված, որ պատրաստվում է հատել իր սահմանը։ Սա այն դեպքում, նկատի ունեցեք, որ Եվրոպա գնալու նախաձեռնությունն ու ցանկությունն ամենևին իմը չէին, այլ նույն այդ Եվրոպայինը։  
Չնայած մեր պատկերացումները գերմանական ճշտապահության մասին վերջնականապես ճշգրտված էին, այս անգամ մենք դեսպանատուն եկանք էլ ավելի վաղ, քան նախորդ անգամ։ Մեզնից շուտ եկածներ էլ կային, թեպետ նրանք էլ էին գալիս երրորդ անգամ։ Գնալով մարդիկ շատացան, և բոլորին նույն ժամն էր նշանակված, իսկ դա նշանակում էր, որ պետք էր հերթ պահել։ Ժամն էր, բայց դարպասը չէր բացվում։ Իսկ սպասողներն ավելանում էին ու ավելանում։ Դրսում շատ ցուրտ էր։ Մի մարդ, որ բարակ վերնաշապիկով դուրս էր եկել մեքենայից ու այդպես եկել, բողոքի ձայն բարձրացրեց.
- Ես անընդհատ տարբեր երկրներ եմ գնում, ոչ մի դեսպանատուն սրանց նման չի, մյուսներն էլ մի բան չեն, բայց սրանք գազաններ են, որ մարդկանց շան տեղ չեն դնում։
Կողքից ձայնակցողներ եղան, մյուսներն էլ սկսեցին իրենց դժգոհությունը հայտնել։
- Իմ կինը մահացել ա, պիտի գնամ, դիակը բերեմ, ինձ համար ամեն վայրկյանը կարևոր ա,- ասաց մի տղամարդ։
- Էս էլ գերմանական ճշտապահությունն ա,- ասաց մեկ ուրիշը։
Հավաքվածներից ամեն մեկը սկսեց պատմել, թե հարցազրույցի ժամանակ իրեն ոնց են նվաստացրել.
- Ինձ ասում ա՝ էդ քեզ հրավիրողը բավարար մակերես ունի՞, որ քեզ հրավիրում ա։ Ասում եմ՝ դե երևի ունի, էլի։ Թե՝ ճշտի մակերեսը ու թող իր տան սենյակները լուսանկարի, ուղարկի։
- Իրանք էլ մեղք չունեն,- ասաց տղամարդն, ում կինը մահացել էր,- շատ են գնում ու հետ չեն գալիս։
- Բայց ո՞վ ա մեղավոր,- բորբոքվեց վերնաշապիկով տղամարդը,- կարող ա՞ իրանք չեն մեղավոր, թող բացեն իրանց երկիրը, տեսնեմ՝ քանի հոգի կմնան ընդե։ Մարդիկ կգնան-կգան, իսկ սենց որ գիտի՝ հետ եկավ, էլի էս նույն պատմության միջով ա անցնելու ու կարող ա էլ չկարենա գնա, ստիպված մնում ա։ Գնում են, ընդեղ գերի են ընկնում մարդիկ։
- Եվ ինչի՞ պիտի ես էդ հետ չեկածների փոխարեն պատասխան տամ,- ասաց մի կին,- իրանք հանցագործներ չունե՞ն, կարող ա՞ հասարակության մյուս անդամները պատասխան են տալիս իրենց հանցագործների համար։
- Ես էլ եմ ուրիշ դեսպանատներում եղել, սրանց պես չի,- ասաց մի կին,- սրանք հատուկ չունեն հայերի հետ։
- Ֆաշիստ են, էլի հո զոռով չի,- ասաց մի ջահել։
Բանը հասավ նրան, որ հիշեցին գերմանացիների խաղացած դերը հայկական կոտորածներում՝ սուլթան Համիդի օրոք ու երիտթուրքերի։
Նշանակված ժամից արդեն քառասուն րոպե անցել էր, բայց Դղյակի դուռը համառորեն չէր բացվում։ Մարդիկ սառել էին, հոգնել կանգնելուց ու սպասելուց։ Վերնաշապիկով տղամարդը, որ հակագլոբալիստական ցույց էր կազմակերպել դեսպանատան դռան մոտ, ձեռքին եղած բանալիների խրցով սկսեց ուժգին բախել երկաթյա դարպասը։  Բայց դուռը համառորեն չէր բացվում։ Մենք նրան համոզում էինք, որ գնա, մեքենայի միջից վերցնի վերարկուն, բայց նա ասես որոշել էր իր մարմինը նախատեսվածից ավելի շատ կտտանքների ենթարկել։ Նա չգնաց դեպի իր մեքենան, որ բավականին հեռու էր կանգնեցրել, այլ գնաց դեպի նոտարական թարգմանչի գրասենյակը, որի տեղը այդտեղ հավաքվածներից բոլորը գիտեին։ Չգիտեմ՝ ինչ էր խոսել նոտարի հետ, բայց կարողացել էր դեսպանատուն ներխուժել հետնամուտքից։ Նրան, իհարկե, վռնդել էին ու ասել, որ գնա, դարպասի մոտ սպասի։ Տղամարդը վերադառնում էր կատաղությունից կարմրած.
- Սուրճ էին խմում, ընդմիջում են անում մարդիկ, մենք ստեղ զոհվենք էլ, պետքները չի։
-Բա եթե ընդմիջման ժամ ա, ինչի՞ են մարդկանց կանչում։  Բոլորիդ նույն ժամին չեն կանչե՞լ,- ասաց մեկ ուրիշը՝ էլի կատաղած։
Դղյակի դարպասի մոտ իսկական ինքնաբուխ հանրահավաք էր, և միայն մնում էր, որ մարդիկ գոռան՝ ազատ, անկախ Հայաստան։ Ու եթե գոռային էլ, ամենևին անտեղի չէր լինի։ Բայց դուռն էլի չէր բացվում։ Մի հիսուն մարմին սառչում էր դարպասի մոտ՝ սպասելով, թե երբ դռնապան կոչվող հոգավորը կբարեհաճի բացել։ Նշանակված ժամից անցել էր ավելի, քան կես ժամ։ Վերնաշապիկով մարդը, որն այնքան բորբոքված էր, որ չէր էլ մրսում, մատը դրեց զանգի կոճակի վրա ու մյուս ձեռքում եղած բանալիների խրցով սկսեց ուժգին հարվածել դարպասին։ Նա ոտքերն էլ գործի դրեց ու ընթացքում նաև գոռում էր. «Բացեք, այ անօրեններ, սառչում ենք, կանայք կան ստեղ, բացեք»։
- Ֆաշիստներ, նացիստներ,- լսվում էր հավաքվածների միջից…
Դռնապանին տեսնում էինք դարպասի ճաղերի արանքներով։ Նա գնում-գալիս էր, ու չէր շտպաում բացել դուռը։ Հնարավոր է՝ վախենում էր։ Բայց չբացել էլ չէր կարող։ Դռան հետևից զգուշացրեց, որ ներս երեք-երեք են թողնելու։ Ինչպես աղետների ժամանակ տղամարդիկ միահամուռ որոշեցին, որ կանանց առաջինն են թողնելու։ Առաջարկը ընդ որում վերնաշապիկով տղամադունն էր, ով բոլորիցս շատ էր սառչում։ Նա, ում կինը մահացել էր, նորից խնդրեց, որ իրեն առաջ գցեն, բայց տղամարդիկ ասացին՝ միայն կանանցից հետո։ Քանի որ Համբոն ինձ հետ էր, նրան էլ առաջ թողեցին։ Բայց դռնապանը, մեզ տեսնելով, ասաց՝ միայն մեկդ պիտի մտնի։
Համբոն էլի մնաց դրսում, իսկ սպասողների արական հատվածը, դռնապանի վրա ճնշում գործադրելով, ներս մտավ։  
Ես սպասում էի իմ հերթին ու այդ ընթացքում հետևում՝ ինչպես են մարդկանց ստորացնում բանտապահի օգնականները։ Սա հարցազրույցի ժամ չէր, բոլորին պատասխանի համար էին կանչել, իսկ դա նշանակում է, որ նրանց անձնագրերում վիզան կամ խփած էր, կամ չէ։ Քննիչներն արդեն ոչինչ փոխել չէին կարող, բայց շարունակում էին քննել մարդկանց ու գոռգոռալ նրանց վրա։ Շատերը խեղճանում էին, ու հուզվող աշակերտի պես տրված հարցերին ոչինչ չէին պատասխանում։ «Ձեզ եմ հարցնում»,- լսվում էր խցիկների խորքից։ Կողքս նստած երկու կանայք զրուցում էին։ Մեկը դժգոհում էր, որ առաջին անգամ չի գնում, բայց էլի էնպես են ստորացնում, ասես էս անգամը վերջինն է։   
- Ես տարին մի քանի անգամ եմ գնում, ու ամեն անգամ նույն բանն է,- ասաց մյուսը՝ մի սպիտակամազ, կիրթ կին,- Ինձ  առանձնահատուկ են ստորացնում։ Ինձ ընդհանրապես իրավունք չունեն հարցաքննելու ու իրենք դա գիտեն։
- Երևի չեն հիշում,- ասաց մյուսը,- բայց անձնագրի մեջ հո նշված է, որ գնացել եք ու վերադարձել։
- Ես դեսպան եմ, նախկին,- ասաց սպիտակամազ կինը, ու լռություն տիրեց։
Կանայք շարունակեցին ցածաձայն զրույցը ու իրենց հերթը զիջեցին ինձ։ Առաջին անգամվա էն քաղքենին էր։ Բարևիս չպատասխանեց, բայց նախորդ անգամվա համեմատ ընդգծված, արհեստականորեն բարեհամբույր էր։ Այնուամենայնիվ էլի հարցրեց՝ ուր ենք գնում, ինչ նպատակով, ինչքան ժամանակով և այլն՝ հարցեր, որոնց արդեն բազմիցս պատասխանել էի։ Կարծես իմ պատասխանների արդյունքում դեսպանը իր որոշումը փոխելու էր, և կախադանքով «վիզան» անհետանալու էր անձնագրիս միջից կամ հայտնվելու էր, եթե չկար։
- Հրավերով եմ գնում, բայց որոշել եմ այլևս չվերադառնալ։ Հարմարվելու եմ Եվրամիության անդամ պետություններից մեկնումեկի վզին։

Ոչ, ես չարտասանեցի վերը գրված նախադասությունը։ Բայց այնքան մեծ էր նման մի բան ասելու ցանկությունս, որ գոնե այստեղ, սերիալի շրջանակներում ցանկացա դա ասած լինել ու չառա չակերտների մեջ, չներկայացրի որպես մտքի ձայն, չասացի, թե այդպես ուզում էի ասել, բայց չհանդգցնեցի։ Ներող եղեք։
Բանտապահի օգնականը հանձնեց ինձ բոլոր փաստաթղթերը, որ հանձնել էի իրենց, և վրան՝ մեր անձնագրերը։ Առանց նայելու դրանք՝ վեր կացա, ասացի ցտեսություն ու դուրս եկա՝ մյուս բանտարկյալների բաեմաղթանքների, սփոփիչ խոսքերի և կարեկից հայացքների ուղեկցությամբ։ Համբոյի հետ քայլում էինք՝ վստահ, որ վիզան խփել են։ Մեկ էլ չեմ հիշում մեզնից որ մեկն ասեց.
- Չենք էլ նայում, կարող ա՞ մերժել են։

Հաջորդ սերիայում՝ կգնա՞ն արդյոք…

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր