02.08.2015

ՊԱՐԱ-ՊԱՐԱ-ՆՈ-ՅԱ


Էս գլխից ասեմ՝ ես թեյնիկ չեմ։ Սուլոցիս չսպասեք, թե չէ կմնաք սպասող։ Ոչ էլ ուզում եմ նախշազարդ ինքնաեռ լինել, ձեզ լինի... Ծառ չեմ՝ ոչ փթթած, ոչ հատած։ Չսպասեք, թե մի օր կդալարեմ։ Կոճղը դուք եք, ուրիշ նստարան գտեք ձեզ։ Զարդատուփ էլ չեմ, պղնձե լար չեմ, «Մադոննա» սպասք չեմ, որ տանեք վերնիսաժ, վերավաճառեք։ Մերիլին Մոնրոն չեմ, Հիտլերը չեմ, Նապոլեոնը չեմ, ոչ էլ Կեսարը կամ Մակեդոնացին։ Մի խոսքով՝ հոգեբուժւթյան համար բացարձակ անհետաքրքիր երևույթ եմ, չտեսնված անհետաքրքիր։ Ընդաենը ի՞նչ։ Ո՞նց թե...
Ես քայլող երաժշտություն եմ։ Լսո՞ւմ եք՝ լա-լա-լա-լա-լա, տրամ-պամ-պամ... Ես եմ՝ թեթևամիտ, մանկամիտ, մեծամիտ, փառամոլ, կռվարար, հեղափոխական, անհետևողական, թափթփված, ուշացող... Չաղլիկ ոտքերով, պստիկ ծիծիկներով ու պուճուրիկ պոչիկով։ Մի խոսքով՝ սեռապես չկողմնորոշված մարդ։
Բայց էս գլխից ասեմ. ես եմ, որ պիտի փրկեմ աշխարհը։ Չկասկածե՛ք։ Գուցե իսկապես հեզերն են ժառանգելու այն, բայց ես հեզ չեմ, և դրանով ամեն ինչ ասված է։ Չթվա, թե աչք եմ տնկել ուրիշի ժառանգության վրա. ով ժառանգում է, թող ժառանգի։ Կարևորն այն է, որ աշխարհը հիմա իմն է, և ես այն կավիրեմ, կթալանեմ մոնղոլ-թաթարի նման ու քամուն կտամ անբուժելի խաղամոլի պես։
Բա՛։ Վախենամ հեզերին բաժին հասնեն մնացորդները։ Ափսո՜ս։
Հա, ի՞նչ էի ասում։ Ասում էի, որ ես թեյնիկ, ծառ կամ Նապոլեոն չեմ, բայց այն, ինչ ես եմ, ոչ ոքի մտքով չի անցնել լինել։ Ես քայլող պոեզիա եմ, քայլող արձակ ու նույնիկ քայլող էպոս։ Որտեղ հանգով ու անհանգ գիր եք տեսնում, իմացե՜ք՝ իմ մասին է,՝ իմ չաղլիկ ոտքերի, իմ պստիկ ծիծիկների ու պուճուրիկ պոչիկի մասին։ Հայելի ջան, հայելի, ո՞վ կա ինձնից սիրելի։ Չկա, չկա... Մի բուռ հանճար ոտքերիդ մոտ շաղ ընկած, քեզնով հմայված, քեզնով սպանված, էլ վեպ ու պոեմ չեն խնայում։
Բա։ Մի օր այդ ամենը կտեղավորվի հեզերի գրադարակների վրա, նրանք կթերթեն ու կթերթեն, հեզորեն անգիր կանեն որոշ հատվածներ, բայց նրանց երբեք չի բացվի առեղծվածը։ Ափոս։
Հա, ի՞նչ էի ասում։ Ասում էի, որ ես քայլող գեղարվեստ եմ, պարարվեստ, թատրոն, կինեմատոգրաֆ, մի քիչ էլ ճարտարապետություն։ Նայե՛ք, ձեռքս բարձրացնում եմ վեր, գլուխս հետ եմ գցում, ծունկս թեթևակի ծալում եմ, ունքս ծռում եմ իմ ձևով, և պատրաստ է՝ փնթի-մնթի ոտնահետքերովս տիեզերքն է նկարված ասֆալտի վրա, մարդկանց աչքերում, հոգիներում։
Ասում էի, չէ՞՝ քայլո՜ղ, քայլո՜ղ, քայլո՜ղ...
Հե՜յ, նայե՛ք ինձ, սուլող թեյնիկներ ու նախշազարդ ինքնաեռներ, ծառե՛ր, Էդիպուսնե՛ր ու Լիրե՛ր, Ներոննե՛ր, Սարգոննե՛ր, Հիսուս-միսուսնե՛ր... Նայե՛ք ու նախանձից սատկե՛ք։ Ձեզ երբեք այսքան չեն սիրել։ Դուք չեք եղել այսքան գեղեցիկ։ Որովհետև ես քայլող ու կենդանի մարդ եմ և ոչ՝ մումիացված առասպել։
Բա՛։ Հեզերը ժառանգելու են առասպելները։ Իսկ ես մեռնելու եմ։ Ափսոս։
Հա, ի՞նչ էի ասում։ Ասում էի, որ քանի դեռ քայլող եմ ու կենդանի, ամուսնացեք ինձ հետ, պարոնայք։ Ես ձեզ մերսումներ կանեմ, կլվանամ ձեր գուլպաները, ձեզ համար ճաշ կեփեմ։ Ես կարող եմ պիտանի լինել ձեզ նաև անկողնում...
Իմ նախնական գինն է... Ի՞նչ։ Ինչպե՞ս։ Իմ նախնական գինն է... Մեկ, երկու... Բայց իմ նախնական գինը... Ո՞վ կտա... Մեկ, երկու, երեք։ Ձմերուկը բերեք։ Տանը մնացի...

1999
«Ծիկ» գրքից

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր