Հատված Վազգեն Գաբրիելյանի ««Պարանոյա». ինչո՞ւ, հանուն ինչի՞» հոդվածի /«Գրական թերթ», 15-31 հոկտեմբեր, 2000/, որով բանավեճ սկսվեց «Գրական թերթ»-ում։
....Գրողի ազատությունը կարեւոր ու անհրաժեշտ պայման է ճշմարիտ ստեղծագործության
ծնունդի համար, սակայն ազատություն չի նշանակում՝ ինչ մտածում եմ, կարող եմ ասել։ Գրողը
պարտավոր է միշտ աչքի առաջ ունենալ իր ընթերցողին, մշտապես պահել չափի զգացումը, հաշվի
առնել նաեւ իր ժողովրդի առանձնահատկություններն ու շահերը, փոքր ազգի բարոյական չափանիշները։
Չի կարելի, ասենք, մատնացույց անել ֆրանսիացիներին կամ հոլանդացիներին, թե տեսեք՝ նրանք
ինչ են անում ու գրում, թե հայ գրողը ինչո՞ւ պիտի հետ մնա նրանցից եւ պատկերների ու
բառերի ազատ ընտրության մեջ, ինչպես ասում են՝ «տալ ու անցնել»։ Չի կարելի ժողովրդավարության
ու «մարդու ազատության» անունից պաշտպանել սեռական շեղում ունեցողներին քաղաքացիություն
տալու հորդոր-պարտադրանքներն ու համակերպումը։ Չի կարելի «խղճի ազատության» անունից
պաշտպանել զանազան աղանդավորներին, որոնք կաշառված՝ տներն են խցկվում ու «մարդ որսում»,
եւ կոչ անել՝ ով ինչ աղանդ ուզում է՝ թող դավանի։ Եթե նույնիսկ դժգոհ ես քո եկեղեցու
գործունեությունից։
Գրողների «ազատությունը» առաջին հերթին նրա համար է, որ հենց
ինքը, իր խոսքի պատասխանատվության զգացողությամբ, չափակշռի իր խոսքը՝ մշտապես հաշիվ
տալով իրեն, թե ինչ է պատկերում, ինչ է ուզում ասել, հանուն ինչի, եւ որքանով է կարեւոր
իր ասելիքը։
Այս հարցերը տվե՞լ է արդյոք ինքն իրեն, ասենք, Արփի Ոսկանյանը,
երբ գրել է քնարական այն արձակ էջերը, որոնք հրապարակվել են վերջերս «Գարուն»-ում /թիվ
7/ եւ «Գրական թերթ»-ում /թիվ 11-12/։ Անպայմանորեն գրական ձիրք ունեցող երիտասարդ արձակագրուհուն
հատկապես քննադատելու նպատակ չունենալով /անբավարարությունս հղելով խմբագիրներին/,
պարզապես ուզում եմ իմ տպավորությունները կիսել ընթերցողի հետ նմանատիպ գրականության
մասին՝ հուսալով, թե կարող եմ տեղիք տալ մտորումների։
«Գարուն»-ում տպագրված նրա գործերը ժանրով պատմվածք չեն, թեպետ
այդպես է անվանված նյութերի ցանկում, ժանրաձեւը ճշգրիտ չի կարելի բնորոշել նաեւ «Գրական
թերթ»-ում տպագրված գործերի, բայց դա բոորովին էական չէ / ոչ ձեւը, ոչ անվանումը/, հեղինակն
ազատ է ձեւի ընտրության հարցում, կարեւորն ասելիքն է, նպատակը, կերպավորումը, որոնց
մասին էլ ուզում եմ խոսել։ Ավելի շատ քնարական
արձակ բանաստեղծություն հիշեցնող այս գործերի ընդհանուր խորագիր կարող էր դառնալ «Գարուն»-ում
տպագրված «Պարա-պարա-նո-յա» գործի վերնագիրը, որովհետեւ այդ երկու շարքում էլ առաջին
դեմքով պատմող հեղինակն իր քնարական հերոսին պատկերում է իբրեւ հոգեպես խեղված, խելագարված
անձնավորություն, ավելի ճիշտ՝ առավելապես
սեռական հողի վրա շեղված, իր նշումով՝ 22 տարեկան կին կամ աղջիկ։ Այնքանով,
որքանով հերոսուհին կերպավորվում է, վկայում է, որ մենք գործ ունենք գրական կարողություններ
ունեցող հեղինակի հետ։ Սակայն անմիջապես հարց է առաջանում. դրանով ի՞նչ է ուզում ասել
հեղինակը։ Որ կյանքում կա՞ն նաեւ այդպիսի շեղվածեր եւ խեղվածներ։ Ընթերցողները նրանց
տեսնում են իրենց շրջապատում։ Այլ բան է, թե հեղինակը կերպավորելով նրանց՝ փորձեր բացատրել
պատճառները, ընթերցողին խորհելու հիմքեր տար։
Հեղինակ-հերոսի ինքնաբնութագրումները
պետք է պատճառաբանված լինեն, եթե անգամ նա «խախտված» է, թեեւ մերթ լուրջ դատողություներ
է անում, մերթ խենթորեն «անկեղծանում»։
«Ես այլեւս վտանգավոր չեմ» խորագրի տակ է հավաքել Արփի Ոսկանյանը
«Գրական թերթ»-ում լույս ընծայած շարքը։ Չգիտեմ՝ վերնագրի տասնյակից ավելի տարբեր տառաչափերով կրկնությունը հեղինակի՞նն է, թե՞ խմբագրինը, լավ
է գտնված, որովհետեւ հայտարարվող հերոսուհին իսկապես խենթ է։ Հեղինակը, սակայն, պարտավոր
էր տեքստում հիմնավորել, թե հերոսուհին ինչո ՞վ էր առաջ վտանգավոր ու հիմա «այլեւս վտանգավոր
չէ»։ Շարքը բաղկացած է հինգ մասից /անջատված են աստղանիշերով/։ Հենց առաջին մասում
«հերոսուհին», դիմելով ինչ-որ տիկնանց, հայտարարում է, որ նրանք կարող են հանգիստ խմել
իրենց սուրճը, քանի որ նրանց ամուսիններն իրեն այլեւս չեն հետաքրքրում, եւ հիմա իր
մեջ ոչ մի չարություն չկա, թեեւ ինքը «վաստակել է չարանալու իրավունը»։ Եւ ոչ մի ակնարկ,
թե ինչու։ Որտեղի՞ց այդքան չարություն, այդքան մաղձ 22-ամյա աղջկա մեջ ամուսին ունեցող
բոլոր տիկնանց նկատմամբ, որոնք իր երեւակայության մեջ «փայտոջիլների նման գալիս-հարմարվում
են» իր «ծոծրակին, ստինքին, պորտին, ազդրերին» ու ծծում արյունը։ Պե՞տք է ենթադրել,
թե այս 22-ամյա աղջիկը մի ժամանակ /այդ ե՞րբ հասցրեց/, չարությամբ լցված, վտանգավոր
է եղել այդ տիկնանց /քանի/ համար, եւ հիմա այլեւս վտանգավոր չէ, չար չէ։
Հասկանալի չէ, թե ում համար էր առաջ վանգավոր եւ այլեւս վտանգավոր
չէ նաեւ շարքի երկրորդ պատկերում, ուր «հերոսուհին» ինքն իրեն խորհուրդ է տալիս չհավատալ
հեքիաթներին, թե իր սիրած տղան կգա, քանի որ նա հիմա իր անսանձ երեւակայության մեջ
«ապրում է գերեզմանոցում, մորթում է իր սիրուհիներին, ունի հսկա ժանիքներ», իսկ ինքը
պարտավոր է փախչել եւ «մուրացիկներին բաշխել կուսությունը»։
Երրորդ պատկերը նույնպես հասկանալի չէ հոգեբանական իմաստով։
Աշնան վերջին օրերն են, մեղուները վերջին նեկտարն են հավաքում, ինքն էլ մահու չափ հոգնած
է ու երջանիկ։ Բայց որոշում է, որ այլեւս չի գնալու ամենօրյա ժամարության իր սիրածի
մոտ։ Որոշում է ամբողջ այդ օրը մենակ թափառել, իսկ երեկոյան խառնվել պոռնիկներին, տրվել
պատահած տղամարդուն եւ երանություն է ապրում այն մտքից, որ պոռնիկների մեջ ինքն ամենից
գեղեցիկն է, որ բոլորը նայում են իր թմբլիկ ազդրերին ու ստինքներին, որոնցից ձախը մեծ
է աջից, եւ որ պիտի թույլ տա, որ այդ պատահած տղամարդն իրեն «սեղմի, ճզմի ու ճմրթի
իր գրկում», եւ այդպես նաեւ հաջորդ օրերին։ Հետո՞։ Ինչո՞ւ եւ ինչպե՞ս տեղի ունեցավ
այդ կերպափոխությունը։ Եւ ո՞ւմ համար նա այլեւս վտանգավոր չէ։
Չորրորդ պատկերում 22-ամյա հերոսուհին թեեւ իրեն խելագար չի
համարում /Ինձ դուր է գալիս ճեմել ելագարության եզրով եւ ես ցանկանում եմ անցնել այդ
ճամփան»/, սթափորեն վերլուծում է իրեն, իր տեսակը բնութագրում իբրեւ «դասական «բոզի
վաստակ», բայց երեւակայության մեջ իրեն պատկերացնում է թշնամիներով լցված քաղաքում, տառապում է հետապնդման մանիայով,
իսկ շուրջը «վխտում են տանուլ տված սիրածների ստվերները»։ «Եւ ես այնքան սոված եմ ու
տխուր, որ հատակի ճեղքից հսկայական ֆալոսներ են բարձրանում»։ Խելագարությունը հասկանալի
բան է, հոգեվիճակի հակասությունը նույնպես, բայց նույնիսկ այս դեպքում բարդ նաադասության
երկու մասերի տրամաբանական կապը պարտադիր է։
Բայց ահա վերջին պատկերում հերոսուհին, ընդհակառակը, վտանգավոր
է, որովհետեւ խելագարությունը նրան հասցրել է այն աստիճաի, որ պառկել է հատակին եւ
սիրած տղային հրավիրում է «խոշտանգելու» իրեն։ Եւ եթե, իրոք, խելագարը կարող է ամեն
ինչ ասել, գրողը պարտավոր է բառերի ընտրություն կատարել՝ այդքան «նատուրալիստ», սահմռկեցուցիչ
չլինելու համար։ Նա հրավիրում է տղային՝ խոշտանգել իրեն եւ ներքին ու արտաքին օրգանները
/թվարկում է մեկ-մեկ/ խորովել, տապակել սոխառածով կամ շոգեխաշած, ատամների տակ խռթխռթացնելով
ծամել... եւ պարզվում է՝ վրիժառության հարց էլ կա. նա մտադիր է իր թունավոր մսով թունավորել
տղային, տեսնել մեռած ու կատպած եւ նույնիսկ այդ դեպքում՝ «Ինչ ցանկալի ես դու՝ հատակին
փռված, կուշտ, թունավորված»...
Որ ի՞նչ, հետո՞ .... Ինչո՞ւ այս ամենը եւ հանուն ինչի՞։ Ի՞նչ է
ստանում ընթերցողը... Խեղված, չարությամբ, մաղձով լցված, չպատճաաբանված 22-ամյա «հերոսուհի»...
Ի՞նչ նպատակով են գրված «Գարուն»-ի «Պարա-պարա-նո-յա» եւ «Մի
հրեշավոր պատմություն» արձակ պատկերները։ Այդ ի՞նչ մոլություն է, որ հերոսուհուն մղում
է մեկ անգամ հրեշի հետ «պարտադրված» «պառկելուց»
հետո անընդհատ պառկել ուրիշ հրեշների հետ /ոչ թե սիրել, այլ պառկել/, եւ այդ հրեշները,
մինչ ինքն իր նպատակին կհասնի, կերպափոխվում են, մեկը շուն է դառնում, մեկը՝ կատու,
մյուսը՝ խոզ, մեծ մասը՝ մարդ եւ այլ արարածներ, իսկ ինքն անբավական է, իր թաքուն երազը
մնում է չկերպափոխվող հրեշի հետ «մինչեւ վերջ» պառկելը։ Չեմ կարծում, թե Ոսկանյանը
կարծում է, որ ընթերցողները շատ պիտի ոգեւորվեն, եթե իր հերոսուհին տարբեր պահերի
/հաճախակի/ չմոռանա «սեռական» հիշեցումներ անել՝ թվարկել իր մարմնամասերը եւ ցանկությունները.
«Ես կարող եմ պիտանի լինել ձեզ նաեւ անկողնում», «իմ նախնական գինը...», «նոր-նոր էի սկսել հեւալ հաճույքից, մեկ էլ տեսնեմ
ազդրերիս արանքում ձուկ է թպրտում», «Ես իմ կուսաթաղանթի ձեռը կրակը չեմ ընկել, ժամանակին
հարցերը լուծել եմ ու հիմա դրանից պատմություն չեմ սարքում» եւ այլն։
Պարզվում է, որ Ոսկանյանը կնոջ «ազատության» նոր ըմբռնման հայտարարագիր
էլ ունի իր հերոսուհու /որ այս անգամ խենթ չէ/ բերանով, որ ընթերցողը կարող է ընկալել
որպես հեղինակինը։ «Գարուն»-ում տպագրված փոքրիկ, պարզ ու հստակ պահանջով ձեւակերպված
հայտարարագիրն է «Մանիֆեստ» վերնագրով, ուր հերոսուհին հայտարարում է, որ ինքն իր կուսության
հարցերը լուծել է եւ ավելացնում է. «Ես Հակակույսն եմ եւ եկել եմ ապակուսացնելու պառաված
օրիորդ իմ հայրենիքը... Հայեր, նայեք ինձ, ես մերկ եմ ու անամոթ։ Ես գեղեցիկ եմ ու
սիրահարված ինձ։ Ես առողջ եմ հեթանոսի պես։ Հայեր, եղեք ինձ նման»։
Այսպիսի հայտարարագիրը կարծում եմ քննարկման հրավեր է «Գարուն»-ի
ընթերցողներին։ Հետաքրքիր է համեմատել հայ կնոջ «ազատագրության» շուրջ ծավալված շարժումը այս դարավերջի՝ հայ կնոջ «ազատության» մասին հնչած այս հայտարարագրի հետ։ Բայց այս
մասին չէ, որ ուզում էի խոսել եւ ոչ էլ հատկապես
Արփի Ոսկանյանի։ Նա հետեւում է մյուսներին։ Ես ուզում էի խոսել գեղարվեստական ստեղծագործության
նյութի, ասելիքի կարեւորության, նպատակի ու նաեւ, որ անկարեւոր չէ, բառապաշարի ընտրության
մասին, գրողի պատասխանատվության ու չափի զգացման մասին, գրական երկի ձեւի մասին, որ
կարեւորելով, Պարույր Սեւակը այնուամենայնիվ, երկրորդում էր՝ երիտասարդ գրողների նոր
փորձերի մասին ասելով. «Ինչպես ուզում են, թող գրեն...», «միայն մեկ պայմանով, թող
բան ասեն. այդ բանը լինի թարմ եւ չլինի չնչին»։
Комментариев нет:
Отправить комментарий
ասա, մեջդ մի պահիր