ԶԱՏԻԿ
Միասնության կոչերից հազար անգամ թանկ է
բաժանարար գիծը՝
իմ ու ձեր արանքում,
Գրկախառնության մեջ
ձեզ միաձուլվելուց՝
զատումը ձեզնից,
ձեզ սիրելուց՝
ձեզ ատելը,
զտվելը։
Մենք երբեք չենք քայլի միասին,
եթե անգամ դա ոչ թե զբոսանք,
այլ երթ է
հանուն արդարության,
ազատության
և հայրենքի։
Առավել ևս։
Մենք երբեք չենք գոռա նույն բառը,
եթե անգամ այդ բառը «սեր»-ն է,
«խաղաղություն»-ը,
«հաղթանակ»-ը։
Առավել ևս։
Պիտի մնա՞ն ինչ-որ բառեր աշխարհում,
որ նշանակում են ինչ-որ բան։
Ինչքա՞ն ճառել,
Ինչքա՞ն վաճառել
և մինչև ո՞ւր կարելի է քայլել
ընկերների դիերի վրայով…
Այն, ինչ զատել է ինձ ձեզնից,
զատել է ընդմիշտ։
ՍԱՀՄԱՆ ՄԵԾԱՀՈԳՈՒԹՅԱՆ
Դուք կներեք ու ձեր գիրկը կառնեք նրանց,
Որ խփեցին ձեզ թիկունքից,
Եվ ոստիկանին, որ մահակով եկավ ընդառաջ,
Եվ քննիչին, որ կտտանքների ենթարկեց,
Եվ դատավորին, որ վճիռ կարդաց,
Եվ դատախազին, որ դատապարտեց,
Բոլորին, որ ձեր կյանքը
Բանտ սարքեցին ձեզ համար,
Եվ հատկապես նրանց կներեք,
Որ գնդակահարեցին ձեզ սառնասրտորեն,
Բայց երբեք, չհավատաք, երբեք
Չեք ների ձեր ընկերոջը,
Որին ծախեցիք։
ՄԱՐԴՆ՝ ԸՆԴԴԵՄ ՈՀՄԱԿԻ
Էլի ոհմակը շուրջկալեց մարդուն,
Եվ կապ չունի՝ գայլերի ոհմակը մարդո՞ւն,
Թե՞ մարդկանց ոհմակը՝ գայլին,
Մենակն է մարդը։
Անդադար կրկնվող պատմություն,
Բայց ամեն անգամ սրտից արյուն քամող,
Ու էլի ուզում ես հասնել, փրկել մարդուն,
Բայց չես գնում,
Որովհետև ի՜նչ փույթ,
Թե ոհմակը հաղթի ոհմակին,
Սա Մարդու կռիվն է։
Աղոթիր նրա համար։
ԱՂՈԹՔ
Ես չեմ աղոթում,
Որովհետև չեմ հավատում Աստծո գոյությանը։
Բայց երբ նրանք ի ցույց են դնում իրենց դեմքերը,
որոնց հետ կյանքը վարվել է ուզածի պես՝
ջնջխել, ջնջել ու լղոզել դիմագծերը,
որ երեկ դեռ ծանոթ էին ու հարազատ,
Իմ դեմքով ապրած ամեն օրս
դառնում է Աստծու օր,
Եվ ամեն Աստծու օր
ես չէ,
շուրթերս են մրմնջում մեքենայաբար.
– Աստված ջան, խնդրում եմ՝ թույլ չտաս,
Որ կորցնեմ իմ դեմքը մարդկային,
Տեր Աստված ջան…
ԵՐԲ ՀԱՂԹԵԼՈՒՑ ՊԱՐՏՎԵԼՆ Է ԼԱՎ
Սկզբում քեզնից կխլեն իշխանությունը,
հետո քեզնից կխլեն հացը,
հետո քեզնից կխլեն հրապարակը,
ու դու, չիմանալով ուր գնալ,
որտեղ կարող ես քեզ դեռ մարդ զգալ,
կվերադառնաս հրապարակ՝
ինչպես քեզ կթվա,
չզիջելու կամ հետ գրավելու
ընդդիմադրի քո անառիկ դիրքերը
ու կկանգնես նրանց կողքին,
որ քեզնից խլեցին իշխանությունը,
հետո հացը,
հետո հրապարակը,
ու այն պահին, երբ քեզ կթվա,
թե էլի ընկար քո տեղը,
ու գուցե քեզ լավ զգաս,
նույնիսկ մի քիչ էլ՝ մարդ,
իմացիր՝ քեզնից խլեցին քեզ։
2014 թ.
«Գրողուցավ» կայքից
Комментариев нет:
Отправить комментарий
ասա, մեջդ մի պահիր