20.03.2020

ԵՐԿՐՈՐԴ ԳԱԼՈՒՍՏԸ



     Մթնում էր։ Կեղտագույն փոշի էր թափվում երկնքից։ Թափվում էր սև, լայն թիկնոցիս վրա։ Հետո հասկացա, որ դա թիկնոց չէր, այլ մազերս էին։ Երբ փոշին սկսեց սևանալ, ես հասկացա նաև, որ դա ամենասովորական առաջին ձյունն էր, որն արդեն սկսել էր դադարել։
     Ծառուղին, որով քայլում էի, նույնպես սև էր։ Այստեղ-այնտեղ վառարաններ կային դրված, և դրանց շուրջը հավաքված էին սև սքեմներով մարդիկ։ Ոմանք տաքանում էին, ոմանք շտապում էին ինչ-որ տեղ։ Նրանց սքեմների վրա կեղտագույն խաչեր էին դաջված։ Իսկ սքեմների տակ էլի սքեմներ կային։ Նրանք այլայլված նայում էին ինձ։ Չհասկացա, թե ինչու։
     Ծառուղին, թվում էր, վերջ չունի։ Ճանապարհին նորանոր սքեմավորներ էին հանդիպում։ Նրանցից շատերի դեմքերը ծանոթ էին, բայց չէի կարողանում հիշել, թե որտեղից։ Բոլորը նայում էին ինձ ապակե աչքերում թաքցրած ատելությամբ։ Հենց ուզում էի բարևել, նրանք իրենց ապակե հայացքները հառում էին երկինք։
     Դիմացից եկող սքեմավորին իր սքեմը շատ էր սազում։ Դեմքը վերջապես հիշեցի։ Դասընկերս էր։ Մի ժամանակ նա հաճախում էր հոգեգալստականների հավաքներին և ինձ հայհոյում էր կտակարանով։ Չնայած այդ ամենին՝ ցանկություն ունեցա հետը զրուցելու և մոտեցա։ Նա չռված աչքերով նայեց ինձ ու, այն է՝ ուզում էի բարևել, գոռաց ապակե ձայնով.
     – Դարձի եկ, մեղավոր կին, ծածկիր վավաշոտ կրծքերդ և ապաշխարիր։ Մոտ է Հիսուսի գալուստը…

21.02.2020

Հանդիպումներ «Ջազզվե»-ում։ Անգլերենը

Հիսունհինգ տարեկան էր Աշոտը, երբ հերթական անգամ գրանցվեց անգլերենի դասերի։  Ինչքան հիշում էր իրեն, միշտ կամ մասնավոր դասերի էր հաճախում, կամ խմբակային, սակայն երբեք չէր հաջողում լեզվի յուրացումը հասցնել հաղթական ավարտի։ Պատճառներից մեկը, իսկ գուցե գլխավոր պատճառն այն էր, որ անգլերենը առօրյա կյանքում պետք չէր գալիս Աշոտին, նա չուներ իր ստացած գիտելիքները օգտագործելու հնարավորություն, դրանք արագ մոռացվում էին, և Աշոտն ամեն անգամ ստիպված էր լինում սկսել նորից։ Ու թեպետ անգլերենը նրան գործնականում պետք չէր, նա չէր հրաժարվում անգլերեն սովորելու մտադրությունից. անգլերենի իմացությունը թվում էր նրան ժամանակակից աշխարհի մասը լինելու, իրեն ոչ միայն ծերացած ու անպետք չզգալու, այլ ընդհանրապես ողջ զգալու անհրաժեշտ պայման։ Սակայն գոյատևման, կամ այլ կերպ ասած՝ ողջ մնալու համար գործադրվող առօրյա ջանքերը երկրորդական էին դարձնում այնպիսի հոգսը, ինչպիսին է ինքնիրեն ողջ զգալու անհրաժետությունը։  Եվ միայն այն ժամանակ, երբ գոյատևումն ապահովելու բեռը տանելի էր դառնում, և կարողանում էր իր վաստակից ինչ-որ բան փախցնել կնոջից ու երեխաներից, Աշոտը ձեռնամուխ էր լինում անգլերենի պարապմունքները վերսկսելուն։

Հանդիպումներ «Ջազզվե»-ում։ Նրա սիրտն ազատ էր



Հակառակ ընդունված կարծրատիպի, թե գեղեցիկ կանայք լինում են անխելք, իսկ խելացի կանայք՝ տգեղ, և գեղեցկությունը խելքի հետ համատեղելի չէ՝ Աննան գեղեցիկ էր ու խելացի միաժամանակ։ Նրա գեղեցկությունն այնքան անթաքույց էր, որ ապացուցման կարիք բոլորովին չուներ, իսկ խելքը հավաստում էին գիտական աստիճանն ու համալսարանում ամբիոնի վարիչի պաշտոնը, գիտական աշխատություններն ու հոդվածները, ինչպես նաև հասարակական ակտիվ գործունեությունը։ Սակայն խելքի ամենակարևոր վկայականը, ինչպես կարծում էր ինքը, իր ստեղծած ընտանիքն էր՝ երկրի լավագույն փաստաբաններից համարվող ամուսինն ու շնորհալի երեխաները։
Մասնագիտական ճակատում տարած հաղթանակները չէին շփոթեցրել ու շեղել Աննային իրական երջանկության ուղուց, մանուկ հասակում նրան բարեհաջող ներնչել էին, որ կնոջ համար աշխարհում ամենակարևորը ընտանիք ունենալն է։ Իր կազմած ընտանիքը չխուսափեց, իհարկե,  հայկական ընտանիքներին պատուհասող խնդիրների ստանդարտ փաթեթից՝ լարվածություն սկեսուրի ու տալերի հետ, ամուսնու հայրական ընտանիքից անջատ ապրելու անհաջող փորձեր, նյութական դժվարություններ և այլն։ Երբեմն թվում էր՝ նախկին սիրուց ոչինչ չի մնացել, համատեղ կյանքը դառնում էր անիմաստ ու անտանելի, սակայն Աննան հեռու էր վանում բաժանվելու միտքը, ստիպում իրեն համակերպվել ու համբերել։ Նա համբերատարորեն հաղթահարեց բոլոր դժվարությունները՝ վստահ, որ մի օր այդ ամենը մնալու է անցյալում, և իրենց ընտանիքին խանգարող ոչինչ ու ոչ ոք չի լինելու։ 

15.02.2020

Հանդիպումներ «Ջազզվե»-ում։ Ֆրիլանսերի սերը


Մարտինը գնում էր Ջազզվե, ինչպես աշխատանքի։ Սա կարելի է ասել սրճարանների բազմաթիվ մշտական այցելուների մասին, որոնք կապվում են մի որոշակի սրճարանի և չեն պատկերացնում իրենց օրն առանց այդ սրճարան այցելելու, սակայն Մարտինի դեպքում պետք է բառացի հասկանալ. Ջազզվեն նրա համար աշխատավայր էր դարձել։
- Խնդրում եմ՝ մի գործ գտիր դրսում,- ասում էր նրան կինը,- ես այլևս այսպես չեմ կարող…
- Դրսի ի՞նչ գործ գտնեմ,- ուսերն էր թոթվում Մարտինը,- ես սցենարիստ եմ, պիտի տանը նստեմ, սցենար գրեմ…
Մարտինի կինը՝ Անժելլան, սիրում էր, որ ամեն ինչ տեղը տեղին լինի՝ համաձայն գրված ու չգրված կանոնների։ Նա դասավորել էր իր կյանքը նույնպիսի պեդանտությամբ, ինչպես զգեստները, գրքերը, սպասքը և մյուս իրերն էր դասավորում պահարաններում։ Նրա կյանքում մարդիկ և իրերը իրենց տեղն ունեին, և նա չէր սիրում, որ այդ տեղը փոխվում էր։ Ամուսինը, ըստ Անժելլայի, ընտանիքը կերակրողն էր և առավոտյան պիտի դուրս գար տնից ու վերադառնար երեկոյան։ Երբ հինգ տարի առաջ Մարտինը խզեց պայմնագիրը հեռուստաընկերության հետ և սկսեց աշխատել տնից՝ ընդգրկվելով զանազան մասնավոր կինոնախգծերում, Անժելլան զգաց, որ իր դասավորված կյանքը սկսում է փլվել։