Երբ օրաթերթի համար գրեցի իմ հարսանիքի պատմությունը, չէի պատկերացնում, որ այն այդքան ընթերցող կունենա։ Քաղաքական նորություններ փնտրող ընթերցողին ի՞նչ պիտի հետաքրքրեր ինչ-որ մի՝ թեկուզև մեր ոչ չաղ, ոչ էլ հայկական հարսանիքի պես հարսանիքը (տես նախորդ գրառումը)։ Բայց նյութս երկու ամիս դուրս չէր գալիս ամենաընթերցվողների ցուցակից, մինչդեռ քաղաքական ինտրիգները նույն ցուցակում փոխարինում էին մեկը մյուսին։ Այսինքն՝ մեր օջախապաշտ հասարակության մեջ մասնավոր երջանկության թեման հանրային դժբախտության թեմայից պակաս վարկանիշային չէ։ Այդ պատճառով էլ որոշեցի շարունակել այս պատմությունը, չնայած հարսանիքը տրաֆարետայնորեն ֆինալ է և ոչ թե սկիզբ։ Քիչ թե շատ պատմելու արժանի պատմությունների զգալի մասն ավարտվում է կամ հարսանիքով, կամ հարսանիքի չկայացմամբ։ Դրա պատճառը արմատացած մտայնությունն է, թե ամուսնությունը սիրո, ազատության ու հնարավոր բոլոր լավ բաների գերեզմանն է։ Լավ բաներ ասելով՝ նկատի ունեմ բաների այն տեսակը, որոնք իրենց մեջ օրիգինալություն են պարունակում, քանի որ ամուսնությունից հետո կյանքն իսկապես էլ ենթարկվում է որոշակի ստանդարտացման՝ թեկուզ հենց միայն կենցաղի կտրվածքով։ Եվ այնուհանդերձ, դա սոսկ մտայնություն է. հիշենք մեզ փոքր հասակում, երբ դեռ կարծրատիպերն այսքան չէին հեշտացնում մեր կյանքը, հիշենք մեր տանջալից մտորումները քնից առաջ պատմվող ձանձրալի հեքիաթներից հետո, և զգացողությունը, թե պատմությունն ավարտվեց այն պահին, երբ նոր-նոր սկսելու էր հետաքրքրանալ։ Բոլոր նրանց համար, ովքեր երկար շուռումոռ էին գալիս անկողնում՝ մտածելով, թե ինչ արեցին հետո արքայազնն ու արքայադուստրը, ես կպատմեմ նաև մեր մեղրամսի մասին, մանավանդ որ այն մեր հարսանիքին արժանի շարունակություն է։
Արդեն ասել եմ, որ մենք միասին էինք ապրում մինչ հարսանիքը, և դրանից պետք է ենթադրել, որ ամուսնությունը մեր կենցաղում էական փոփոխություն չմտցրեց։ Բայց այնպես ստացվեց, որ մեր համատեղ կյանքի ընթացքում մեղրամիսն աշխատանքով ամենածանրաբեռնված ամիսն էր՝ այնքան ծանրաբեռնած, որ այդ ամսվա ընթացքում մենք ոչ մի անգամ չհաջողացրինք քաղցրացնել մեր կյանքն այն հնարքով, որ այդպես հաճախակի կիրառում են նորապսակները։ Համբարձումը սերիալի սցենար էր վերցրել, իսկ ես պահում էի օրաթերթի աշխատանքը, ու չնայած մեկս մյուսիս օգնում էր, մեր զույգ համակրգիչները չէին անջատվում գիշեր-ցերեկ, ու մենք չէինք հասցնում շփվել իրար հետ։ Մենք ըստ երևույթին շատ ծանր էինք պատկերացրել հարսանիքից հետո մեկնարկող ընտանեկան հոգսերը, որ այդքան բեռ էինք վերցրել մեր ուսերին։ Բայց անցավ մեղրամիսը, և դժոխքն ավարտվեց։ Մեղրամսից հետո սկսվեց իսկական մեղրամիսը, որն իրականում համատեղ կյանքն է սիրած մարդու հետ։ Ահա հենց այդ մեղրամսի մասին էլ ուզում եմ գրել, մանավանդ որ բուն մեղրամիսը նկարագրելու իրավունք ավելի շատ Համաձումն ունի, քանի որ սերիալի սցենարն ինքն էր գրում ու կարճատև սրճադադարների ժամանակ սպառնում էր, որ պատմվածք է գրելու, էն էլ ի՜նչ պատմվածք... (Գրողների համատեղ կյանքում ընդհանուր նյութի բաժանումն ու դրա շուրջ ընթացող բանակցւթյուններն էլ մի առանձին երգիծական պատմվածքի նյութ են)։ Բայց հիմա Համբոն էլի նոր սերիալ է հանձն առել, ես էլ, փաստորեն, գործազուրկ եմ, ու որոշեցի նրան զորակցելու համար մի սերիալ էլ ես գրել՝ ինտերնետային հանրության համար։ Վստահեցնում եմ՝ հետաքրքիր է լինելու, եթե անգամ լավ չգրեմ։
Այսպիսով, «Մեղրամիսը», ինչպես ցանկացած իրեն հարգող սերիալ, ձեզ կուղեկցի աշխատանքային օրերի ընթացքում։ Սերիալային ռիթմը պահելու համար հանգստյան օրերին կարող եք ընթերցել բաց թողածը՝ սեղմելով «Մեղրամիս» կոճակը։
Սերիալը կմեկնարկի ապրիլի 18-ին։ Բաց մի թողեք բացառիկ հնարավորությունը՝ տեղեկանալու, թե ինչեր կարող են կատարվել հարսանիքից հետո։ :)
Комментариев нет:
Отправить комментарий
ասա, մեջդ մի պահիր