18.04.2011

Post 1. Ամուսնական կյանքի առավոտը


Առավոտ է։ Ամուսնական կյանքի լուսապայծառ առավոտներից մեկը։ Արևի առաջին ճառագայթների ներքո փայլում է Համբարձումի ճակատը։ Նա դեռ պատված է երազների թանձր մշուշով, որոնք դիտել ես չեմ կարող, ուստի հնարավորինս անձայն վեր եմ կենում անկողնուց, անցնում կողքի սենյակ, միացնում համակարգիչը։ Ժամը 16.01 է։ Կամ 15.23։ Դա կարևոր չի։ Կարևորը՝ դուք հասցրեցիք նկատել, որ վաղուց արդեն առավոտ չէ, բայց ես չեմ արթնացնում ամուսնուս, որպեսզի անարգել թափառեմ սոցիալական կայքերում ու համացանցի անծայրածիր տիրույթներում, իմանամ՝ ինչ են գրում ինձ իմ ընկերնեը, ինչ է կատարվում աշխարհում և այլն։ Նույն կերպ վարվում է իմ սիրելին, որովհետև քանի դեռ մեզնից մեկը քնած է, մյուսն ունի ինտերնետից օգտվելու հնարավորություն։ Ընկերներիցս մեկը մեզ նոթբուք նվիրեց, որպեսզի կաողանանք աշխատել՝ առանց իրար խանգարելու։ Բայց միայն մի նոթբուքն է միացված համացանցին, և այդ համակարգչի համար մեր տանը արյունոտ մարտեր են տեղի ունենում։
Ընթերցողի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե մենք, ուրեմն, էլ հոգս չունենք ու  չունենք ֆինանսական խնդիրներ, մեր ընտանիքը հովանվորվում է մշակույթի նախարարության կամ որևէ անհատ ձեռներեցի կողմից, կամ էլ գրանտ է կպցրել։ Վատ չէր լինի, իհարկե, եթե նման բան լիներ, բայց մենք, անշուշտ, մարդկության ու մեր հասարակության մի մասն ենք, ու մեր տանն առկա սոցիալական նյութը կարող է զարդարել ցանկացած օրաթերթի սոցիալական էջը։  Հիշենք հայ գրողների լեգենդար ծանր սոցիալական վիճակը բոլոր ժամանակներում (բացի խորհրդային ժամանակներից), և պարզ թվաբանական գործողությամբ կարելի է հասկանալ, որ երկու գրող պիտի կրկնակի դժվարությամբ հոգան իրենց բաժին ընկած առօրյա հոգսերը։
Բայց ես չէի ցանկանա  «Մեղրամիս»-ը դառնացնել նյութական միջոցների սակավության մասին տրտունջներով։ Մանավանդ այն հղացված է որպես սերիալ, իսկ սերիալի հիմնական ֆունկցիան, ինչ էլ որ նկարեն հայրենի արտադրողները, կոմպենսացիոն է, որ նշանակում է՝ սփոփել մարդուն մեկ այլ, իր կյանքից տարբեր ու առավել լուսավոր կյանքի գոյությամբ։ Իսկ դա նշանակում է, որ մեր կյանքի որոշ դրվագներ ես պարզապես ստիպված եմ լինելու ֆոտոշոփով մշակել։ Բայց մյուս կողմից՝ սերիալը կոչված է նաև կենսաձևի մոդելներ առաջարկելու՝ այդ թվում մոդելներ մեր օրերում այնպիսի փխրուն ու խոցելի գոյության համար, ինչպիսին ընտանիքն է։ Ես էլ կփորձեմ նման բան անել, ու այն հատվածներում, որոնք լրացուցիչ մեկնաբանության կարիք կունենան, կօգտագործեմ սերաիլներում կիրառվող պրիոմները՝ մտքի ձայն, ֆլեշ-բեկ և այլն։ Եվ ուրեմն.

Ֆլեշ-բեկ
Ամուսնական կյանքի լուսաբաց։ Համբարձումը, բազմոցին պառկած, մտահոգ ծխում է։ Ես սուրճ եմ բերում՝ սկուտեղի վրա։ Նորաստեղծ ընտանիքի օրակարգում աշխատանքի բաժանման հարցն է։
Համբարձում - Լավ ա, էլի, ես աշխատելու եմ, որ քեզ պահեմ, իսկ դու պատմվածքներ ես գրելու։

Մտքի ձայն
Իմ մտքի ձայնն այս հատվածում մի վեց էջ ծավալվեց, հասավ մարդկության պատմության խորքերը, բայց այդ վեց էջն ավելի շատ գիտական հոդված է ֆեմինիզմի մասին, ուստի այն հանում եմ շարադրանքից և, թեմայից չշեղվելով, ասում միայն՝ ես չեմ սիրում աշխատել, սպանեք ինձ։ Ավելին՝ չեմ տեսել առաքելություն ունեցող և մտածող մի մարդ, որ սիրի աշխատել։ Նկատի ունեմ այն աշխատանքը, որ կերակրում է մեզ, և ոչ այն, որ մեզ ստեղծագործելու ու ինքնարտահայտվելու հնարավորություն է տալիս։ Աշխատանքը միշտ համարել եմ ստրկություն և հիմա էլ եմ համարում, ու իմ պատկերացրած երջանիկ հասարակության մեջ այն հասցված է նվազագույնի։ Մանկուց ինձ զբաղեցրել է նաև աշխատանքի բաժանման հարցը ընտանիքներում։  Իմ սովետական մայրիկը, որ երկու ինստիտուտ է ավարտել, նաև հինգ երեխա ծնել, միշտ աշխատել է և եղել է ու կա ակտիվ քաղաքացի։ Բայց նրան կրկնելն իմ ուժերից վեր է, ոովհետև Աստված մարդկանց նույն էներգիայով չի օժտել, և ես խիստ անարդարացի եմ համարում կնոջ նկատմամբ կիրառել ընատնիքի այդ մոդելը։ Կնոջ ու տղամարդու միջև դեռևս կա որոշ կենսաբանական տարբերություն՝ դրանից բխող ծանր հետևանքներով։ Խոսքն այստեղ հավասարության ու անհավասարության մասին չէ, այլ արդարության։ Դրանով ամենևին չեմ ցանկանում նսեմացնել ֆեմինիզմի կատարած գործը։ Կինը պետք է աշխատի, եթե ուզում է և եթե կարող է, բայց դա չպիտի լինի պարտադրանք։ Ընտանիքի իմ պատկերացման մեջ գլխավոր աշխատուժը տղամարդն է, որովհետև ես կարծում էի, և անձնական փորձս հաստատեց կարծիքս, որ կինն ամուսնանալով արդեն իսկ աշխատանքի է տեղավորվում՝ հավաքարարի ու խոհարարի դրույքով, էլ չեմ խոսում դայակի հաստիքի մասին, որ սպառնում է յուրաքանչյուր ամուսնացած կնոջ։
Սա ընտանիքի մասին ունեցած իմ պատկերացումն էր, որն անկիրառելի գտնվեց իմ ստեղծած ընտանիքի նկատմամբ, քանի որ իմը ընտանիք չէ, այլ գրողների միություն, գրական ակումբ, խմբագրություն։ Եվ ես հասկանում եմ, որ գրողը սիրուց շատ, սննդից ավելի, ազատությունից առավել ունի գրելու կարիք։ Գրողը, թե կուզեք իմանալ, թմրամոլ է, որ ամեն օր պետք է ստանա իր չափաբաժինը, թե չէ կկորցնի ապրելու իմաստը։ Գրողի համար գրելն է աշխատանքը։ Հետևաբար ես ասում եմ՝ մենք կաշխատենք իրար հետ կամ հերթով, կամ մի շրջան կաշխատենք, որ հետո կարողանանք աշխատել։ Ես ասում եմ՝ ռադ արա էդ սերիալը, ռադ արա էդ թերթը, նստի, գիրքդ ավարտի։ Դրա համար էլ մեր մեկը երկուս չի դառնում, մենք երկու թմրամոլի պես սպառում ենք մեր կուտակածը՝ հանուն մի գործի, որը նոր եկամուտ չի ապահովում։ Բայց ի՜նչ արժե միայն հետևյալ դրվագը։

Ֆլեշ-բեկ
Ես խոսում եմ հեռախոսով ընկերոջս հետ։
Ես- Երեկ երեկոյան ես ու Համբոն կարդում էինք էսինչ էսինչյանի գիրքը (անունը չեմ տալիս, որովհետև գովազդը սերիալում փող արժե)։ Շատ տաղանդավոր աղջիկ ա (կամ տղա), գիտե՞ս։
Ընկեր- (երկար դադարից հետո, նախանձաշատ ձայնով) Ի՜նչ ա նշանակում գրողի հետ ամուսնանալը։ Երեկոները կարող եք պոեզիա կարդալ ու քննարկել։

Մտքի ձայն
Դժվար է պատկերացնել, որ խբագրությունում մեկնումեկը ամբողջությամբ իր վրա կվերցնի եփել- թափելու և տարածքը մաքուր պահելու գործը։ Մեր տանն այդ գործը ինձ վրա է, բայց ես չեմ դժգոհում, որովհետև դա այն քիչ բաներից է, որ  մեր ընտանիքը նմանեցնում է ընտանիքի։ Ի վերջո, համաձայնեք, համատարած գործազրկության մեր օրերում հաստիքով աշխատատեղ ունենալը մեծ բարեբախտություն է։

Հաջորդ սերիայում՝ գրողների աստվածը մեզ լայն կժպտա ու կհրավիրի Եվրոպա՝ մեղրամսի։

1 комментарий:

ասա, մեջդ մի պահիր