Որպեսզի չստացվի, թե ես Լուիսին իմ նամակով շշեցի, ու նա չգտավ ինչ պատասխանել, մեջբերեմ նրա պատասխանը.
«Սիրելի Արփի,
Ես հասկանում եմ Ձեր վրդովմունքը, սակայն ես չեմ այդպես մտածում, այլ «Նրանք»
Հարգանքներով՝ Լուիս»։
Ես հիշեցի մեր նոտարներին, կադաստրի աշխատողներին, պետական չինովնիկներին և ասի՝ դե, հա, ի՞նչ անի խեղճ Լուիսը, բյուրոկրատները մի առանձին ազգ են, որ իշխում են մարդկության վրա։ Իրենց մայրենին էլ ունեն՝ բյուրոկարտեենը, որ ինչ լեզվի տառերով էլ գրված լինի, մարդկանց սարսափահար է անում։ Այդ ժամանակ ինձ թվաց՝ «Նրանք» բյուրոկրատներն են, բայց դեսպանատուն գնալուց հետո մեծատառով գրված ու չակերտավոր բառի դերանվան իմաստը փոխվեց։
Հիմա ես պիտի գրեմ դեսպանատանն ունեցած մեր ապրումների մասին, ու հենց հիմա դեսպանատնից եմ եկել՝ այս անգամ Ֆրանսիայի, որտեղ առավոտյան հարցազրույցի էի` մայիսին պոեզիայի միջազգային փառատոնին մասնակցելու համար։Գրողների աստվածն այդպես կազմակերպեց, որ հիշողություննե՞րս թարմացնեմ, թե՞ որ եվրոպական դեսպանատները մի արշինով չչափեմ։ Ֆրանսիայի ու Գերմանիայի դեսպանատները տարբեր են, ու չգիտեմ՝ ինչով է պայմանավորված տարբերությունը՝ այդ երկրների հետ ունեցած մեր հարաբերություններո՞վ, թե՞ ֆրանսիացիների ու գերմանացիների տարբերությամբ։
Կաֆկայի գրական հայրենիք մուտք գործելու իրավունքը պիտի ստանայինք Գերմանիայի դեսպանատնից, քանի որ Ավստրիայի՝ տարածաշրջանում միակ դեսպանատունը գտնվում է Ադրբեջանում։ Գերմանական դեսպանատունը Եվրոպայի մի քանի այլ երկրների էլ է սպասարկում, որոնք նույնպես չունեն Հայաստանում ներկայացուցիչ։ Գերմանիայի դեսպանատուն ստիպված եղանք այցելել երեք անգամ։
Այց առաջին
Չարենցի փողոց։ Ես ու Համբոն քայլում ենք արագ, բայց ոչ այնքան չուշանալու համար, որքան չմրսելու։ Ուժեղ քամին մեզ թռցնում ու քշում է մեր նպատակին ընդառաջ։ Հեռախոսով ժամ են նշանակել, և մեզ թվում է՝ գնում ենք հարցազրույցի։ Քայլում ենք ու հիշեցնում իրար Լուիսի հորդորները, որովհետև որքան էլ վիրավորական լինեն դրանցից մի քանիսը, ավելի վիրավորական կլինի, եթե մեզ մուտքի իրավունք չտան։ Քանի որ շատ ենք լսել գերմանական ճշտապահության մասին, դեսպանատան դեմն ենք ճիշտ նշանակված ժամին։
-Վիզայի համա՞ր եք եկել,- հարցնում է դարպասի մոտ կանգնած մի կին։
Սկզբում մենք նրան դեսպանատան այցելուի տեղ դրեցինք, հետո՝ դեսպանատան աշխատակցի, ու մանրամասն պատասխանեցինք բոլոր հարցերին՝ կապված մեր ուղևորության հետ։ Եվ միայն վերջում հասկացանք, որ դեսպանատան մոտ հոգեորսությամբ զբաղվող նոտարական թարգմանիչ է։
Դեսպանատան դարպասը բացեց գերմանացու արտաքինով մի հայ դռնապան։ Երկու շենքերի արանքում ընկած նեղ տարածքը սպասասրահ էին սարքել՝ վրան ծածկ քաշելով։ Շենքերի պատերի տակ նստարաններ էին դրված ու մարդիկ էին նստած։ Շատ մարդ։ Տղամարդը մեզնից հրավերն ուզեց, և մի հինգ րոպե զննեց թղթերի տրցակը, որ Լուիսն ուղարկել էր փոստով։
- Որոշեք, թե ձեզնից ով է մտնում,- ասաց։
- Մեզ երկուսիս են հրավիրել։
- Մեկդ էլ մտնի, բավական է։
Որոշեցինք, որ կմտնեմ ես։ Տղամարդն ինձնից վերցրեց պայուսակս ու հեռախոսս՝ դնելով այն պահարանի մեջ, իսկ Համբոյին ասաց՝ դրսում սպասիր։ Մենք դրսում էլ նստած էինք, այստեղ էլ ցուրտ էր, բայց գոնե քամի չկար։ Մտածեցի՝ երկար չի քաշի, ուր որ է ներս կթողնեն, ժամ են նշանակել, ճշտապահ են գեմանացիները։ Պարզվեց՝ բոլորին նույն ժամն են նշանակել, մարդիկ հերթ են պահել, ու ես այդ հերթում վերջինն էի։ Համբոն հետ ու առաջ էր քայլում, որ չսառչի։ Ժամանակն անցնում էր, իսկ մտածները դուրս չէին գալիս։ Նորանոր մարդիկ էին ավելանում։ Մի կես ժամից Համբոն ներս մտավ ու բորբոքված դիմեց դռնապանին.
- Դուք երևի լավ չհասկացաք, մեզ երկուսիս անհատապես են հրավիրել։ Ես էլ պիտի մտնեմ։ Իմ փոխարեն հո կինս չի՞ խոսելու։ Հետո՞ ինչ, որ ամուսիններ ենք։
- Ես շատ լավ հասկացա։ Միայն մեկը պիտի մտնի։ Ուզո՞ւմ եք՝ դուք մտեք, ինքը սպասի։ Որոշեք։
Համբոն մտածեց, որ ես դրսում կսառչեմ ու էլի դուրս եկավ։ Դարպասից դուրս սպասելը կատարյալ անհեթեթություն էր։
-Էլի թող սպասի, բայց ինչո՞ւ դարպասից դուրս, մանավանդ եթե իրեն էլ են հրավիրել ու իրեն էլ է վերաբերում։
- Կարգն է, ոչինչ անել չեմ կարող,- ասաց դռնապանը։
Ես ուզում էի ասել՝ դժվա՞ր էր կոնկրետ ժամ նշանակել, որ չսպասեինք, և առհասարակ, ի՞նչ է նաշանկում այբքան մարդու նույն ժամին կանչելը, բաչց ոչինչ չասացի։ Առանց պայուսակ ու հեռախոս ինձ մի տեսակ անպաշտպան էի զգում։
Երկու ժամ սպասելուց հետո հերթս հասավ, և ինձ թույլ տվեցին հատել դեսպանատան շեմը։ Բայց այստեղ էլ մի ուրիշ սպասասրահ էր, որտեղ պատուհաններին մոտենալու իրենց հերթին էին սպասում նախորդները։ Սպասասրահը մեծ էր ու կարող էր տեղավորել դրսում նստածներին, բայց ցրտին սպասեցնելու իմաստն այն էր, որ մարդկանց կամաց-կամաց թողնեն մոտենալ իրենց երազանքին։ Մարդիկ նստած էին հոգնած ու մռայլ։ Համբոն արագ-արագ քայլում էր ու անհամբեր նայում դարպասի կողմը։ Թըխկթխկացնում էի պատուհանը, որ հայտնեմ ուրախալի լուրը՝ մի լեվլ հաղթահարել եմ, բայց նա իմ կողմը չէր նայում։
Հերթը շատ դանդաղ էր տեղից շարժվում, ու պարզ չէր՝ ինչու։ Պատուհանների մոտ նստած մարդիկ, լսափողներն ականջին, լուռ ու լարված նայում էին պատուհանի խորքը։ Ո՞րն է այդ հեռախոսների իմաստը, եթե այն կողմից հնչող հարցերը ավելի հեռվում նստածներն էլ էին պարզորոշ լսում, իսկ այն կողմում գտնվողները հավանաբար լսելու կարիք չունեին էլ, նրանց ականջի տակ լսափող չկար, այլ միայն մի բարձրախոս էր սեղանին, որ նշանակում է՝ նրանք պիտի խոսեն, դու լսես։ Իմ բաժին քննիչը մի քաղքենի կին էր, որին ինձնից բաժանում և պաշտպանում էր պատուհանի ապակին։ Եվ հեռախոսը, և ապակին բանտային տեսակցություն են հիշեցնում։ Իսկույն կռահում եմ՝չնայած ես եմ այցի եկել, բայց ազատության մեջ գտնվողը ինքն է։ Հարաբերական է, ճիշտ է, նրա ազատությունը, քանի որ նա էլ ինձ պես ապրում է բանտում, բայց նա եվրոպական լեզու գիտի ու բանտապահի օգնականն է։ Նա իրավասու չէ ինձ ազատ արձակելու, բայց կարող է խնդրանքս հասցնել բանտապահին, եթե ես պատշաճ կերպով հիմնավորեմ պահանջս և երաշխիքներ բերեմ, որ վստահությունը չեմ չարաշահի, չեմ փախչի ու ժամկետի ավարտին կվերադառնամ։ Այստեղ եմ միայն հասկանում, որ եկել եմ ոչ թե շենգենյան վիզա ստանալու, այլ խնդրելու, որ ինձ մի քանի օրով բաց թողնեն։
Բանտապահի օգնականն ինձ մի շարք ընդհանուր հարցեր տվեց՝ ուր եք գնում, ով է հրավիրել, ինչ նպատակով, ինչով եք զբաղվում, այնտեղ ինչով եք զբաղվելու և այլն։ Նույն հարցերը նա մի քանի անգամ պտտացրեց տարբեր ձևակերպումներով ՝ ամեն անգամ ասելով՝ ես չեմ լսում, բարձր խոսեք։ Ամենաբարդը տիկնոջ համար մեր զբաղմունքը մտապահելն էր։
- Գրող ենք,- բղավում էի լսափողի մեջ,- գնում ենք ընթերցումների։
- Ես չեմ լսում, բոլորվին չեմ լսում՝ ինչ եք ասում։
Իմ մեջ ցանկություն առաջացավ ջարդելու ապակին և ջնջխելու նրա դեմքը։ Նայեցի պատուհանից դուրս. Համբոն, իր կուրտկայի մեջ կծկվել, նվաղել էր, սպիտակած դեմքով, որի վրա կյանքի նշան չկար, նայում էր դարպասին։ Ցած դրեցի լսափողը և հանգիստ, ինչպես կխոսես դիմացդ նստած մարդու հետ, որից ապակով բաժանված չես, ասացի.
- Գրող ենք, գնում ենք ընթերցումների։
Խլության պատճառը փաստորեն հեռախոսն էր։
- Վերցրեք լսափողը,- հրամայեց։ Ես լսափողը սեղմեցի ականջիս ու մի հինգ րոպե այդպես պահեցի։ Այդ ընթացքում նա ոչ մի բառ չասաց, և հայտնի չէ՝ ինչով էր զբաղված։ Ես կասկածներ ունեմ, որ նա զբաղված էր ոչ մի բանով, պարզապես իր հիմնական աշխատանքն էր կատարում՝ սպասեցնել ու ստորացնել ինձ՝ բանտարկյալիս։
- Ձեզնից կպահանջվեն ապացույցներ, որ գրող եք,- ասաց տիկինը վերջապես։
- Ի՞նչ ապացույցներ։
- Ես չգիտեմ։ Կարծում եմ՝ դուք պիտի որ ինձնից լավ իմանաք։ Եթե գրող եք։ Թերթերում տպված ինչ-որ բաներ, գրքեր, մրցանակներ…
- Տպված նյութերը, գրքերն ու մրցանակները դեռ ապացույց չեն, որ գրող ես,- ասացի։
Տիկինը նայեց ինձ չպատճառաբանված ատելությամբ ու մեկնեց Լուիսի ուղարկած թղթեը։ Նա դրանց ոչինչ չհավելեց, Լուիսն ամեն ինչ ուղարկել էր։ Միայն հարցազրույցի օր ու ժամ նշանակեց, որը հանգիստ կարելի էր անել հեռախոսով, եթե «Նրանց» նպատակը նվաստացնելը չլիներ։
Դրսում Համբարձումը ցրտից քարացել էր։ Ինձ տեսնելուն պես հայտնվեց նոտարական թարգմանիչն ու հարցրեց՝ երբ են հարցազրույց նշանակել։ Հետո ասաց.
- Մեր օֆիսն էս շենքի վերջում է, եկեք գնանք, աղջիկները ձեզ սուրճ կտան։
- Չէ, տուն պիտի գնանք,- ասացի։
- Բայց չեք հասցնի, է, լրացնել թղթերը…
Մենք թողեցինք թարգմանչին անպատասխան ու շարժվեցինք։
- Մտքովդ կանցնե՞ր, որ բանտում ենք ապրում,- հարցրի Համբոյին։
Չէ, մենք գիտենք, որ Հայաստանն ազատ երկիր չի, ոչ էլ անկախ, դրա համար գոռում ենք՝ ազատ-անկախ Հայաստան, գիտենք, որ շրջափակման մեջ ենք և արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունը լավ չի, բայց խոսքն այստեղ Հայաստանի մասին չէ, այլ Եվրոպայի։ Իրենք են իրենց երկրները փակել, բայց կարողացել են բանտի վերածել մնացած աշխարհը։ Պատկերացրեք՝ մի օլիգարխ, որ պարիսպ է կառուցում ոչ թե իր դղյակի շուրջը, այլ իր տարածքից դուրս գտնվող գյուղերի ու քաղաքների։ Մարդիկ, որ իրենց տնից դուրս գալու ցանկություն չեն ունեցել, կարող են երբեք չիմանալ, որ բանտված են։ Բայց «Նրանք» թույլ չեն տա, որ մեկն ապրի երջանիկ անգիտության մեջ ու չտեսնի պարիսպը։ Եթե պետք է, նրանք քեզ իրենց դղյակ էլ կկանչեն, որ այսուհետ մի երազանքով ապրես՝ բանտից փախչելու, ու չկարողանաս։
- Թող ռադ ըլնեն իրանց Եվրոպայով,- ասաց Համբարձումը,- համ կանչել են, համ էլ ստորացնում են, մեր ինչի՞ն ա պետք գնալը…
- Ես էլ հեչ հավես չունեմ։ Որ ստեղ են սենց, բա ընդե՞ղ ոնց կլինեն…
- Մենակ փողն ա ափսոս…
- Հա, փողը...
Մենք հաշվում ենք, թե ինչքան փող ենք ստանալու քառասուն օրվա ու ընթերցումների համար՝ մեր մի տարվա աշխատավարձն է։
- Փողի համար երևի գնանք,- ասում է մեզնից մեկնումեկը…
Հաջորդ սերիայում՝ դուք կիմանաք, թե ինչ հարցեր կարող են տալ դեսպանատան աշխատակիցները։
Մնանք հաջորդ սերիային սպասող ։))
ОтветитьУдалитьԹեև լսել եմ, բայց էլի շատ հավեսով կարդացվում է ։))
Полгода назад один разгневанный гражданин, которому много лет отказывали в визе, убил сотрудника швейцарского консульства четырьмя выстрелами в голову, и с тех пор в визовых отделах стамбульских консульств были предприняты чрезвычайные меры безопасности. Теперь подававшие документы граждане говорили с европейским чиновником не с глазу на глаз, а, как в тюрьмах в американских фильмах, через пуленепробиваемое стекло и по телефону, проведенному через стекло. Перед консульствами всегда толпились люди, чтобы войти в визовый отдел. Турецкие сотрудники консульств (о таких, особенно о тех, кто работал у немцев, говорили: «За два дня стал немцем больше, чем сами немцы») ругали толпившихся за то, что те не могут дисциплинированно стоять в очереди, а иных вообще выгоняли за неподобающий внешний вид, таким образом производя первичный отсев неблагонадежных. "Музей невинности" Орхан Памук
ОтветитьУдалитьՓամուկին շատ եմ սիրում, բայց էս գործը չեմ կարդացել։ Կփորձեմ հայթայթել։ Ապրես, Դիանա ջան։
ОтветитьУдалить