Ե՞րբ ենք մենք զգում Աստծո ներկայությունը մեր կյանքում։ Երբ մեզ հետ կատարվում է մի բան, որին, կարծում ենք, արժանի չենք։ Մեծ մասամբ դրանք դժբախտություններն են, քանի որ մարդկանց մեծամասնությունը հակված է գերագնահատելու իր արժանիքները։ Բայց լինում են նաև երջանիկ պատահարներ, ու մարդը չի կարողանում հասկանալ, թե իր որ սխրանքի համար է այդպես շռայլորեն պարգևատվում։ Իմ կյանքում այդպիսի անաշխատ հաջողություններ շատ-շատ են եղել, և ես միշտ մի տեսակ անհարմար դրության մեջ եմ հայտնվել։ Ոնց որ մի անծանոթ մարդ քեզ թանկ նվեր անի։ Հրաժարվելն էլ սիրուն չի, վերցնելով էլ մի տեսակ պարտքի տակ ես ընկնում։
Իսկ ո՞վ է գրողների աստվածը և ինչո՞վ է նա տարբերվում բուն Աստծուց։ Գրեթե ոչ մի բանով։ Դա մայր Աստծո դուստր ձեռնարկությունն է, Աստծո աշխատակազմի՝ գրականության (ծնթ.՝ այսուհետ կարդալ արվեստ) վարչության նախագահը։։ Ի՞նչ իմաստ ունի Աստծո համար նման վարչության ստեղծումը, երբ ինքն ամենատես է ու կարող է միանձնյա կառավարել բոլոր ճակատագրերը։ Իմաստը հետևյալն է՝ գրականությունը պերվերսիվ է, և կյանքի ճշմարտություններն այստեղ շրջված են։ Դա չի նշանակում, որ իրերն այստեղ հանդես են գալիս հենց հակառակ իմաստներով, դրանք պարզապես ուրիշ իմաստ են ստանում։ Եվ ահա, երկակի ստանդարտներից խուսափելու համար Աստված ստեղծել է մի առանձին վարչություն՝ էդ անկանոն տիրույթը կանոնակարգելու ու վերահսկելու համար։
Օրինակ. մանուկ հասակում մեզ սովորեցնում են լինել աշխատասեր, հետևողական, համառ, նպատակասլաց՝ գործիքներ, որ ապահովելու են մեր կենսունակությունը կյանքի գոյապայքարում և հիրավի անգնահատելի են, եթե դու քաղաքական գործիչ ես, շոու-մեն, բիզնեսմեն և պարզապես որևէ բնագավառի մասնագետ։ Բայց գրականության մեջ այդ գործիքներն անպետք են, դրանք քո գոյությունը ոչ միայն չեն ապահովելու, այլև բացառելու են։ Իմ գրող ընկերներից մեկը մի օր ասաց. «Մեր նպատակը պետք է լինի գրել ավելի լավ, քան Կաֆկան, Դոստոևսկին, Ջոյսն ու Պրուստը»։ Մի ուրիշն էլ ասաց. «Ես միշտ ձգտել եմ լինել առաջինը, ստանալ ամենաբարձր գնահատականները, հագնել ամենալավ շորերը»։ Դա ախտորոշում է, որով գրողին կարելի է համարել ավարտված։ Գրականութան մեջ նա չէ առաջինը, ով առաջինն է։ Այստեղ առաջին լինել չի կարող։ Սա մրցավազք չէ, գոյապայքար չէ, բիզնես ու սպորտ չէ, պատվանդան չէ, որի վրա կարող ես դնել քո այդքան սիրելի անձն ու հիանալ։ Գրականությունը զոհասեղան է, որին նվիրաբերում ես քո ջահելությունը, քո կյանքը, քո անձնական երջանկությունը, առողջությունդ՝ հանուն ոչ մի բանի, ոչինչ չակընկալելով։ Թոմաս Մանն իր երկարաշունչ վեպերից մեկում մի լակոնիկ միտք է արտահայտել. «Ողորմելի է նա, ով կարծում է, թե կարող է արվեստի դափնե ծառից թեկուզ մի տերև պոկել՝ առանց դրա դիմաց կյանքով վճարելու»։ Եղբայրս, որ հաջողակ բիզնեսմեն է, ուշուի մարզիչ, հոգևոր ուսուցիչ ու նաև սկսել է պատմվածքներ գրել, մի օր ասաց. «Հիշիր, որ հաղթում է նա, ով բոլոր ճակատներում է հաղթում»։ Բայց հենց էդ է, որ գրականությունը ճակատների ցուցակի մեջ չի մտնում, և հաղթողը, գերազանցիկը, կարիերիստը այստեղ պարզապես մուտք չունի։ Նա կարող է անդադար գրել ու գրքեր տպել, կարող է համարել իրեն անգերազանցելի մեծություն, ու կողքիններն էլ կարող են նրան հանճար համարել, բայց նա չկա։ Գրականությունը վերջինը, պարտվածը լինելու ցանկությունն է։ Մյուս եղբայրս էլ խաղամոլ է և ասում է. «Ես միլիոններ եմ կրել ու տեսել եմ շատերի, որ միլիոններ են կրում, բայց պետք ա իմանաս՝ հենց մտար խաղատուն, արդեն կրված ես»։ Գրականության լավագույն փոխաբերությունն ինձ համար եղել է ու կա խաղատունը, ուր բոլորն էլ խոշոր շահման ակնկալիքով են մտնում, բայց ծիծաղելի է նա, ով շարունակում է խաղը՝ կրելու համար։ Ծիծաղելի է նա, ով զոհասեղանին է բարձրանում՝ ինչպես պատվանդանի։ Բայց ձեր գլխում կարող է միտք ծագել, թե ի վերջո ի՞նչու պիտի ինչ-որ մեկը հանուն ոչ-մի բանի զոհաբերի ինքն իրեն, և մի՞թե որևէ շահ իսկապես չկա… Իհարկե կա, և այդ շահը շատ նման է հետևողականորեն կրվող խաղամոլի շահին, ում հոգեբանական շահույթը ըստ հոգեբանների ոչ թե կրելն է, այլ կրվելը։ Շահը խաղի կամ գրականության մեջ լինելն է, ընթացքն է։ Շահը մեծ տեքստի մեկ բառը լինելն է։
Բայց գանք գրողների Աստծուն։ Չնայած մայր Աստծո պատվիանները միշտ չէ, որ սրբությամբ կատարել եմ, իմ խիղճն ընդհանուր առմամբ հանգիստ է, քանի որ անմիջական շեֆիս՝ Գրողների աստծո հետ հարաբերություններս հնարավորինս ճշտված են։ Երբեմն, իհարկե, ես մոռանում եմ նրա գոյության մասին, ինչպես մոռանում ես Աստծո գոյության մասին, երբ կյանքումդ ոչինչ չի կատարվում՝ ոչ լավ, ոչ վատ։ Ու այդ ժամանակ նայելով մրցանակների համար իրար ոտ տրորող, փառք մուրացող գրողներին ու մանավանդ ջահելներին, որ օրնիբուն գովազդում են իրենք իրենց ու իրար՝ ինչ մեղքս թաքցնեմ, գայթկղության եմ տրվում ու մտածում, որ ուղեղիս գալարներով շրջանառվող այս մտքերը մաքրագույն տուֆտություն են։ Ու քանի որ գրողների աստվածը հորդորում է՝ կասկածիր ամեն մտքիդ ու ամեն բառիդ, ես սկսում եմ մտածել, որ միգուցե կարիերիզմն էդքան էլ անհամատեղելի չէ գրականության հետ, միգուցե ինքնագովազդն ազնիվ գործ է, միգուցե իրենց գովազդելով՝ նաև գրականությունն են գովազդում, որն ունի ընթերցողի պակաս և այլն։ Ի վերջո, մտածում եմ, ինձ հանելով նրանց բլոգներից, ամսագրերից, խմբակներից ու թայֆաներից՝ ի՞նչ եմ տալիս ես գրականությանը։ Ինչպե՞ս եմ ուզում դառնալ մեծ տեքստի մի տառը, եթե գրածներս ուրիշ տեքստերի կողքին անգամ չեն տպվում։ Նման բաներ եմ սկսում մտածել, բայց ըստ երևույթին գրողների աստվածն ինձ չափազանց քնքշանքով է վերաբերվում, որ նույնիսկ կասկածել թույլ չի տալիս։ Նա ասում է՝ դա կազմակերպչական հարց է։
Ու մի օր զանգում է ինձ սփյուռքահայի առոգանությամբ մի մարդ, որ պիտի պարզվի շուտով՝ ավստրիացի գրող է ու հայագետ։ Այս մարդը որոշել է հայ գրականության անթոլոգիա ստեղծել՝ հիսուն տարվա տրվածքով, ու հայերեն ստեղծվող տեքստերի անծայրածիր օվկիանոսից տասը հեղինակ է հանել, ջահելներից՝ ինձ ու Համբարձումին՝ շրջանցելով գովազդվածներին։ Սրանով չեմ ուզում ասել, որ հենց միայն մենք էինք արժանի այդ պատվին։ Ավելին։ Խոսում եմ գրողների աստծո նվերի մասին, և դրա շրջանակներում է պետք դիտարկել նաև անթոլոգիան, որ ինքնին մի առանձնահատուկ բան չէր. առաջին անգամ չէր օտարերկրացին իմ գրածը թարգմանում, առաջին անգամ չէի զետեղվում հայ գրականության անթոլոգիայում։ Բայց այս անթոլոգիան էր, որ մեզ համար ոչ միայն պատուհան, այլև դուռ բացեց դեպի Եվրոպա։
Հաջոդ սերիայում դուք կիմնանք, թե որտեղ է աշխահի կենտրոնը։
« Ե՞րբ ենք մենք զգում Աստծո ներկայությունը մեր կյանքում։ Երբ մեզ հետ կատարվում է մի բան, որին, կարծում ենք, արժանի չենք...»
ОтветитьУдалитьՆաև` երբ ինձ հետ կատարվում է մի բան, որին, կարծում եմ արժանի եմ` հայացքս երկինք եմ պարզում ու շնորհակալությունս հայտնում:
Նաև` կոնկրետ նպատակով մի տեղ գնալուցս, առաջ` Օգնական եղիր Տեր Աստված ջան, իսկ հետո` Շնորհակալ եմ Տեր Աստված ջան... Խոսքս այնպիսի տեղ գնալուս մասին է, որ իր մեջ ռիսկի տարրեր, համարձակություն, է պարունակում...