Ավստրիացի կամ ավելի ճիշտ` ավստրիական գրող Ֆրանց Կաֆկայի հերոսը մի առավոտ արթնանում է և տեսնում, որ վերածվել է միջատի։ Մենք միջատի չկերպարանափոխվեցինք, բայց երևի ավելի լավ լիներ կերպարանափոխվեինք, ցեղակիցների հետ շփվելը գոնե հեշտ կլիներ։ Ավստրիայում գտնվելու չորրորդ օրը մեր մարմնի վրա միջատների գոյության հետքեր հայտնաբերեցինք։ Ինչ-որ մեկը մեզ կծել էր։ Երևի մոծակ է՝ մտածեցինք, պատուհանով է մտել, թեպետ հունվարի կեսն էր, բայց դե տաք էր, ու որոշ մարդիկ նույնիսկ կարճաթև էին հագնում։ Սուպերմարկետից ռապտր առանք, որն ամենևին չօգնեց։ Հակառակը՝ քորն ավելի ուժեղացավ, ու կծողն ավելի ջիգյարով սկսեց խածել։ Գիշերը զարթնում, լույսը վառում էինք ու անկողնու մեջ դրանց էինք փնտրում։ Բայց անզեն աչքով չէին երևում։ Սուպերմարկետից դիխլաֆոսատիպ աերոզոլ առանք՝ բավականին թանկ գնով ու սրտի կսկիծով, քանի որ նախապես անցել էինք խնայողական ռեժիմի։ Հեչ հավես չունեինք տնից դուրս գալու, բայց աերոզոլի վրա գրված էր, որ դեղը մի քանի ժամ պիտի մնա։ Փչեցինք ու դուրս եկանք։ Ամբողջ Գրացը ոտի տակ տվեցինք, մի հինգ ժամ քայլեցինք, նայեցինք ժամացույցին, տեսնենք՝ կես ժամ է անցել։ Այ քեզ ժամանակի հարաբերականություն։ Չգիտեմ՝ որն էր ժամանակի այդ այլակերպման պատճառը՝ տեսողական ինֆորմացիայով տարածության հագեցվածությո՞ւնը, թե՞ աերոզոլի թույներն էին ազդում մեր գիտակցության վրա։ Բայց կարևորն էն էր, որ տուն վերադառնալով տարաբնույթ միջատների վաշտեր տեսանք հատակին՝ զոհված կամ կիսամեռ վիճակում։ Իսկ դա նշանակում էր, որ մեր հաղթանակը բարոյական չէր։ Բայց երևում էր՝ հաղթանակ տոնելու համար շուտ էր։ Քիմիական զենքն ազդել էր այդ տանն ապրող շատ միջատների վրա, բայց՝ ոչ մեզ կծողի, որն անցավ պարտիզանական պայքարի։ Թշնամին կետային էր հարվածում, բայց նրա հարձակումներն ավելի մեծ ավերածությունների, այսինքն՝ ավելի մեծ բշտիկների տեսքով էին անդրադառնում։
Դե, ասինք, ինֆորմացիոն դարաշրջան է, պատերազմներն էլ առանց բարձր տեխնոլոգիաների չեն լինում։ Գիշերվա կեսին միացրինք համակարգիչը, մտանք ինտերնետ ու սկսեցինք ուսումնասիրել միջատների կյանքն ու գործունեությունը։
Էդ ի՜նչ մազալու միջատներ տեսանք, որոնց միայն տեսքից մարդու ապրելը փախչում է։ Մտածում էինք՝ լավ է գոնե, որ մերոնք անզեն աչքով չեն երևում։ Բազմաթիվ միջատներից մեզ հալածողներին ախտանիշներով ամենից նմանը լվերն էին։ Գուգլի թարգմանչով պարզեցինք, թե ոնց կլինի լուն անգլերեն ու գերմաներեն և առավոտ շուտ գնացինք դեղատուն։ Դեղատան դեմը մի քիչ պտտվելուց հետո մեր մեջ համարձակություն գտանք և, մի քիչ ամաչելով, դեղատան աշխատակցին բացատրեցինք, որ միջոց ենք փնտրում ընդդեմ լվերի։ Նա քորեց ձեռքն ու ասաց՝ ունենք, և քիչ հետո բերեց քսուք մաշկի համար, որ պիտի փակեր արնախումների ախորժակը։ Վան մոծակ էր նկարված ու պարզ էր, որ դա մեր ուզածը չէ, բայց շատ ամոթխած էինք ու գնեցինք՝ չնայած բարձր գնին։ Միջոցն օգնեց մասամբ, քանի որ որոշ հատվածների՝ ինչպես օինակ աչքերի շրջակայքն է, այն քսել արգելվում էր, և թշնամին սկսեց գրոհել հենց այդ հատվածները։ Հասկանալով, որ մասնակի սովամահությամբ նրանց ցեղասպանել չենք կարող, էլի գնեցինք դիխլաֆոսատիպ աերոզոլներից՝ այս անգամ երկու հատ։ Պատկերացրեք ՝սրտի ինչ կսկիծով։ Բայց չգնել չէինք կարող. մենք ստիպված էինք լինելու շփվել մարդկանց հետ, և մեր լվերը կարող էին տեղափոխվել նրանց վրա։ Առավոտ կանուխ երկու աերոզոլն էլ փչեցինք ու դուրս եկանք Գրացով թափառելու։ Ոնց որ երկու տաքսիկոման լինեինք։ Լվերի վրա թույնը չէր ազդում, բայց մեզ վրա ազդում էր. գլխացավ, գլխապտույտ, չորություն բերանում։ Թափառելու տեղ ու հավես էլ չկար, Գրացն էլ մեզ չէր հետաքրքում, բայց ստիպված էինք դրսում ժամանակ սպանել։
Մտանք սրճարան՝ սուրճ ու ավստրիական ավանդական բուլկիներ պատվիրեցինք։ Արդեն ասել եմ, որ ավստրիացիները հացի վրա անառողջ սևեռվածություն ունեն, և բուլկեղենը գոռոզության մի առանձին առարկա է հանդիսանում։ Ես մտածում էի՝ երևի ինչ-որ յուրահատուկ համեմունք կլինի մեջը, բայց պարզվեց՝ սովորական բուլկի է՝ ճիշտ նրանից, որ վերջին անգամ կերել էի իմ սովետական դպրոցի բուֆետում։ Սուրճն էլ ձեռառնելիք էր, էնքան փոքր բաժակով բերեցին, որ ոնց որ մատնոց լիներ։ Փոխարենը մի մեծ բաժակ ջուր էին տվել հետը, ու հետո ես հասկացա, որ ավստրիացիք ջուրն էլ են համարյա ազգային-ավանդական համարում։ Այդ երկու՝ սովորականից փոքր սուրճի ու երկու հատ հիսուն դրամանոց բուլկու համար վճարեցինք ավելի քան քսան եվրո։ Սրճարանն էլ գոնե հաճելի տեղ չէր, որ մի քիչ երկար նստեինք, ժամանակն անցներ։ Նման էր ճաշարանի, ու ամեն տեղից փչում էր։ Ծախսեր էին, որ անում էինք լվերի պատճառով։
Մտանք սրճարան՝ սուրճ ու ավստրիական ավանդական բուլկիներ պատվիրեցինք։ Արդեն ասել եմ, որ ավստրիացիները հացի վրա անառողջ սևեռվածություն ունեն, և բուլկեղենը գոռոզության մի առանձին առարկա է հանդիսանում։ Ես մտածում էի՝ երևի ինչ-որ յուրահատուկ համեմունք կլինի մեջը, բայց պարզվեց՝ սովորական բուլկի է՝ ճիշտ նրանից, որ վերջին անգամ կերել էի իմ սովետական դպրոցի բուֆետում։ Սուրճն էլ ձեռառնելիք էր, էնքան փոքր բաժակով բերեցին, որ ոնց որ մատնոց լիներ։ Փոխարենը մի մեծ բաժակ ջուր էին տվել հետը, ու հետո ես հասկացա, որ ավստրիացիք ջուրն էլ են համարյա ազգային-ավանդական համարում։ Այդ երկու՝ սովորականից փոքր սուրճի ու երկու հատ հիսուն դրամանոց բուլկու համար վճարեցինք ավելի քան քսան եվրո։ Սրճարանն էլ գոնե հաճելի տեղ չէր, որ մի քիչ երկար նստեինք, ժամանակն անցներ։ Նման էր ճաշարանի, ու ամեն տեղից փչում էր։ Ծախսեր էին, որ անում էինք լվերի պատճառով։
Մեզ հաջողվեց ժամանակավոր հաղթանակ տանել լվերի նկտմամբ. մի ամբողջ գիշեր ու հաջորդ ցերեկը նրանք մեզ չանհանգտացրին։ Այդ օրը մենք անկողնում անցկացրինք. օդափոխման նպատակով կազմակերպված միջանցիկ քամու տակ էինք ընկել կամ էլ դիխլաֆոսն էինք չարաշահել ու ծանր լոմկաների մեջ էինք։ Կամ էլ երկուսն իրար հետ։ Հաջորդ օրն էլ կպառկեինք, եթե լվերը չխախտեին զինադադարը ու անակնկալ գրոհով նորից չվերցնեին Շլոսբերգի մեր տունը։ Մենք ստիպված էինք նորից գաղթել փողոց, նորից դիխլաֆոս գնել, նորից դեղատներում փնտրել միջոցներ։ Ամեն օր որոշում էինք դիմել Լուիսին ու խնդրել, որ միջամտի միջատների հետ ուեցած մեր կոնֆլիկտին որպես բանակցային կողմ, բայց մեզնից ոչ մեկը չէր կարողանում անել այդ բանը։ Բանն այն է, որ թեպետ այդ միջատները հայտնվել էին մեր կյանքում Ավստրիա գալու չորրորդ օրը միայն, մենք վստահ չէինք, որ լվերին Հայաստանից չենք բերել։ Ես չգիտեմ՝ որն էր այդպես մտածելու պատճառը։ Հավանաբար մեր մեջ հայտնված երրորդ աշխարհի բնակչի կոմպլեքսներն էին, որ երբևէ չէինք ունեցել երրորդ աշխարհի մեր երկրում ապրելիս, և մտքներովս չէր անցնի, թե երբևէ կունենանք։ Բայց ըստ երևույթին զարգացած երկրները մեզպեսների համար լվեր են բուծում, որ կոմպլեքսավորման կոմպլեքս-մեթոդով մեր տեղը ցույց տան։ Մենք ախր լու ունենալու գործ չունեինք՝ ոչ հողագործությամբ էինք զբաղվում, ոչ անասնապահությամբ, մեր տանն էլ ոչ միայն լու, այլև խավարասեր ու մրջյուն իսկ չէր ճարվում։ Մեկնումից երկու շաբաթ առաջ Համբոն հարցազրույց էր արել մի բոմժի հետ ու ասում էր. «Հոգեպես հարգում եմ, բայց ֆիզիկապես զզվել էի ու որ խմբագրություն եկա, մարմինս քոր էր գալիս։ Հիմա մտածում եմ՝ կարող ա՞ էս լվերը իրանից են»։ Հետո մեր ծանոթի պուդելին էինք հիշում, որին սիրել էինք, բայց սա էլ հազիվ թե լու ունենար, հո բոմժի կյանքո՞վ չէր ապրում, օրը հազար անգամ լողացնում էին, ամենալավ պատառներն իրենցից կտրում, տալիս դրան։ Հնարավոր լվերով հղի այս եզակի իրավիճակներն անգամ մեր գալուց առնվազն երկու շաբաթ առաջ էին եղել, ու եթե դրանք մեր ազգային լվերն էին, ինչո՞ւ էր նրանց մարտական ոգին զարթնել օտար հողի վրա։
Հիսուս ջան, էս ինչ ախմախ փորձություն էր |
Միջատներին նվիրված մի կայքում կարդացի նույնիսկ, որ եվրոպական այս մասում լվերի պոպուլյացիաները տարածված են, բայց դա էլ ինձ չհամոզեց։
Դեղատան մի աշխատակից՝ մի քաղքենի աղջիկ, ով ի դեպ բավականին վարժ խոսում էր անգլերեն, մեզ հարցրեց, թե որ երկրից ենք։ Ասացի՝ Հայաստանից։ Ասաց՝ ձեր երկրում ունեցե՞լ եք նման պրոբլեմ։ Ասի՝ ոչ, Ավստրիայում միայն։ Աղջիկը թերահավատորեն նայեց մեզ։ Հետո Համբոն ջղայնացավ վրաս. «Ինչի՞ չասեցիր Ադրբեջանից ենք»։ Մի ուրիշ դեղատանը կինը երկար ժամանակ չէր կարողանում հասկանալ մեր պրոբլեմը, իսկ երբ վերջապես հասկացավ, ասաց. «Դա շատ լուրջ պրոբլեմ է, դուք միայնակ չեք կաող դրա դեմն առնել, դուք պրոֆեսիոնալների կարիք ունեք»։ Պրոբլեմի լրջությունը հասկանալը գցեց մեզ հուսահատության մեջ։ Ու ճիշտ նույն օրը ես ինտերնետում մի հերթական հոդված կարդացի, որում գրված էր. «Միջատներին հնարավոր չէ վերացնել, նրանց պետք է վերաբերվել որպես բնական տարրերքի և համակերպվել նրանց հետ համակեցության մտքի հետ»։
Մենք չէինք կարող համակեպվել այդ մտքի հետ, որովհետև մեր վրա լու կրելով՝ վարկաբեկում էինք Հայաստանը։ Բայց չէինք կարող նաև օգնություն խնդրել Լուիսից, որովհետև եթե նույնիսկ նա հավատար, որ մենք լվերին ձեռք ենք բերել այս տանը (իսկ նա մեզ չհավատալու պատճառ չուներ), այդպիսով կասկածի տակ էինք դնում մեզնից առաջ այստեղ բնակված ուզբեկ գրողին, ով բացի այն, որ մեր նախկին, մեծ, ընդհանուր հայրենիքից էր ու ընդհանուր պրոբլեմներով հետսովետական տարածքից, նաև ընդդիմադիր մտավոական էր, ինչպես պարզեցի «Ֆեյսբուք»-ում նրան գտնելուց հետո։ Հայաստանում այդ սերդի շատ քիչ ընդդիմադիր մտավորական կա, և ուզբեկ գրողին «մատնելը» ասես մեր այդ հատուկենտներին մատնելը լիներ։ Բացի այդ ինձ քիչ հավանական էր թվում, որ լվերը այդ գրողի հետևանքը լինեին։ Երբ երրորդ աշխարհի բնակչի կոմպլեքսը հաղթահարում էի, սթափության այդպիսի պահերին մտածում էի, որ լվերն ամենայն հավանականությամբ ավստրիական արտադրության են։ Այս տունը լի էր բազմատեսակ միջատներով, որոնց դիերը ամեն օր հավաքում էինք հատակից, ինչո՞ւ պիտի լվերն այստեղ դեֆիցիտ լինեին։ Մեր անվերջանալի թափառումների ժամանակ այսուայնտեղ ավստրիացիներ էինք տեսնում, որ ինքնամոռաց կեպով քորում էին իրենց մարմինը։ Միգուցե լվից կոմպլեքսավորվելն արդեն իսկ երրորդ աշխարհի բնակիչ լինելու նշան է։ Առավել քաղաքաիրթ մարդիկ միգուցե հաշտվում են լվերի գոյության հետ, ինչպես մի բնական տարրերքի։ Լուն նրանց կյանքում հետամնացության ու կենցաղի արդյունք չէ, այլ հակառակը՝ քաղաքակրթության դիրքերից դեպի բնություն արված հերոսական քայլի։ Եվ ո՞վ է ասել, որ սկյուռիկներն ու եղնիկներն ունեն կյանքի իրավունք, իսկ լվերը՝ ոչ։ Երբ մարդիկ անասուն չեն լինում, լվերն էլ են մարդավարի ապրում։
Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության ակցիան Գրացի գլխավոր հրապարակում |
Հետո Համբոն ջղայնացավ վրաս. «Ինչի՞ չասեցիր Ադրբեջանից ենք»։ :)))))
ОтветитьУдалить