04.05.2011

Post 11. Որ մարդը անասուն չի լինում, անասունն էլ ա մարդավարի ապրում


 - Մաքսը՝ մեր տնօրենը, հիվանդ է և չի կարող ընդունել ձեզ։ Հենց սկսի աշխատանքի գալ, ես ձեզ տեղյակ կպահեմ,- բառերը հատ-հատ արտասանելով՝ ասաց Լուիսը ու ծիծաղեց,- վայելեք ևս մի քանի ազատ օր, վայելեք հրաշալի եղանակը, վայելեք ձեր մեղրամիսը։
Երրորդ օրն էր, ինչ Գրացում էինք, բայց արդեն տնից դուրս գալու հավես չունեինք։ Ուզում էինք գիրք կարդալ, քնել, գրել։  Վատն էն էր, որ թեպետ երկու կոմպ ունեինք, ինտերնետը էլի մեկն էր, ու ինտերնետի համար էլի կռիվ էր։ Արդեն հասցրել էինք լուսանկարել քաղաքն ու նկարները գցել «Ֆեյսբուք»։ Համակարգչի մոտ նստած՝ նկարներն էինք դիտում։
- Հիմար ա,- ասաց Համբոն ինձ՝ չգիտես ինչի երրորդ դեմքով դիմելով,- քաղաքը թողած՝ քաղաքի նկարներն ա նայում։
«Ֆեյսբուք»-ով բանգլադեշցուն ու նրա կնոջն էլ գտանք։ Ուզում էինք ընկերանալ, շփվել հետները ինտերնետով, բայց ինչ-որ չէր ստացվում։
Տեսարան լվացած պատուհանից
- Դրա փոխարեն դուռը բացի և դիմացի դուռը թըխկացրու,- ասաց Համբոն, որ շատ էր ուզում, բայց չէր կարողանում ինտերնետավոր կոմպի դեմից ինձ հանել, ինքը նստել տեղս,- տան դռան հարևանի հետ էլ ես ուզում «Ֆեյսբուք»-ով շփվես։
Բայց ինչպես ասել եմ՝ իլյուստրացիան և կրկնօրինակը ինձ համար օրիգինալի արժեք ունեն։ Եթե ոչ ավելին։
- Արի տոլմա սարքի, դրանց կանչենք, թող մի հատ հայկական կոլորիտ սղմեն,- նույնիսկ Ապրեսովի բառապաշարին դիմեց, բայց դա էլ չօգնեց։
- Գոնե պատուհանները լվա,- արդեն հուսահատ միջոցի էր դիմում։
Շատ զվարճալի էր ու պակաս զվարճալի չէր էն, որ ես պատուհանները լվացի՝ չնայած դրանք լվանալու կարիք առանձնապես չունեին էլ, ես էլ մի օրինակելի տան կնիկ չեմ։
Քանի որ հիշեցի իմ պատուհան լվանալը, հարկ է երևի ասեմ, որ Գրացում ոչ մի եվրոպատուհան չտեսանք։ Ոչ մի։ Բոլոր պատուհանները փայտե շրջանակներով էին։ Հետագայում Վիեննայում էլ տեսանք, որ դրանք շատ չեն։ Այստեղ մարդիկ շատ զվարճանում էին, երբ իմանում էին, որ այդ պատուհանները մենք անվանում ենք եվրոպատուան։ Այսինքն դա այնքան բարեկեցության ատրիբուտ չի, որքան գաղութացման խորհրդանիշ։ Նայեք ձեր եվրոպատուհաններին. Դրանք սոսկ պատուհան չեն, դրանք պատուհան են դեպի Եվրոպա՝ նման այն պատուհանին, որ բացեց Պետրոս Առաջինը իր ժողովրդի համար։
Մեր պատուհանի տակ, ծառերի վրա սկյուռիկներ էին վազվզում։ Քատեզի վրա էլ այդ տեղանքում սկյուռիկներ էին նկարած։ Մի ուրիշ տեղ էլ եղնիկներ էին նկարած, ու Գրացում լինելու բոլոր օրերին ես ասում էի՝ արի, գնանք, եղնիկներին տեսնենք, ինչին ի պատասխան Համբոն ծիծաղում էր։ Ինձ արժանահավատ էր թվում, որ եղնիկները մարդ տեսնելիս կարող են չփախչել։ Գրացն ինձ երկնային արքայության պես մի բան էր թվում, որտեղ մարդիկ ու կենդանիներն իրար հետ ապում են հաշտ-համերաշխ։ Մանավանդ տեսել էի, թե ոնց են աղավնիները գալիս, ոտի տակ ընկնում, էնքան անվախ էին ու հաբռգած։
- Դե, որ մարդը անասուն չի լինում, անասունն էլ ա մարդավարի ապրում,- ասում էր Համբոն Գրացի կենդանական աշխահի առիթով։
Անկաբլուկ, անմակիաժ ծիտ
Մի հետաքրքիր բան էլ՝ Գրացում ոչ մի թափառական շուն չտեսանք։ Այստեղ անտեր շներ չկային։
- Ո՞ւմ ա պետք,- ասաց մեր ընկերներից մեկը ֆեյսբուքյան չաթով,- որ իրիկունը դիլխոր իջնես արաղի ու մի երկու թափառական շան չռաստվես։
Մի տարի առաջ մի սոցիոլոգիական հարցում էին արել, ըստ որի հայերը հայտնվել էին ամենադժբախտ ժողովուրդների հնգյակում։  Հայաստանի պաշտոնական տվյալները ինքնասպանությունների թվի մասին պիտի որ հաստատեին այդ արդյունքները։ Երբ Հիմոգենային Ապրեսովի մեքենայում ասացի, որ անցյալ տարի պաշտոնական տվյալներով հինգ հարյուր մարդ է ինքնասպան եղել, նա աչքերը չռեց ու չհավատաց։ Ասաց՝ Ավստրիան ինքնասպանությունների թվով եվրոպայում առաջատարների շարքում է, բայց ձեր ցուցանիշը գերազանցում է մերը քսան թե երեսուն անգամ։
Բայց  մեր սոցիոլոգներն ու իշխանավորներն այնքան ազնիվ են գտնվել, որ սովորեցրել են մեզ չհավատալ թե պաշտոնական տվյալներին, թե սոցիոլոգիական հարցումներին, և այդ հարցման ադյունքները կարդալիս ինձ ավելի շատ հետաքրքրում էր, թե ինչ հետին նպատակով են հայերը հայտնվել դժբախտների հնգյակում։ Ոչինչ անել չես կարող՝ մենք թերահավատ ենք ու կասկածկոտ, ու միգուցե այդ թերահավատությունն է, որ կանգնած է մեր ժողովրդի ու երջանկության արանքում։
Բայց մենք նաև չափազանց շատ ենք վստահում արվեստին ու գրականությանը՝ մոռանալով, որ դրանք էլ են հզոր մանիպուլյացիոն գործիք։ Մենք համարում ենք, որ արվեստի մարդը հետին շահ չունի ու նրա միակ նպատակը ճշմարտությունը ասելն է։ Բայց արվեստի մարդը շատ ավելի դաժան ձևով կարող է խաբել, անկեղծությունն ու ազնվությունը նրա մոտ պրոֆեսիոնալիզմի դրսևորում են։ Որքան ավելի մեծ ու տաղանդավոր, այնքան ավելի հմուտ խաբեբա։ Երկու դաժան ու «ազնիվ» ֆիլմ Եվրոպայի մասին՝ «Էքսպորտ-իմպորտ» և «Տապը», երկուսն էլ իմ սիրելի Ուլրիխ Զայյդլն է նկարել, որ ավստրիացի է։  Երբ Լուիսին գրում էի, որ մարդիկ Եվրոպայում ավելի երջանկ չեն, առաջին հերթին նրա ֆիլմերի վրա հենվելով էի գրում։ Բայց հիմա տեսնում էի, որ երկու Ավստրիա կա. Մեկը Ուլրիխ Զայդլի Ավստրիան էր, մյուսը՝ անտեր շների պրոբեմը լուծած Ավստրիան։ Ու չգիտեի, ամենայն անկեղծությամբ, թե որ Ավստրիան է իրականը։
Մենք Երևանում մեզ դժբախտ չէինք զգում ու երջանիկ էլ էինք, և նույնիսկ՝ ովևորված մեր երկրում տեղի ունեցող մազալու բաներով, բայց մեզ այստեղ ավելի լավ էինք զգում։ Ասել, որ Գրացի մեր բնակարանում կար մի հարմարություն, որ Երևանում չունեինք, սխալ կլինի։ Հակառակը՝ այստեղ խոհանոցում տաք ջուր չէր գալիս։ Լողանալու տաք ջուրն էլ արագ էր վերջանում։ Երևանյան մեր կենցաղը ավելի լավն էր ուրեմն։ Այդ դեպքում ինչո՞ւ էինք մեզ այստեղ ավելի լավ զգում։ Որովհետև պաշտպանված էինք, երեխայի պես բարուրված, ու մեզ խնամքով-սիրով բարուրողը մշակույթն էր։ Էրիկ Բեռնն ասում է՝ երջանիկ լինելու իրավունքը տալիս է ծնողը իր երեխային։ Կամ չի տալիս։ Մշակույթն էլ ծնող է, որ ժողովրդին կամ տալիս է երջանիկ լինելու իրավունքը, կամ չի տալիս։ 
Տան շեմին

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր