09.09.2011

+1+1+1+1+1+1+1+1+1…



Մենք քանդեցինք, կործանեցինք աշխարհը հին իր հիմից,
Կամքը մարդու ստեղծագործ կուտակեցինք մենք ի մի.-
Էլ ի՞նչ պատնեշ կարող է մեզ մեր ընթացքից բաժանել,
Երբ մեր ոգին բանտից անել անդարձ հանել ենք հիմի:
Ե. Չարենց

Երկու աղջիկ էին, մազերը խուճուճացրած, եղունգները բազմագույն ներկած, շորերը մանրակրկիտ արդուկած,ամեն ինչը տեղը տեղին, ինչպես ասում են` պատրաստի հարսնացուներ։ Դուրս էին եկել երեկոյան զբոսանքի, հնարավոր է՝ ամուսնության համար հարմար թեկնածու կպցնելու։ Ու այդպես՝ հոգով-մարմնով գերեվարվելու կազմ-պատրաստ, անցնում էին Ազատության հրապարակով։ Ջահելներ էին տեսել Թումանյանի արձանի շուրջը խմբված, թե պատվանդանի վրա կպցրած «1+» գրությամբ թերթիկներն էին հետաքրքրություն առաջացրել, մոտեցել էին պարզելու` ինչն ինչոց է:
 Ու մինչ խմբվածներից ամեն մեկն իր հերթին ու իր ձևով ասում էր` «Հայաստանի ճակատագիրը կախված է մեկ մարդուց, ու այդ մեկ մարդը դու ես», աղջիկների դեմքը քիչ-քիչ մռայլվում էր: «Մեկ է, ոչինչ չի փոխվելու, մեզնից ոչինչ կախված չի»,- ասում էին նրանք: Ցավալի է, որ զառամյալ ծերունուն սազական այդ խոսքերը ջահել աղջիկներ էին ասում, ովքեր, ինչպես երևում էր, շուտով մայրանալու են ու իրենց զավակներին էլ դաստիարակեն նույն` հարմարվողականության ոգով:  Ցավալի է, որ նրանց մեջ չկար երիտասարդական առողջ ըմբոստություն, պայքարելու կամք, սեփական կյանքը տնօրինելու ցանկություն: Բայց ամենից ավելի ցավալին ու զարմանալին այն էր, որ այդ երկու աղջիկը ասում էին դա անթաքույց չարախնդությամբ ու հրճվանքով, ասես դրանով, որ իրենցից ոչինչ կախված չէ, պայմանավորված էր իրենց իսկ երջանկությունը, որը կարող էր խաթարվել, եթե հանկարծ հնարավորություն ունենային ինչ-որ բան փոխել իրենց կյանքում` սեփական նախաձեռնությամբ, առանց ծնողների թույլտվությունը ստանալու:
Եթե նայենք հայոց պատմությանը, ապա կտեսնենք`շատ բան, եթե ոչ` ամեն ինչ, կորցրել ենք հենց այն պատճառով, որ սնել ենք մեզ ինֆանտիլ մտայնությամբ, թե մեզնից ոչինչ կախված չէ: Այլ կերպ ասած` հրաժարվել ենք սեփական բախտը տնօրինելու ու դրա հետևանքները կրելու պատասխանատվությունից: Այս կամ այն մեծ ազգի թևի տակ ծվարած` մեզ վերապահել ենք մեծ տերությունների արանքում անհաջող խաղեր տվողի, սրան-նրան կամ, ավելի ճիշտ, մեկ սրան, հետո նրան հաճոյացողի դերը: Դրա համար էլ հայ ժողովրդի պայքարը եղել է պայքար հանուն գոյատևման, այլ ոչ թե հանուն «բարձր կարգի բաների»: Մյուս կողմից, եթե երբևէ ինչ-որ նվաճում ու հաղթանակ ունեցել ենք` ասենք, Սարդարապատը կամ հենց թեկուզ Ղարաբաղը, ապա միայն այն բանի շնորհիվ, որ հասկացել ենք` ոչ ոք մեր փոխարեն հանուն մեզ չի պայքարելու: Հասկացել ենք, հավաքել ենք մեզ ու հաղթել ենք:
Նմանատիպ վիճակի մեջ գցեց ժողովրդին  միջազգային դիտորդների դրական գնահատականը վերջին ընտրություններին. բոլորը նախապես գիտեին, որ իշխանություններն ամեն ինչ անելու են վերարտադրվելու համար, և որ դրա միակ ձևը ընտրությունները կեղծելն է: Բոլորը ականատես եղան մասայաբար ու անթաքույց բաժանվող ընտրակաշառքին: Նաև` այն ճնշումներին ու սպառնալիքներին, որոնց ենթարկվում էին իրենց հարևանները, բարեկամները, ծանոթները: Ոչ ոք արդար ընտրությունների վրա հույս չէր դնում, բոլոր հույսերը կապված էին ընտրակեղծիքների հետ, որոնց բարձրացրած բողոքի ալիքը պետք է վերաճեր հեղափոխության: Բայց իշխանությունը ամեն ինչ շատ նուրբ ու կոկիկ կազմակերպեց: Իսկ միջազգային դիտորդների գնահատականը սառը ջուր լցրեց հեղափոխության գլխին:  Պարզվեցռուսներին ձեռնտու իշխանությունները եվրոպացիներին էլ չեն խանգարում:  Պարզվեց նաև, որ եվրոպացիներն առանձնապես շահագրգռված չեն մեր ժողովրդավարության մակարդակի բարձրացմամբ, և առկա մակարդակը լիովին բավարար է Հայաստանի պես երրորդ կարգի երկրի համար: Բա հո ժողովրդավարությամբ իրենց հավասար չէի՞նք լինելու:  Ու ժողովրդի համար պարզ դարձավ, որ ինչպես նախկինում` ոչ ոք իրեն օգնության չի հասնելու, ու իր պայքարը ստիպված է լինելու մղել մենակ: Միայն թե այս անգամ պայքարը ոչ թե արտաքին թշնամու ու օտար զավթիչի դեմ է, այլ ներքին թշնամու` իր ծնած զավթիչների դեմ:  Մնում է միայն ընտրություն կատարել` պայքարե՞լ, թե՞ համակերպվել պարտադրվող իրականության հետ:  Զարմանալի չէ, որ բազում հին ընկերների դավաճանություն տեսած ժողովուրդը դեռ երկմտում է:  Այդ երկմտանքին վերջ տալու համար էլ մայիսի 16-ին Նիկոլ Փաշինյանը սկսեց իր «1+1+1+1+1+1» ակցիան և նստացույցը Ազատության հրապարակում. «Ես հասկանում եմ, որ ոմանք սա կգնահատեն որպես հուսահատ քայլ:  Բայց այս որոշումը կայացնելուց առաջ երկար եմ մտածել, և իմ արածը ոչ թե հուսահատ քայլ է, այլ քայլ է` ընդդեմ հուսահատության: Այն հուսահատության, որ  մարդուն ստիպել է երկրի քաղաքացու, երկրի իշխանավորի իր իրավունքը զիջել մեկ-երկու  հանցագործի»(ՀԺ, մայիսի 16, 2007թ):
Ավելորդ չէ, սակայն, հասկանալ, որ այդ հուսահատության հարցում ներդրում ունեն ՀՀ բոլոր իշխանությունները (եթե, իհարկե, դրանք տարբեր են և մեկը մյուսի ժառանգորդը չէ) և բոլոր ընդդիմությունները, որ պարբերաբար, անթույլատրելի հաճախականությամբ հեղափոխություն էին խոստանում և անդադար ֆրուստրացիայի ենթարկում ժողովրդին` չկարողանալով կյանքի կոչել իրենց խոստումները կամ գոնե տեր կանգնել իրենց վստահված ձայներին: Ի՞նչ երաշխիք կա, որ հիմա դեպքերն այլ կերպ են զարգանալու: Ժողովուրդն այլևս էն միամիտը չի, որ մի օր դուրս էր եկել Ազատության հրապարակ` պատրաստ մեծ ու ինքնամոռաց սիրոՆա արդեն այնքան է սխալ մարդկանց հանդիպել, որ հիմա միայն փողով է հավատում և «նաղդ» ընտրակաշառքը «նիսյա» հեղափոխության հետ չի փոխի: Իշխանությունները ժողովրդի հետ արեցին ամենավատթարը` սպանեցին հավատալու ու սիրելու նրա կարողությունը ու այնպիսի ստորացուցիչ վիճակի մեջ դրեցին, որ «ցուրտումութ տարիները» համեմատության մեջ լույսի ու ջերմության տարիներ են թվում: Այն ժամանակ ցուրտն ու մութը դրսում էին, իսկ ներսում` մարդկանց հոգիների մեջ, լույս ու բարություն կար, միմյանց օգնելու պատրաստակամություն, հպարտություն, որ վերջապես ունես քո երկիրը, գիտակցություն, որ քո երկրի տերն ես ու հավատ, որ ամեն ինչ լավ է լինելու: Այդ ներքին լույսի արդյունքն էր նաև Ղարաբաղում տարած հաղթանակը: Եվ հիմա էլ հնարավոր չէ որևէ հաղթանակի հույս ունենալ, քանի դեռ վերականգնված չէ այդ հավատը: Բայց հնարավո՞ր է այն վերականգնել` ժողովրդին պոռնկության մեջ մեղադրելով: Սա է, որ հասկացել են երիտասարդ ընդդիմադիր լիդերները. փոխադարձ անվստահության փակ շղթայից մեկընդմիշտ դուրս գալու համար պետք է մեկը իր մեջ ուժ և մեծահոգություն գտնի անվերապահորեն ու կուրորեն հավատալու մյուսին, նրա «սրտի մաքրությանը», ազնվությանն ու անկաշառությանը, որքան էլ դա դժվար լինի. «Ու հիմա քիչ էր,- գրում է Նիկոլ Փաշինյանը,- որ ժողովուրդը քաղաքական գործիչներին էր ծախված համարում, քաղաքական գործիչները` լրագրողներին, լրագրողները մտավորականներին և հակառակը, այս ընտրություններում իշխանությունը նման իմիջ ձևակերպեց նաև ժողովրդի համար¦ (ՀԺ մայիսի 16, 2007թ): Արմատական ընդդիմության համոզմամբ ընտրությունների ելքը ընտրակաշառքը չի որոշել, այլ շրջանառության մեջ դրված 400 հզ. կեղծ անձնագրերը:
«1+1+1+1+1+1» ակցիան փոխադարձ վստահությունը վերականգնելու առաջին քայլն էր: Բոլոր նրանք, ովքեր «հասկանում են երկրում ստեղծված իրավիճակի վտանգավորությունը»,  գալիս էին ու Թումանյանի պատվանդանի վրա փակցնում իրենց «1+» գրառմամբ թուղթը` դրանով հայտնելով իրենց համերաշխությունն ու մինչև վերջ գնալու պատրաստակամությունը: Եվ ակցիան տվեց իր արդյունքը. հեղափոխական ալիքը, որի անխուսափելի մարումը կանխագուշակում էին շատերը, նոր թափ հավաքեց:  Ճիշտ է, հիմա էլ շատերը, հիմնականում իշխանությանը այս կամ այն չափով հարող մարդիկասում են, որ երկրում հեղափոխական իրավիճակ չկա, որ 2003-ին և 2004-ի ապրիլի 12-13-ին կրքերը շատ ավելի բորբոքված էին, ու եթե այն ժամանակ ոչինչ չեղավ, այսօր դժվար թե լինի:  Բայց պետք է տեսնել, որ իրավիճակը փոխվել է, ու եթե 2003-ին դեռ միամտորեն կարելի էր հավատալ «սահմանադրական ճանապարհով» փոփոխություններ անելու հնարավորությանը, այսօր հեղափոխությունը Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնելու միակ տարբերակն է: Փոխվել են նաև մարդիկ` թե հարթակին կանգնածներըթե հրապարակում խմբվածները:  Ի տարբերություն նախորդ ընդդիմության` նորը հեղափոխության օր ու ժամ չի հայտարարում, այլ ասում է` հեղափոխությունը մի օրվա, մի շաբաթվա, մի ամսվա բան չի: Պայքարի ելածներն էլ իշխանության հանդեպ հակակրանք, անձնական թշնամանք ու ատելություն ունեցողները չեն միայն, այլև նրանք, որ  պարզապես հոգնել են նույն դեմքերից և կարոտ են փոփոխությունների: Նիկոլի շուրջ խմբվածները չքավոր, խեղճ ու դյուրահավատ մարդիկ չեն, որոնց միտինգի է բերում հացի խնդիրը, և որոնք մի փոր հացով կարող են ձայն վաճառել: Դրանք այն մարդիկ են, որ պայքարի են եկել ոչ թե կուշտ, այլ արժանապատիվ կյանքի համար, ավելի լավ հայրենիք ունենալու, ավելի լավ երկրի քաղաքացիներ լինելու համար: Եվ նրանց մեջ շատ են երիտասարդները` իսկական երիտասարդները` ոչ այն ստրկամիտներից, որ ռուսներին ու ռուսասեր ընտրազանգվածին հաճոյանալու ուրիշ ձև չգտնելով` առաջարկում էին բոյկոտել էստոնական ապրանքները: Ոչ էլ չափված-ձևված, կոկիկ բարեկիրթներից, որ ուզում են անխուսափելի սերնդափոխության ենթակա քաղաքական պարտերում նախօրոք տեղ պատվիրել: Դրանք այն ջահել կարիերիստները չեն, որ իրենց ցրցամ տված կարիերայի ապահովության համար հանրապետականների, բարգավաճների ու դաշնակների համար էին աշխատում` իրենց թշվառ գիտելիքով ծառայելով տգիտությունն ու իրենց նմաններին խրախուսող համակարգին: Ոչ էլ նրանք են, ում ծնկները ծալվում են ցուցադրական հայրենասիրությունից, պաթետիկ խոսքից և դպրոցական ասմունքի փշաքաղեցնող ինտոնացիաներից: Այդ ջահելներներից շատերի դեմքերը ծանոթ էին ինձ դեռ ռոք-ակումբներից, ռոք-փառատոններից, թատերական ու կինոփառատոններից, ցուցահանդեսներից, կինոդիտումներից, գրական քննարկումներից և այլն, և այլն: Այլ կերպ ասած` Նիկոլ Փաշինյանին հաջողվեց արթնացնել քնած գազանին` երիտասարդության սերուցքը, որ բոլոր ժամանակների հեղափոխությունների վառոդն է եղել և որ մինչ այդ իր ճնշող մեծամասնությամբ ապաքաղաքական էր` հնարավոր է նաև այն պատճառով, որ քաղաքական դաշտում չէր տեսնում արժանի լիդեր` իր տեսակին:  Այս տեսանկյունից չափազանց ճիշտ էր ընտրված ռազմավարությունը` ոչ թե ամբոխ, այլ անհատներ` 1+1+1+1+1…. Որովհետև Նիկոլը, ավելի, քան ներկայիս լիդերներից որևէ մեկը, գիտի` այդպիսի մարդու համար դժվար է գալ միտինգի, դժվար է լինել ամբոխի մաս, դժվար է լսել հռետորների, որ ժողովրդին դիմում են, ինչպես անհասկացող երեխաների, դժվար է լսել ութմազյանական առոգանությամբ արտասանված ճառերՄիայն երկրի անհուսորեն փակուղային վիճակի գիտակցումն է ի զորու բերել նրանց հրապարակ: Իսկ դա անելուց հետո հեղափոխության հաղթարշավն այլևս հնարավոր չի կասեցնել, որովհետև այդպիսի մարդը երբեք, ոչ մի պարագայում, ոչ մի գնով չի կարող հանդուրժել իր գլխին տերուտիրական նշանակված, իր երկիրը ճորտատիրական կալվածքի վերածած տգետին:  Նաև բավականին բարձր է այդ մարդկանց զգայունության շեմը շրջանառվող առասպելների հանդեպ. նրանք գիտեն, որ, ասենք, օլիգարխի հզորությունը կամ իշխանավորի ամենակարողությունը իրենց իսկ տարածած միֆերն են, որ սնվում են մեր վախերով ու, ամենակարևորը, հավատով: Սա շատ կարևոր է, որովհետև եթե մեր մեջ այդքան ուժ ենք գտնում առասպելներին հավատալու համար, ուրեմն կարող ենք ու պարտավոր ենք հավատալ մեր երկրին տեր կանգնելու մեր օրինական իրավունքին, ավելի լավ երկիր ունենալու երազանքին, նրան, որ մենք կարող ենք ամեն ինչ փոխել, որ մեզնից կախված է ինչ-որ բան` ոչ ավել-ոչ պակաս` Հայաստանի ճակատագիրը:
Տարիներ շարունակ իշխանությունները (ոչ միայն անկախ Հայաստանի) զանգվածային գիտակցության մեջ արմատավորել են այն միֆը, որ հայերը հարմարվողական, ստրկամիտ, յոլա գնացող ժողովուրդ են` անընդունակ հեղափոխութան£ Այդպես երեխային են համոզում, որ այս կամ այն բանը չանի կամ անի իրենց ուզածը: Իշխանությունները նաև իմաստափոխել  են հեղափոխություն բառը` դարձնելով այն ավեր ու թալանի, պատերազմի, «ցուրտումութ» տարիների հոմանիշ: Ահա և բոբոների այն հավաքածուն, որոնցով փորձել են վախեցնել մեզ: Բայց եկել է չափահաս դառնալու ժամանակը: Այսօր, ինչպես Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում, մենք կանգնած ենք ընտրության առջև` կերտել մեր երազած հայրենիքը կամ ապրել ուրիշի հայրենիքում: Ու, ինչպես այն ժամանակ, մեզ ոչ ոք օգնության չի գալու: Մենք մենակ ենք դուրս գալու թշնամու` մեր սարսափի, մեր հարմարվողականության, մեր ստրկամտության դեմ: Մեզ տրված է կորցրածը վերագտնելու վերջին հնարավորությունը` հեղափոխությունը: Եվ հեղափոխությունը սկսված է: Բայց, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը, չկարծեք, թե այն կարող է տեղի ունենալ առանց ձեզ:
Ուրեմն` բոլորին, բոլորին, բոլորինԱյն տատիկներին ու պապիկներին, ում կյանքի փորձը պետք չեղավ իրենց զավակներին ու թոռներինՀուսախաբ ու հոգնած միջին սերնդի մարդկանց, որ 88-ին Ազատության հրապարակ էին դուրս եկել հանուն ազատ ու անկախ հայրենիքի, որն այդպես էլ չունեցանԵվ վերջապես` երիտասարդներին, որ իսկապես հայրենասեր ենԹոթափեք ձեր ուսերից հուսահատության, թերահավատության, ամեն տեսակ կյանքի փորձի ու իմաստնության լուծը: Հեղափոխությունը գալիս է: Գալիս է ոչ որպես ավեր ու թալան, այլ որպես նորացման, թարմացման, կյանքը նոր էջից սկսելու առաջարկ: Բացեք ձեր պատուհանը ու կտեսնեք` հեղափոխությունը հասել է ձեր տան մոտ, ձեր բակՀեղափոխությունն արդեն ձեր դուռն է թակում: Մի խաբվեք սովորականից ավելի խաղաղ ու հանդարտ փողոցներին: Դա հանդարտություն է փոթորիկից առաջ: Հեղափոխությունը սկսվել է, չունի նահանջի ճանապարհ ու դատապարտված է հաղթանակի: Ի՞նչ փողերով` կհարցնեք: Հայաստանի ամենամեծ հարստությամբ`  ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՈՎ: Կհարցնեք` իսկ «սահակաշվիլին» ո՞վ է:  Ու պատասխանը կլինի` առաջնորդը ես եմ, դու ես, նա` 1+1+1+1+1+1+1+1…

2007. թ.

Հոդվածը գրվել է 2007 թվի մայիսին, տպվել է Հայաստանի գրողների միության պարբերական հանդիսացող «Գրեթերթ»-ում և եղել է իմ վերջին երևումը գրողների միության կամ դրա հետ ինչ-որ կապ ունեցող որևէ պարբերականում։   
Չորս տարում շատ բան է փոխվել, հոդվածը կարող է ժամանակավրեպ թվալ։ Հոդվածում արտահայտած մտքերը այս տարիների ընթացքում բազմիցս չարկչրկվել են մամուլում։ Ի՞նչ նպատակով եմ հանում այն «մարդամեջ»։ Առաջինը՝ որ գլուխ գովեմ, թե որքան ճշգրիտ եմ  կռահել մեծ փոփոխությունների սկիզբը՝ մի ժամանակ, երբ փողոցները հանդարտ էին թվում, և Լևոն Անանյանը գոհունակ ժպիտով ասում էր՝ հեղափոխությունը չի թակել մեր դուռը.... Երկրորդ՝ որպեսզի ցույց տամ, թե ինչ ճանապարհ ենք անցել «Իմպիչմենտի» այդ՝ բացառիկ ոգևորությամբ ու ստեղծագործական գաղափարնեով լի օրերից։ Եվ երրորդ՝ նմանատիպ զգացողություն ունեմ, որ հաղթանակը մոտ է։

3 комментария:

  1. Էդ օրերին գրողների միության պատին՝ դռան հենց վերևում, բարձր մի տեղ պարբերաբար հայտնվում էր «+1» գրությամբ թերթիկը և պարբերաբար հանվում պահակի կողմից։ Միության պատիվը փրկելու անհույս փորձեր էին, որ ձեռնարկում էին երիտասարդ գրողները։ Ցավոք նրանց մեծ մասը նախընտրեց տպագրվելու տեղ ունենալը, խղճուկ «գրողական կարիերա անելը», պետպատվերով գիրք տպելը, տգետ գրականագետների կողմից գնահատվելը՝ անկարող լինելով ոչ միայն թարմացնել գրական միջավայրը (էլ չեմ ասում՝ գրողների միությունը), այլև կուլ գնալով փտած պատերով ու փտած մարդկանցով լի այդ շենքին։

    ОтветитьУдалить
  2. Էս հոդվածը հանրահավաքից առաջ եմ դրել բլոգումս։ Հետաքրքիր էր, որ հիշել էի ու կարդալու ցանկությու ունեցա։ Ժամանակավրեպ թվաց, բայց որոշեցի դնել, որ տեսնենք՝ որտաղից ուր ենք հասել։ Մտքովս չէր անցնում, որ հանրահավաքին հեղափոխական կոչեր կլսեմ։ Ոնց որ մոգություն լինի։ Ահավոր հուզված եմ։ Ինձ թվաց՝ էլի 2007-ի գարունն ա։ Սկսել ա...

    ОтветитьУдалить
  3. Որոշ երիտասարդ գրողների մասին գրված մեկնաբանությունը շատ դաժան թվաց, մանավանդ որ անուններ չկային ու կարող էր անարդարացիորեն տարածվել նաեւ մյուսների վրա։ Ուզում էի ջնջել մեկնաբանությունը, հետո մտածեցի՝ ճիշտ չի եւ պատմությունը կեղծելու պես մի բան կստացվի։ Փոխարենը 11 տարի անց բոլոր երիտասարդ գրողները (․ կարծես ոչ միայն երիտասարդները) սատարեցին հեղափոխությանը՝ էն էլ ակտիվ կերպով, փողոց փակելով ու քաղաքացիական անհնազանդության այլ միջոցների դիմելով, ընդ որում առանց իրենց անձը կարեւորելու ու փիառելու՝ անշահախնդիր եւ ի սրտե։)

    ОтветитьУдалить

ասա, մեջդ մի պահիր