Ասուզայի ծնունդին հրավիրված էին մարդիկ, որոնք Գրացում էին այս կամ այն արտիստական
ծրագրով։ Նրանք բոլորն ինչ-որ բանով իրար նման էին, ինչպես իրար նման են բոլոր գրանտակերներն
ու միջազգային ծրագրերից օգտվողները։ Նրանցից մի քանիսին Լուիսն արդեն հասցրել էր ծանոթացնել
մեզ, իսկ մյուսներին ծանոթանում էինք տեղում։ Բոլորն ակտիվորեն շփվում էին, իրենց շատ
ազատ ու անկաշկանդ էին զգում, բացի Կոնգոյից եկած սևամորթ գրողից։ Նա մեզնից խեղճ էր,
կանգնած էր մեկուսի, ամաչկոտ էր ու երկչոտ, ոչ մեկի հետ չէր շփվում։ Ես ու Համբոն հետը շփվելու փորձ արեցինք։ Համբոն
հարցրեց՝ հնարավո՞ր է արդյոք, որ հեղափոխությունների ալիքը Կոնգո էլ հասնի։ Գրողն անգլերեն
դժվարանում էր խոսել, նրա լեզուն ֆրանսերենն էր, հիմա էլ գերմաներեն էր սովորում։ Մենք
մեզնից խեղճացած մարդ էինք գտել, մեզնից ավելի բռնատիրական երկրում ապրող, մեզնից ավելի
վատ անգլերեն իմացող, ու հարցակոխ էինք անում։ Անգլերենի չիմացությունից չէր կարող
լինել նրա խեղճությունը, քանի որ միայն մեզ հետ չէր այդպես ծուռվիզ։ Ուրեմն ինչի՞ց
էր՝ հայրենքի «կլաս»-ի՞ց, թե՞ տաղանդի հզորությունից։ Դե, մենք սովոր ենք, որ տաղանդավոր
մարդու մեջ պիտի խեղճություն լինի, և ինչքան տաղանդը շատ, այդքան խեղճությունը՝ մեծ։
Բայց հնարավոր է՝ շփոթում ենք համեստությունը խեղճության հետ։ Հայ ենք, չէ՞։ Մեր խեղճությունը
ոչ հայրենիքի «կլասի» հետ կապ ուներ, ոչ տաղանդի։ Մեր խեղճության պատճառը դիցուք լվերն
էին։
Մինչ Ասուզան ճապոնական իր ուտեստների պատրաստումն էր հասցնում
ավարտին, Լուիսը մեզ ծանոթացնում էր նրա աշխատանքներին։ Ես էլ եմ ուզում մի երկու բառ
ասել նրա աշխատանքների մասին, քանի որ հետո ամիսներ շարունակ հիշում ու զարմանում էինք
Ասուզայի մտքի անսպասելիությամբ։ Նրա աշխատանքները եվրոպական հայացք էին արտահայտում,
ծնված էին եվրոպացուն հատուկ ձանձրույթի, մենակության ու տխրության զգացողությունից,
բայց դրանց մեջ կար հեռավոր, ինքնատիպ, չծերացող ու չհանձնվող ճապոնական մշակույթից
ինչ-որ դաժանություն ու ագրեսիա, որ ստիպում էր տիպիկ եվրոպական ձանձրույթին վերակերպավորվել։
Ասուզայի բնակարանում կար թել մանելու մեքենա, որ կամ հին ճապոնական, կամ հին գերմանական
նախատիպի օրինակով էր պատրաստված։ Այդ սարքը մեխանիկական էր և աշխատում էր ոտքով։ Ասուզան
դրանով թել էր մանում, բայց թելի համար հումք էին հանդիսանում մարդկային մազերը։ Պատերի
տակ բազմաթիվ ցելոֆանե պարկեր էին շարված, որ նա գնել էր Բեռլինի վարսավիրանոցներում,
իսկ հիմա էլ գնում էր Գրացի վարսավիրանոցներից։ Մանված թելով նա գործում է զգեստներ
կամ, ինչպես ինքն է անվանում, «քանդակներ, որոնք կարող են հագնել այցելուները»։ Նաև
ունի տարաբնույթ օբյեկտներ, ինչպես օրինակ արկղերը և զարդատուփերը։ Ասուզան կարող է
մի գործվածքի մեջ համակցել Բեռլինի և Գրացի վարսավիրանոցներից գնված մազերը՝ այդպիսով
ասես միավորելով նույն լեզուն կրող, բայց մշակույթով և մենթալիտետով որոշակիորեն տարբերվող
ժողովուրդներին մի գործվածքի մեջ։ Որքան ավելի հետաքրքիր կլիներ Ասուզայի գաղափարը
հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական կոնտեքստում և ինչպիսի հաջողություն կունենար գաղափարները
սպառած հայ գրանտակերների շրջանում՝ աներևակայելի է պատկերացնել։ Եվրոպական ազգամիջյան
տարաձայնությունները որքան նրբիկ ու խաղալիքային են երրորդ աշխարհի երկրներում առկա
տարաձայնությունների ու բախումների համեմատությամբ։ Ասուզան ասում է. «Մարդու մազն
ունի բազմաթիվ հատկություններ։ Այն արտահայտում է մեր հասարակության ընդհանուր պատկերացումները,
ինչպես սեքսուալության, անձնական կամ էթնիկական
ինքնատիպության, գեղեցկության և այլն։ Բայց մյուս կողմից, յուրաքանչյուր առանձին մազ ափոփում է անձնական այնպիսի տվյալներ, ինչպիսիք են ԴՆԹ-ն, տեղեկություններ մարդու առողջության, սննդակարգի եւ այլնի մասին՝ ասես յուրատեսակ անձնական
օրագիր։ Բացի այդ, շատ մարդիկ իրենց կտրված մազերն ընկալում են որպես օտար մարմին՝ նողկալի
ու սահմռկեցուցիչ։ Ես օգտագործում եմ մարդկային մազերը որպես նյութ, որ մարդկանց ստիպեմ փոխել իրենց վերաբերմունքը (օտար) մարմնի հանդեպ մեր հասարակության մեջ։
Տարբեր մարդկային խմբերի պատկերը ստանալու համար փորձում եմ ձեռք բերել մազեր տարբեր քաղաքների վարսավիրանոցներից։ Ես փնտրում եմ ավելի շատ հնարավորություններ՝ այլ քաղաքներից մազեր ձեռք բերելու համար»։
Տարբեր մարդկային խմբերի պատկերը ստանալու համար փորձում եմ ձեռք բերել մազեր տարբեր քաղաքների վարսավիրանոցներից։ Ես փնտրում եմ ավելի շատ հնարավորություններ՝ այլ քաղաքներից մազեր ձեռք բերելու համար»։
- Ասուզա, Ասուզա,
էս կողմ նայիր,- մազերս քաշքշելով՝ գոռում էր Լուիսը, ում քեֆն արդեն լավ էր, չնայած
առանց խմելու էլ վատ չէր լինում։

- Հաջորդ անգամ ինձ կծախես մազերդ,-ասաց Ասուզան,- ես սիրով
կառնեմ։
Կարծեմ ես էլ խոստացա, որ սիրով կնվիրեմ։
Ասուզան էլ էր երկար մազեր ունեցել։ Վեց տարի չէր կտրել,
իսկ հետո կտրել ու սեփական մազից ձեռնոց էր գործել։Նրա մերկ մեջքի լուսանկարում, որ
ծածկված չէր մազերով, այլ ձեռքով, որի հագին այդ մազերից գործած ձեռնոցն էր, տխրություն
կար։ Տխրություն կար նաև նրա արած «Աչքերի նկարներում», որոնց մեջ արտացոլվում են Բեռլինի փողոցները, կիսապառկած
Քրիստոֆը կամ սեփական նկարը երկար մազերով։ 
Հիմա, երբ հղի եմ ու սպասում եմ իմ Բեյբիին, շատ լավ եմ հասկանում
նրան։ Կարող եմ ասել, որ գործելը համարյա բնազդային մի բան է, եթե չասեմ՝ մայրական
բնազդի բաղկացուցիչներց մեկը։ Ես էլ եմ սկսել մանկական հագուստի պարագաներ գործել և
մարդ եմ փնտրում, որ իմ չիմացածն ինձ սովորեցնի։ Մայրական բնազդների արթնացումը Ասուզային
հեռու տարավ, կարելի է ասել՝ Բեյբին ճակատագրական եղավ նրա ստեղծագործական կյանքում.
եթե չլիներ Բեյբին, նա գործել չէր սովորի, իսկ եթե գործել չսովորեր, հազիվ թե նրա գլխում
միտք ծագեր, որ կարելի է մարդու մազից «քանդակներ» գործել։ Այնպես որ, երեխան ղսմաթ
է բերում ոչ միայն սովորական մահկանացուներին՝ փողի ու աշխատանքի տեսքով, այլև արվեստագետներին՝
նոր գաղափարների տեսքով։ Ինչ մեղքս թաքցնեմ,
իմ հույսն էլ դա է։

- Նշանակում է ալպինիստների դուստր։
- Ոչ, նշանակում է աղջիկ, որ տարբեր կոշիկներ է հագնում։
Մենք ուշադրություն դարձրինք Ասուզայի կոշիկներին և տեսանք,
որ ռուսական
ասացվածքը Ասուզայի դեպքում չէր գործի, հարկ կլիներ ասել՝ տարբեր, ինչպես կոշիկների
զույգը։ Եթե Լուիսը մեր ուշադրությունը չհրավիրեր Ասուզայի կոշիկների վրա, մենք դրանց
տարբերությունը չէինք էլ նկատի՝ այնքան ներդաշնակ ու ասկետական էր Ասուզայի հագուկապը,
այնքան աննկատ այդ «ճչացող» փաստը, որ հասկանում ես՝ էպատաժի համար չէր տարբեր կոշիկներ
հագնում, այլ պազապես մի օր արթնացել էր ու մտածել՝ իսկ ո՞վ է ասել, որ կոշիկները պիտի
նույնը լինեն։
Դա Ասուզան է՝ աշխարհին և իրերին
այլ՝ չոչ անող երեխայի տեսանկյունց նայող աղջիկը։
Комментариев нет:
Отправить комментарий
ասա, մեջդ մի պահիր