04.04.2015

ՎՀՈւԿՆԵՐԻ ՈՐՍ



աղքատ և վհատ և չափավոր թախծոտ
ինչպես հնարավոր էր միայն նախանցյալ դարում
ողջ գիշեր նստել մահճակալի եզրին
նայել պատուհանից դուրս
մտածել բացվող օրվա մասին
չիմանալ գլխիդ գալիքը

լուսավորված ամայի փողոցներով
մոլորված նավակի պես
լողում է աղբահավաք մեքենան
պատուհանիս տակով ցախավելներ են անցնում
վհուկներին հեծած
ծառերը ցախավելներ են էլ ավելի մեծ

վհուկներին վաղուց այլևս չեն որսում
նրանք գիշերը դուրս են գալիս գործի
էլ  ցախավել  չեն  հեծնում
և  գործածում են իրենց թռչող սարքերը
ի շահ փողոցների մաքրության
ի վաստակումն հանապազօրյա հացի

նայում ու սրտանց նախանձում եմ նրանց
տանը նրանց անհայր զավակներն են սպասում
անզավակ ծնողները և էլի ուտող բերաններ
յուրաքանչյուրը վհուկանալու իր պատճառն ունի
բայց հին գործիքի ի՜նչպիսի թարմ կիրառում
և  ի՜նչ զարմանահրաշ գործ է փողոց ավլելը

ես նայում եմ նրանց թախծոտ նախանձով
և սփոփում ինձ թե նույն գործն եմ անում
վաղուց կախարդազուրկ այս թուղթուգրով
բառերը քարկապելով իրար
ես էլ իմ հոգու կեղտոտ անկյուններն եմ ավլում
երբեմն նաև ուրիշների

համեմատությունն ինձ թվում է սարքովի
ու չափազանց մեծամիտ
ինձ չեն վճարում էդ մաքրության դիմաց
և  երևի ես ամենավերջին պոետն եմ
գործազրկության էս դարում
վհուկներն էլ իրենց հացը գտան

ցախավելները ավլում են փողոցները
ծառերը ավլում են երկինքը
և  ոչ մի կախարդանք այլևս չկա
վհուկները խմբվում են պատուհանիս տակ
և  շարունակում իրենց երթը աղջամուղջի մեջ
ցախավելներն ուսած

փողոցը մաքուր է ու պատրաստ բացվող օրվան
նայում եմ վհուկների հեռացող երամի հետևից
և ֆոտոխցիկով որսում նրանց
այդ տարաշխարհիկ թռչուններին
որ մոռացել են ճախրելը
հավերի նման


2009



«Անտերուդուս» գրքից

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր