03.06.2015

ԽԵՆԹԵՐԸ

Արևը սեթևեթում էր, երբ խենթը գնաց խենթուհուն հյուր։ Ճանապարհին նա զգաց, որ արևը ոչ թե սեթևեթում է, այլ այրում։ Բայց խենթուհին առավ նրան իր փեշի հովանու տակ և ինքն էլ պատսպարվեց նրա գրկի հովում։ Այսպես նրանք երկար-երկար խոսեցին հազարումի դատարկ ու անհետաքրքիր բաներից։
Արևը ձանձրացած հորանջում էր, երբ  խենթերը բնական պահանջ զգացին... համբուրվելու։
Արևը այլայլվեց, փակեց շիկնած դեմքն ափերով ու փախավ։ Խենթերը խիստ զբաղված էին՝ այդ աննշան փոփոխությունը նկատելու համար։ Բայց հանկարծ նրանք ցանկացան նայել միմյանց աչքերի մեջ՝ ստուգելու, թե արդյոք չե՞ն ստում ձեռքերը։ Նրանք քաշեցին աստղերի շղթայից, և...
Լուսնի լապտերը վառվեց։ Խենթերը ներողություն խնդրեցին ձեռքերից անհիմն կասկածների համար և որպես քավություն սկսեցին աղոթել։ Օ՜, նրանց աղոթքը... Այն բաղկացած էր իրար հետ ոչ մի կապ չունեցող անշունչ ու շնչավոր գոյականներից։ Այսպես նրանք իրար գրկած աղոթեցին ամբողջ գիշեր։ Մինչև երևի վերջացավ լուսնի նավթը։
Երբ արևը բարձրացրեց վարագույրի ծայրն ու ծիկրակեց, խենթուհին ասաց խենթին, որ ժամանակն է հեռանալու։ Խենթը, իհարկե, ուզում էր մնալ, բայց դա իսկական խենթություն կլիներ...
Նրանք խենթավարի նայեցին իրար աչքերի մեջ, հետո գոռոզ արևի աչքերին, հետո դարձյալ իրար։
Արևը սեթևեթում էր, երբ խենթը հեռացավ։ Բայց ճանապարհին նա զգաց, որ արևը ոչ թե սեթևեթում է, այլ այրում...

1996

«Ծիկ» գրքից

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր