05.06.2015

Հիշիր հուշերդ, ստուգիր հուշերդ



Իմ մանկության տան բակում,
ահռելի եղևնիների տակ
կանգնած եմ բահը ձեռքիս։
Հող էի փորում։
Հողից ծովի հոտ է գալիս։
Հեռվում լիճ կա։
Գորտեր են կռկռում։
Հանկարծ հիշում եմ՝
իմ պատանեկության գորտերն են։ 
Սիրտ ճմլող մթնշաղներին,
երբ  իմ սենյակում փակված՝
սիրում էի ինձ,
և ձեռքերս դառնում էին սիրածիս ձեռքերը,
գորտերը կռկռում էին նույն կերպ։
Եվ կլոր լուսինն էր պատուհանի մեջ։

Այստեղ միշտ լիալուսին է։
Վաղուց էի հեռացել այս տնից։
Ինչպես ինձ էր թվում՝ ընդմիշտ։
Քսան տարի իմ բոլոր երազներում
այս տունն էի տեսնում,
ասես սա ոչ թե բնակարան,
այլ կենդանի արարած լիներ՝
երազներիս գլխավոր հերոսը,   
որ շշնջում էր ինձ ամեն գիշեր.
- Դու դեռ այստեղ ես ապրում։

Արթնանալուց հետո միշտ
թեթևացած մտածել եմ՝
ես ունեմ երեք եղբայր ու մի քույր,
երբ ծնողներս չեն լինի,
մենք կվաճառենք այս տունը
ու գումարը կբաժանենք հինգ մասի։
Բայց տունը հայրս նվիրեց ինձ,
և հիմա այստեղ եմ՝ եղևնիների տակ։
Փորել եմ հողը, որ վարդեր տնկեմ։

Ինձ թվում է՝ ես վաղուց եմ մահացել։
Եվ երևի՝ ոչ մեկ անգամ։
Հաշվում եմ։
Երեք կյանք եմ ապրել՝
երեք տարբեր մարդու։
Մեկը մահացել է 18 տարեկանում,
մյուսը՝ 25,
երրորդի կյանքը, զգում եմ,
մոտենում է ավարտին։
Նրանք իրար երբևէ չեն ճանաչել,
բայց միշտ լսել են միմյանց մասին,
ինչ-որ անծանոթ մարդիկ
միշտ շփոթել են նրանց՝
ստիպելով հիշել, հիշել, հիշել…
Եվ նրանք, քաղաքավարությունից դրդված,
հաճախ ձևացրել են, թե հիշեցին։
Մի բան է միավորել նրանց աննկատ՝
Երազների տունը։

Երբեք այսքան տխուր չի եղել 
բաժանումը ինձնից։ 
Եղել է մաժոռ, պաթոս, հաղթանակ,
կենսահաստատ մի բան։
Հանկարծ հասկանում եմ,
որ վարդեր չեմ տնկում պարտեզում,
այլ նոր երազանքներս,
որ պիտի ջրեմ, քաղհանեմ, աճեցնեմ։
Ապրելու համար բավական չէ մեռնել,
բավական չէ թաղել քեզ ու մոռանալ,
պետք է հեռանալ նոր ճանապարհներով։
Բայց ես հազիվ սկսել եմ ինձ սիրել,
հազիվ հաշտ եմ ինձ հետ,
գուցեև երջանիկ։

Թիկունքումս տունն է կանգնած,
շնչում է ծանր։ Շշնջում է.
- Չկա հին ու նոր, չկա կյանք ու մահ,
բոլոր ճանապարհները քեզ բերելու են,
և չկա ճանապարհ, որ կտանի...
Հիշիր հուշերդ, ստուգիր հուշերդ,
քո նոր երազանքները
իրականացել են անցյալում...
Դու երբեք երջանիկ չես եղել...

Այս տան մասին մտածելու ձևն իսկ
նման է երազ տեսնելու ձևին։
Չի կարելի ինձ մենակ մնալ նրա հետ։
Հանկարծ հասկանում եմ, 
որ պետք է թափով երազել,
երազել ինքնամոռաց,
երազել բոլոր վերջույթներով,
բոլոր օրգաններով ու զգայարաններով,
երազել անմնացորդ…

Եղևնիների տակ, բահը ձեռքիս, աչքերս փակ՝
ես լսում եմ գորտերի կռկռոցը՝
այն նույն կռկռոցը,
այն նույն գորտերի...
Ես նայում եմ վերև՝ նույն լուսինն է կլոր։
Ես նայում եմ ոտքերիս,
որ մինչև ծնկներս խրված են հողի մեջ։
Եվ շարունակում են խրվել։
Հանկարծ հասկանում եմ,
որ սա սովորական հող չէ,
Ո՜չ, սա հող չէ…
Եվ սա երազ չէ՝ այն երազներից,
որ տեսնում էի այդքան շատ։
Սա իրականությունն է՝
ավելի խելագար, քան երազը։

2015, մայիսի 29

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր