17.06.2016

Անալի արձան



Չկա հետդարձի ճանապարհ։
Երանի հնարավոր լիներ գոնե
կանգ առնել  քայլելուց հոգնած,
շրջվել ու տեսնել վերջապես
էդ ինչ սոսկալի արհավիրք է
խոստացվածը։

Լսել, թե ոնց է ոռնում անցյալը աղեկտուր,
թե ոնց է կառչում իր չորացած մատներով,
աղաչում աղիողորմ, աղերսում՝
չլքես ինձ, մի գնա, աղջիկ…
Եվ  համակ խիղճ ու տառապանք,
անկարող անել գեթ մեկ քայլ,
անկարող  գիրկը նետվել
ընդմիշտ կորչելու հույսով՝
աղի արտասուք թափել,
դառնալ աղի աղբյուր՝
աղի արձան,
ինչպես գրված է։
Բայց մինչ կրջես գլուխդ,
մոռացության փոթորիկը
մանր հյուլեների կտրոհի ամեն բան.
թիկունքումդ  չկա ոչինչ
դատարկությունից բացի,
լռությունից բացի,
բացի մոռացումից։
Դու շարունակում ես քայլել անկանգառ
ու հետ չես նայում ոչ այն պատճառով,
որ վախենում ես աղակալել ու արձանանալ,
դու անընդհատ քայլում ես դեպի անցյալ.
միայն թե
ապագայում է քո անցյալը։

2016,  մարտի 5

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր