14.06.2016

Տխրելը խստիվ արգելվում է



Առաջ, երբ տխրում էի, ու լացս գալիս էր,
աչքիս անկյունում արցունքի կաթիլ էր գոյանում
ու գլորվում էր այտովս՝ փայլուն հետք թողնելով։

Հետո հեկեկոցներ էին դուրս թռչում կրծքիս վանդակից,
ու աչքիս նույն անկյունից սկսում էր աղբյուր բխել,
քչքչան առուներ էին հոսում այտերս ի վար,
որ հետո դառնում էին լեռնային վարար գետեր
ու թափվում ոտքերիս մոտ գոյացած գեղատեսիլ լճի մեջ։
Առաջ, երբ տխրում էի, ու լացս գալիս էր,
միշտ անձրև էր սկսվում,   
երբեմն մաղում էր միալար,
երբեմն լինում էր հուժկու ու կարճատև։
Անձրևը թափվում էր ինձ վրա,
արցունքներիս հետ հոսում այտերս ի վար,
և ծփում էր ոտքերիս մոտ գոյացած լիճը,
ինչպես խռովահույզ  ծով։
Արցունքները լվանում էին աչքերս ու հոգիս,
անձրևը լվանում էր փողոցներն ու դաշտերը,
շենքերն ու մեքենաները,
ամեն ինչ։
Հետո կյանքը սկսվում էր նոր եռանդով,
արցունքներովս ջրված արտերում
ցանքսը նոր թափով էր աճում,
փարթամանում էին ծառերն ու խոտը,
անասուններն ավելի ժրաջան էին բազմանում։

Հիմա, երբ  տխրում եմ, ու լացս գալիս է,
աչքերիս մեջ արցունք չի գոյանում,
և ոչ մի հեկեկոց դուրս չի թռչում կրծքիս վանդակից։
Երկինքը սկսում է սառույց թքել
դաշտերի ու ասֆալտի վրա,
տների ու ավտոների տանիքներին,
ահռելի, սառցե ձվերով
գնդակահարում է ծաղկած ծառերը,
հավերին, սագերին, ձիերին,
ջարդում տների ու ավտոների պատուհանները։
Հետո քամի է սկսվում՝ փոթորիկ, պտտահողմ.
այն, ինչ վաղուց նետված էր աղբանոց,
այն, ինչ շպրտված էր ճամփեքին,
աշխարհի կեղտն ու փոշին երկինք են բարձրանում
ու մահվան պարի մեջ են ուզում ներքաշել ամեն ինչ։
Փախչում են տների կտուրները խելակորույս,
եղևնիներ են տապալվում՝ արմատները երկինք կարկառած,
բռնվկում է շանթից ու բոցավառվում կաղնին,
դաշտում կանգնած հովիվը իր ածխե արձանն է դառնում։
Անասունները մահվան սարսափից
փորձում են կցվել, սեղմվել, խառնվել իրար,
բայց նրանց արանքում իմ տխրությունն է
անանցանելի։
Հողն է շարժվում այդ տխրությունից,
սարերն են տրաքում,
լինում է աշխարհի վերջ։
Եվ եթե նույնիսկ կյանքի որոշ ձևեր
վերապրում են արհավիրքը,
ամենակարևորն այլևս մեռած է լինում։

06.06.16



Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր