11.07.2016

ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Դեռևս հազյարամյակներ առաջ էին մարդիկ հայտնաբերել աստվածներին։ Այդ ժամանակ դա մեծ դժվարություն չէր ներկայացնում, քանի որ աշխարհը լի էր աստվածներով, և նրանց կարելի էր հանդիպել ամեն քայլափոխի՝ կով կթելիս, ոչխար արածացնելիս, բոստանում քաղհան անելիս և այլն։

Երբ փիլիսոփաները ձեռնամուխ եղան որոնումներին, նրանք հայտնաբերեցին աստվածներին բնության մեջ և փորձեցին բացահայտել, թե ինչպես են առաջացել նրանք, անմա՞հ են, թե՞ ոչ, ի՞նչ են ուզում մարդկանցից, ինչո՞վ են սնվում, ինչո՞վ են զբաղվում ազատ ժամանակ, ի՞նչ ազգակցական կապեր ունեն և ի՞նչ հարաբերությունների մեջ են միմյանց հետ և, իհարկե, բամբասանքներ տարածեցին աստվածների ինտիմ կյանքի մասին։ Այնպես որ, աստվածները շուտով զզվեցին ու փախան։
Երբ փիլիսոփայական միտքը զարգացում ապրեց, փիլսոփաների մեջ տրամաբանական կասկած առաջացավ աստվածների գոյության վերաբերյալ, որոնց արդեն հնարավոր չէր ոչ տեսնել, ոչ էլ ճանաչել։ Եվ փիլիսոփաները տարակուսած հարցրեցին իրար՝ ո՞վ է իրականը՝ մարդի՞կ, թե՞ աստվածները։ Ոմանք պատասխանեցին, թե աստվածներին մարդիկ են ստեղծել, ոմանք էլ՝ թե աստվածների մասին չեն կարող ասել ոչ այն, որ նրանք կան, ոչ էլ՝ թե չկան։ Եվ փիլիսոփաները միառ ժամանակ հանգիստ թողեցին աստվածներին ու սկսեցին զբաղվել այլ խնդիրներով՝ ճիշտ ապրելու, ճիշտ սնվելու, ճիշտ քնելու և այլն։
Բայց մարդու մեջ ապրող հոգու պատառիկը, որ ստիպում էր ճանաչել իրեն ու անպատասխանելի հարցեր էր տալիս, դրդեց փիլիսոփաներին վերսկսելու աստվածների որոնումները։ Նրանք տակնուվրա արեցին բնությունը և, աստվածներին այնտեղ չգտնելով, ստիպված եղան դուրս գալ նրա սահմաններից։ Երկար փնտրտուքից հետո ինչ-որ մի երկնքում նրանք վերջապես հայտնաբերեցին աստվածներից մեկին, երբ սա նոր էր ավարտել իր ութժամյա աշխատանքային օրը ու պատրաստվում էր հանգստանալ։ Փիլիսոփաների հարցին, թե որտեղ են մյուսները, այդ վերջին մոհիկանը զարմացած պատասխանեց, թե մյուսների երբևէ չի ճանաչել և ինչքան հիշում է՝ միշտ արարել է մենակ։
Փիլիսոփաները չհավատացին իհարկեբայց և տարօրինակ պատահականությամբ չառարկեցին։ Հավանաբար շատ էին հոգնել և ուզում էին հնարավորինս շուտ վերադառնալ հարազատ սյան վրա։ Դրանից հետո, իհարկե, նրանք ստիպված եղան արդարացնել ու պատճառաբանել իրենց տարօրինակ վարմունքը և այդ անելու համար դիմեցին ամնահուսահատ ու անհավանական փաստարկների։ Այնպես որ, այդ վերջին, միակ Աստվածն էլ թողեց ու զարհուրած փախավ։
Երբ փիլիսոփայական միտքը զարգացում ապրեց, փիլիսոփաների մեջ տրամաբանական կասկած առաջացավ Աստծո գոյության վերաբերյալ, որին այդ ժամանակ արդեն հնարավոր չէր ոչ տեսնել, ոչ խոսել հետը։ Ոմանք ասացին, թե Աստված մեռել է, մյուսները՝ թե չի էլ եղել կամ մարդն է ստեղծել նրան իր պատկերով։ Եվ փիլիսոփաները միառժամանակ հանգիստ թողեցին աստծուն և սկսեցին զբաղվել այլ խնդիրներով՝ մարդու իրավունքների, ընտանիքի պլանավորման, ամուսնալուծությունների և այլն։
Բայց երբ վերջին փիլիսոփաները մեռան, մարդու մեջ ապրող հոգու պատառիկը, որ ձգտում էր իր նմանին,ստիպեց մարդկանց վերսկսել աստծու որոնումները։  Եվ Աստված սկսեց հայտնաբերվել ամենատարբեր վայրերում ու ամենաանհավանական իրավիճակներում՝ շուկայում տաք թեյ վաճառելիս, մետրոյում թառ նվագելիս, հյուրանոցի շեմին կանգնած, հերթերի մեջ և նույնիսկ ատամի տակ՝ պիցցա ուտելիս։ Եվ մարդիկ սկսեցին ելույթ ունենալ հեռուստացույցով ու պատմել, թե որտեղ, երբ և ինչպես են հայտնաբերել աստծուն։ 
Երբ ես էլ սկսեցի որոնել նրան, հանկարծ հայտնաբերեցի կորած աստվածներին և այդ մասին զեկուցում կարդացի Գիտությունների Ակադեմիայում։ Երբ ես պատմեցի,թե ինչպես էին կենակցում մերկ ու հարբած աստվածները գիշերային զբոսայգում, հաստափոր գրքի էջերի արանքից հանած չորացած գիտնականները զարհուրած բացականչեցին, թե իմ տեսածը արդի երիտասարդության ներկայացուցիչներ են եղել, և զեկուցումս էլ արժանահավատ կլիներ միայն այն դեպքում, եթե ես հայտնաբերած լինեի  աստծուն, որովհետև աստվածներ չկան, և բոլորը գիտեն, որ Աստված մեկն է և անփոխարինելի...
Դրանից հետո ես կորցրեցի աստվածներին և երկար ժամանակ չէի կարպողանում գտնել նրանց։ Մի օր էլ, երբ հույսս կտրած տուն էի վերադառնում, հանկարծ տեսա, որ աստվածները հավաքվել են իմ պարտեզում։  Գեղեցիկ մարմինները կանաչ խոտի վրա փռած՝ նրանք ռոք էին լսում, գարեջուր խմում, համբուրվում ու փաղաքշում իրար։ Թռա ցանկապատի վրայով, մոտեցա նրանց ու գոռացի. «Էյ, աստվածներ, ընդունեք ինձ ձեր շարքերը»։ Նրանք ծիծաղեցին ու գարեջրի կիսատ շիշը մեկնեցին ինձ։ Հետո մարմինս փռեցին կանաչ խոտի վրա, մերկացրեցին ու սկսեցին լպստել։
Սրանից հետո աստվածների մասին ես կարող եմ հաստատ ասել, որ նրանք կան։


2000թ.
ԾԻԿ գրքից

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր