16.07.2017

Հանդիպումներ «Ջազվե»-ում։ Լարս ֆոն Թրիերը



Աննան այս կյանքում երկու սեր ուներ՝ կինոն և ռեժիսոր Վռամ Երանյանը։ Կինոն սիրում էր մասնագիտության բերումով, իսկ Վռամ Երանյանին՝ բախտի բերմամբ։ Ճիշտ է, երբեմն թվում էր նրան, որ ոչ թե բախտի բերմամբ, այլ ճակատագրի թելադրանքով է սիրում, սակայն դա միայն երբեմն, հիմնականում Աննան երջանիկ էր և չէր պատկերացնում իր կյանքն առանց Վռամի ու կինոյի։
Նրանք ծանոթացել էին ՆՓԱԿ-ում կազմակերպվող կինոդիտումներին։ Այն ժամանակ Վռամը ռեժիսորական առաջին փորձերն էր անում, իսկ Աննան դեռ կիոնգիտություն էր սովորում Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում։ Սկզբում պարզապես հանդիպում էին ՆՓԱԿ-ում, հետո սկսեցին քննարկել ֆիլմերը, որ դիտում էին, մի օր էլ Վռամն ասաց. «Վաղը «Ոսկե ծիրանի» բացումն է, կգա՞ս՝ իրար հետ գնանք»։

Առաջին «Ոսկե ծիրանն» էր։ Աննան երբեք չի մոռանա ոչ բացման օրը, ոչ հաջորդող վեց օրերը։ Քաղաքում թևածում էր տոնի զգացողությունը։ Կինոյի այնպիսի լեգենդներ էին ժամանել Հայաստան, որոնց նա հույս չուներ երբևէ տեսնել իր աչքով։ Ինքն ու Վռամը կանգնած էին կարմիր գորգը եզերող ցանկապատի մոտ և նայում էին, թե ինչպես են անվանի հյուրերը բարձր ծափաարությունների ներքո անցնում կարմիր գորգով, որ մտնեն կինոթատրոն։ Աննայի տեսքը այնքան տոնական էր ու փառատոնային, այնքան սազական այդ կարմիր գորգին, որ եթե հնչեր իր անունը ու իրեն հրավիրեին անցնել կարմիր գորգի վրայով, ոչ ինքը կզարմանար, ոչ էլ որևէ մեկը։ Բայց ինքն ու Վռամը կարմիր գորգի վրա ոտք դրեցին միայն այն ժամանակ, երբ բոլոր անվանի հյուրերն անցել էին, լռել էր հաղորդավարի ձայնը, և հասարակ մահկանացուներին թույլ տրվեց մտնել կինոթատրոն։ Ու չնայած իրենց անունը չհնչեց, ծափեր չհնչեցին, և իրենք այդ ճանապարհն անցան բազմության հետ, միևնույնն է՝ Վռամի հետ կարմիր գորգով քայլելու մեջ երբևէ չապրած, խորհրդավոր հպարտություն ու հաճույք կար։ Այդ հպարտությունը Աննան զգաց նաև կինոդահլիճի մուտքի մոտ, որտեղ խմբված մարդիկ փորձում էին համոզել հսկիչ կանանց, որ իրենց ներս թողնեն, իսկ սրանք կատաղի դիմադրություն էին ցույց տալիս՝ բղավելով, որ մուտքը միայն հրավիրատոմսերով է։ Գործը հասել էր քաշքշուկի ու փոխադարձ վիրավրանքների։ Իսկական պատերազմ էր հսկիչ կանանց ու դահլիճ ներխուժել ցանկացողների միջև։  Սակայն հսկիչ կնոջը մեկնած՝ Վռամի հրավիրատոմսը զորեց բացել այն դուռը, որ անդրդվելի էր ժողովրդական լայն զանգվածների պահանջի ու ցասման առջև։ Աննան երբեք չի մոռանա Համո Բեկնազարյանի «Նամուսը», որն առաջն անգամ էր դիտում, իրենցից մի ամբողջ դար ապրած մարդկանց խոշոր աչքերը, սերը, ցանկությունը… Եվ իր փորի գռմռոցը, որ հնչում էր հստակ ու բարձր այն ժամանակ, երբ համր ֆիլմի երաժշտությունը մի պահ դադարում էր։ Դա էլ փառատոնի բացման արարողության ընթացքում օրհնված ծիրանի ճաշակման հետևանքն էր։
«Ոսկե ծիրանի» հաջորդ օրերին իր և Վռամի հարաբերություները զարգանում էին սրընթաց կերպով։ Վեց օր առավոտից մինչև ուշ երեկո ինքն ու Վռամը միասին էին։ Բոլոր ֆիլմերի համար Վռամը չէր կարողացել հրավիրատոմս ճարել, և այդ օրերի ընթացքում ստացվեց նաև այնպես, որ իրենք էլ բախումներ ունեցան հսկիչ կանանց հետ։ Հսիչներին խաբելով, նրանց ուշադրությունը շեղելով, զանազան այլ հնարքներով գաղտագողի դահլիճ սողոսկելը, տրոփող սրտով մթության մեջ ազատ նստարան գտնելը, այդքան երկար մութ դահլիճում, էկրանի թրթռացող լույսի տակ կողք-կողքի նստելը, բազուկներով երբեմն հպվելը, միմյանց մարմինների հոտը զգալը, ֆիլմերի ընդմիջումներին «Ջազզդե»-ում նստելը, սրճելը, ծխելը,  փառատոնային օրվա ավարտից հետո գիշերային թափառումները երևանյան փողոցներով, ընկերների հետ խմելը… Այդ ամենը չէր կարող անհետևանք անցնել։ Սակայն նրանց տեսանկյունից ճիշտ կլինի օգտագործել ապարդյուն և արդյունք բառը, քանի որ այդ արդյունքին նրանք երկուսով ձգտում էին վեց օր շարունակ… «Ոսկե ծրանի» փակման օրը ընկերներից մեկի տանը նրանք հասան արդյունքին։
Հաջորդ՝ երկրորդ «Ոսկե ծիրան»-ին Աննան ու Վռամը ձեռք ձեռքի տված անցան Կարմիր գորգի վրայով։ Վռամի նկարած ֆիլմը ընդգրկել էին փառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում։ Աննան իր հերթին մի հոյակապ գրախոսություն էր գրել ֆիլմի մասին, որով տրվեց նրա կինոգիտական կարիերայի ընտիր մեկնարկը։ Այդ տարի նրանց հրավիրեցին հյուրասիրության, որը փառատոնի տնօրինությունը կազմակերպել էր օտարերկրյա և հայ կինոգործիչների համար։ Դա մի հրաշալի երեկո էր հարշալի մարդկանց հետ, որոնցից փչում էր ազատության շունչը։ Սակայն այդ տարի Աննան արձանագրեց նաև, որ անցած տարվա համեմատ թվով ավելի քիչ ֆիլմեր էին նայել  և ավելի շատ դեսերտներ փորձել «Ջազզվե» սրճարանում։ Եվ դա բնական էր, որովհետև կինոթատրոնի շենքում գտնվող սրճարանում ազատ ժամանակ հայտնաբերելու դեպքում ոտը կախ էին գցում անվանի ռեժիսորները, համաշխարհային մեծության աստղերը, որոնց հետ շփվելը կամ որոնց պարզապես կողքի սեղանից հետևելը նույնպիսի հաճույք էր, ինչպես նրանց ֆիլմերը դիտելը։
Մինչ Աննայի ու Վռամի սերը հասունանում էր գինու պես մարմանդ, Աննայի հարաբերությունները իր ծնողների հետ թթվում ու քացախանում էին։ Հայրն ու մայրը սկզբում ուրախացան, որ իրենց աղջիկը լավ ընկեր ունի, լավ ընտանքից, որ իրենց սպասվում են ուրախալի իրադարձություններ՝ նշան, պսակ, թոռների ծնունդ։ Բայց շուտով տեսան, որ Վռամն ու Աննան չեն շտապում մոտեցնել այդ իրադարձություները, և Աննայի հայրական տանը սկսվեցին տհաճ խոսակցություները։
-Ինչո՞ւ էդ տղան չի գալիս, խնդրում ինձնից քո ձեռքը, մեր հայկական ադաթով,- ասում էր հայրը։
Մայրը աննրբանկատ դատողություններ էր անում, վիրավորական հարցեր տալիս։ Միայն այն, որ այդ հարցերը տալիս էր իրեն մայրը, բավական էր, որ ինքը երբեք դրանք չտա Վռամին։ Արդարացումները, որ նա բերում էր իր ծնողների համար, իրեն բավականին հիմնավոր ու բավարար էին թվում։ Եվ որքան ծնողները փորձում էին իրեն պոկել Վռամից, այնքան նա ավելի ամուր էր կառչում վերջինից։
Սակայն այն պահից, երբ ծնողները հաշտվեցին իրերի նման դրության հետ ու դադարեցին անհանգստացնել Աննային, այդ հարցերը սկսեցին տանջել նրան։ Իսկ տեղի ունեցավ դա տասներկու տարի անց, երբ Աննան դարձավ երեսունյոթ տարեկան։ Նա հանկարծ հետ շրջվեց ու նայեց իր ապրած կյանքին՝ կինո, բոհեմ, հետաքրքիր, ազատամիտ մարդիկ, գրողներ, նկարիչներ, արշավներ, նկարահանումներ, ուղևորություններ, հաճելի մթնոլորտում անկացրած բազմաթիվ ժամեր, օրեր, տարիներ, բայց…  Ոչ մի էական գործ, ոչ մի մնայուն բան՝ ոչ աշխատանքի մեջ, ոչ աձնական կյանքում։
Տասներկու տարեկան՝ ճիշտ «Ոսկե ծիրան»-ի տարիքին էր իրենց սերը։ Տասներկու տարի Վռամը նրա կողքին էր… Չէ, տասներկու տարի էր, ինչ ինքն էր Վռամի կողքին ու պտտվում էր նրա շուրջը արբանյակի պես։ Նա այնքան էր ծնողներին ասել, որ ընտանիքն ու երեխան բնավ ամենակարևորը չեն կնոջ կյանքում, որ սկսել էր հավատալ դրան։ Հիմա էլ նա այդպես էր կարծում։ Հերքել դա կնշանակեր ժխտել իր ապրած կյանքը։ Սակայն նա նաև միշտ համարել էր, որ հարաբերությունները պետք է նպաստեն մարդկանց հոգևոր աճին, մղեն նրանց սխրանքների և հաջողություն բերեն։ Մինչդեռ երբ նայում էր իրենց հարաբերություններին կողքից, զգում էր, որ դրանք իրեն ոչինչ չեն տվել, ոչնչի չեն մղել և շատ բաներից հետ են գցել։  
Բնականաբար Աննայի ու Վռամի՝ ամբողջությամբ կինոյի վրա խարսխված սիրո մեջ «Ոսկե ծիրանը» առանցքային դեր էր տանում։ Տարվա ընթացքում լինում էին նաև այլ կինոփառատոններ ու կինոյի հետ կապված զանազան միջոցառոմներ, ցուցադրություներ և քննարկումներ, բայց «Ոսկե ծիրանը» յուրատեսակ հաշվետվության պահ էր, երբ իրենք ստուգում էին իրենց ձեռքբերումները և իրենց սիրո վիճակը։  Վռամն ամեն տարի ներկայացնում էր առնվազն մի աշխատանք, մինչդեռ Աննան զգում էր, որ իր մասնագիտական ասպարեզում առաջընթաց չի արձանագրել։ Մի կողմից գրախոսությունը չի կարող նույնքան նշանակալից լինել, որքան ստեղծագործությունը, որի մասին այն խոսում է։ Մյուս կողմից Աննան զգում էր, որ թերանում է աշխատասիրության առումով։ Նա բավարար ժամանակ չէր հատկացնում ընթերցանությանն ու ինքնակրթությանը, պարզապես որովհետև չուներ այդ ժամանակը։ Նրա ժամանակը ամբողջությամբ պատկանում էր Վռամին։ Եվ այդպես տարեցտարի մարդիկ մոռացան, որ Աննան կինոքննադատ է, սկսեցին վերաբերվել նրան որպես կինոռեժիսոր Վռամ Երանյանի մտերմուհու ու մուսայի։ Չի կարելի ասել, թե այդ դերը Աննային շատ տհաճ էր, բայց նա կցանկանար  մուսայից ավելին լինել։  
Որքան գեղեցիկ, եթերային ու վեհ էր Աննանյի ու Վռամի սերը, այնքան ավելի կենցաղային ու ստորաքարշ մտքեր էին աճում այդ սիրո նկուղում։  Աննան հաճախ բռնում էր իրեն այն մտքի վրա, որ Վռամի հաջողություններն իրեն չեն  երջանկացնում առաջվա պես, հակառակը՝ տխրեցնում են։ Ամեն մի նոր հաջողությամբ Վռամն ասես հեռանում էր իրենից։ Իսկ ինքը, անվերջ նրա շուրջը պտտվելով, ասես փորձում էր հասնել հետևից, բռնել, կառչել։
12-րդ «Ոսկե ծիրանի» վեցերորդ օրն էր։ Աննան տխուր նստած էր «Ջազզվե»-ում։ Այդ տարի ոչ մի ֆիլմ չէր նայել։ Ամեն օր եկել, նստել էր «Ջազզվե»-ում, շփվել ընկերների հետ, նայել հայտնիներին, սպասել Վռամին։ Բացման օրը Վռամը մենակ գնաց բացումից հետո կազմակերպված բանկետին՝ պատճառաբանելով, թե կազմակերպչները միայն մի հոգու հրավիրատոս են տվել։ Սակայն Աննան հիմնավոր կասկածներ ուներ, որ մենակ այս դեպքում նշանակում է ոչ թե անպայմանորեն մենակ, այլ պարզապես առանց իրեն։ Կանացի ամենատես աչքը նկատել էր Վռամի ու նրա վերջին ֆիլմում նկարահանվող երիտասարդ դերասանուհու միջև մտերմության նշաններ։ Աննան չէր ուզում մտածել այդ ուղղությամբ, դա նրան որքան ցավոտ, նույնքան էլ կանխատեսելի էր թվում։
Բաժանվելուց առաջ Վռամն ու Աննան պայմանավորվել էին հանդիպել հաջորդ օրը առավոտյան, «Ջազզվե»-ում։ Աննան հաջորդ օրը եկել ու նստել էր սրճարանում, սպասել Վռամին մինչև օրվա ավարտը։ Այդ օրն այնքան էր սուրճ խմել ու ծխել, որ գիշերը վատացավ, ինչպես ալկոհոլային թունավորման դեպքում է լինում։ Հաջորդ օրը առավոտյան Աննան նորից գնաց «Ջազզվե» ու նորից սպասեց մինչև երեկո՝ աչքը կինոթատրոնի դռանը, որ նկատի Վռամին։ Հույս ուներ, որ գոնե իր իսկ ֆիլմի ցուցադրությանը կգա, բայց չեկավ։ Աննայի զանգերին չէր պատասխանում, միայն մի անգամ շփոթի մեջ ասաց. «Շատ զբաղված եմ, հենց ազատվեմ, կզանգեմ քեզ»։ Ամեն ինչ այնքան պարզունակ էր ու գռեհիկ, որ Աննան պարզապես զզվում էր Վռամից, զզվում էր իր անցյալից, այդ տափակ մարդուն նվիրած իր տարիներից։ Զարմանում էր, որ նախկինում Վռամի տաղանդի մասին մեծ կարծիքի էր։ Տաղանդավոր մարդը պիտի կարողանա գեղեցիկ ու ինքնատիպ ձևով բաժանվել։ 
Աննան զգում էր իրեն ինչպես մի նավ՝ նավաբկությունից հետո։ Կյանքը տանուլ տված խաղամոլի պես։ Ու էլի էս տեսակ ռոմանտիկական կերպարներ էին հառնում նրա մտապատկերում ամեն անգամ, երբ մտածում էր ինքն իր մասին։ Նա զգում էր, որ իրեն ցավ է պատճառում ոչ միայն Վռամի մասին մտածելը, այլև կինոյի, և աշխատում էր չմտածել։ Իհարկե, գիտեր, թե այս տարի ինչ հայտնիներ էին գալու փառատոնին, բայց դա նրան չէր հուզում։ «Որ հայտնի են, ի՞նչ,- մտածում էր,- ի՞նչ գիտենք, թե քանի հոգու կյանք են կերել, քանիսին են  ոչնչացրել իրենց կյանքում»։  «Ջազզվե»-ում կողքի սեղանին աստղաբույլ էր նստած։ Աննան նայում էր նրանց անթաքույց քամահրանքով։ Աննան քիչ-քիչ հեռանում էր այդ ամենց՝ կինոյից, բոհեմից, կյանքից…
Ծխում էր ու արդեն մեխանիկորեն, առանց սպասման նայում կինոթատրոնի դռանը, երբ անծանոթ տղամարդը քաշեց աթոռն ու ինչ-որ բան հարցրեց։ Տղամարդն անգլերեն էր խոսում, բայց այդ պատճառով չէր, որ Աննան ուշ գլխի ընկավ՝ ինչ է ասում։ Նա մտքերով այլ տեղ էր, և սկզբից թվաց, թե աթոռն է պետք տղամարդուն՝ կողքի սեղանին միանալու համար։ Աննան գլխով համաձայնության նշան արեց և շատ զարմացավ, երբ տղամարդը նստեց իր դիմաց։ Օտարերկրացի տղամարդը սկզբում ճշտեց՝ խոսո՞ւմ է արդյոք Աննան անգլերեն, ապա երկար և ուշադիր նայեց նրա աչքերի մեջ ու ժպտաց։
- Վեց օր է՝ նայում եմ ձեզ,- ասաց տղամարդը։
Աննան նայում էր նրան վերացած հայացքով՝ փորձելով կռահել ազգությունը, և մտածում, որ եվրոպացիները բոլորը նման են իրար։ Հավանաբար նրանք էլ մեզ են նմանեցնում, ասենք, վրացիներին, թուրքերին, քրդերին։
- Դուք շատ յուրօրինակ արտաքին ունեք,- ասաց տղամարդը,- և շատ յուրօրինակ դիմախաղ։  Ես կիոռեժիսոր եմ և հիմա մի կինոնկարի վրա եմ աշխատում, որի մեջ կուզենայի տեսնել ձեզ։
- Ես դերասանուհի չեմ,- ասաց Աննան։
- Ես պրոֆեսիոնալ դերասանների հետ քիչ եմ աշխատում, այնպես որ կրթությունն այս դեպքում կարեւոր չէ։ Ես տեսնում եմ ձեր դեմքը, ձեր մարմինը, ձեր ժեսթերը եւ տենում եմ ձեզ այդ կինոնկարում,- ասաց տղամարդը,- եթե ձեզ հետաքրքրում է առաջարկը, ապա վաղը ժամը տասներկուսին լանչի եմ հրավիրում «Գոլդեն-Թյուլիպ» հյուրանոց, որպեսզի  քննարկենք պայմանները։ Դա ձեզնից շատ ժամանակ չի խլի։
Ապա տղամարդը կանգնեց, սեղանին դրեց իր այցեքարտը և, քաղաքավարի հրաժեշտ տալով, հեռացավ։
Թեպետ այցեքարտի վրա սևով սպիտակին գրված էր Լարս ֆոն Թրիեր, բայց Աննան չէր հավատում տեսածին։ Նա արագ թաքցրեց այցեքարտը, ինչպես կթաքցներ լոտոյի տոմսը, որով հենց նոր ավտոեքենա է շահել։ Ճիշտ կլիներ, որ ընդհանրապես գնար այդտեղից, որովհետև լոտոյի տոմսը կարող են նաև պայուսակով թռցնել։ Նա հաշիվը խնդրեց եւ փորձում էր հասկանալ, թե ինչ կատարվեց հենց նոր։ Նա ճանաչում էր Լարսին, մեղմ է ասված՝ ճանաչում էր, Լարսն իր ամենասիրած ռեժիսորն էր, և գրողը տանի, դա ֆոն Թրիերն էր։ Իսկ միանգամից չճանաչեց, որովհետև չէր սպասում տեսնել նրան «Ջազզվե»-ում։ Պաշտոնապես հայտարարված հայտնի հյուրերի ցանկում Լարս ֆոն Թրիերը չկար, հնարավոր չի լիներ, և Աննան անուշադրության մատներ այդ փաստը։ Ճիշտ է՝ նրա մտքով անցավ, որ գուցե այդ մարդը Լարսի նմանակն է, ով այցելում է այն երկրները, որտեղ կինոփառատոններ են լինում, և կինոսիրող աղջիկներին ներկայանում որպես Լարս։ Սակայն նրան էլ ավելի անհավանական թվաց, որ ինչ-որ մեկը կարող է այդքան փող ծախսել, գալ, հասնել այստեղ իր նման մեկին ստերով սնելու և ինչի՞ համար, անկողին քարշ տալո՞ւ։ Աննայի մտքով անցավ նաև, որ այդ ամենը իրեն միայն թվացել է շատ սուրճ խմելու ու շատ ծխելու հետեւանքով։ Միգուցե պատճառը իր հոգեվիճակն էր։  Միեւնույն ժամանակ ինքն այնքան սթափ էր, որ կարողանում էր ճիշտ գնահատել իր հոգեվիճակը։  Միգուցե իր համար այդքան ծանր պահին իր իսկ ուղեղն իրեն փրկօղակ էր նետում Լարս ֆոն Թրիերի տեսքով... Աննան ձեռքը մտցրեց պայուսակը, շոշափեց այցեքարտը։ Տեղում էր։ Իսկ միգուցե սխալ է կարդացել առաջին պահին, արդյոք իսկապես Լարս ֆոն Թրիեր էր գրված։ Նորից ձեռքը տարավ դեպի պայուսակը, բայց կես ճանապարհին կանգ առավ։ Նա դա կանի տանը։
Աննան փակեց հաշիվը եւ պատրաստվում էր հեռանալ, երբ Վռամը հայտնվեց «Ջազվե»-ում։ Վռամի դեմքին իրար էին խառնված երկու հակադիր զգացում՝ մուննաթը և մեղքի զգացումը։ Նա սկսեց արդարանալ, ինչ-որ պատմություններ պատմել, վթարներ ու պատահարներ վկայակոչել, բայց Աննան անընդունակ էր հասկանալու, թե ինչ է ասում Վռամը։ Մեկ ուզում էր պատմել իր ստացած առաջարկի մասին, ցույց տալ այցեքարտը, քննարկել Վռամի հետ, բայց հասկացավ, որ այլևս դա անհնար է։ Նա անխոս քայլ արեց դեպի դուռը։ Վռամը փորձեց ուղեկցել, բայց Աննան կտրուկ էր.
-Չարժե։
-Ներիր ինձ, խնդրում եմ,- ասաց Վռամը՝ մեղմիկ գրկելով Աննային։
 Անան ազատվեց Վռամի թևերի կապանքներից ու նայեց նրան մի հայացքով, որ լի էր երախտագիտությամբ, ինչը Վռամին անհամարժեքություն թվաց իրավիճակին։
- Շնորհակալ եմ,- ասաց Աննան,- տասներկու անմոռանալի «Ոսկե ծիրան»-ի համար։ Մաղթում եմ քեզ երջանկություն։
Աննան շրջվեց ու դուրս եկավ՝ թողնելով Վռամին կանգնած «Ջազզվե»-ում՝ դարակներին դրված հին գրքերի, արդուկների, բաժակակալների ամեն բան տեսած ու ամեն բան լռելայն հասկցող հայացքի ներքո։

2015թ.

Արտատպված է «Նյումեգ» ամսագրից։

2 комментария:

  1. Լարս ֆոն Թրիերը երբեք ինքնաթիռ չի նստում ու իր Երևանում հայտնվելը մեծագույն կիքս ա էս պատմվածքում. ինքը մենակ գնացքներով ա ճանապարհորդում։ Կարող էր լինել ցանկացած այլ մեկը, բայց ոչ Թրիերը

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Պատմվածքներում երբեմն անհավանական բաներ էլ են կատարվում: :)

      Удалить

ասա, մեջդ մի պահիր