Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը և Ֆրանսիական աշխարհիկ առաքելություն կազմակերպությունը
հրատարակել են հումանիզմին նվիրված անթոլոգիա՝ «Հումանիզմի ուղիներն այսօր» վերտառությամբ։ Ֆրանսիական աշխարհիկ առաքելություն կազմակերպությունը՝
հիմնված 1905-ին, պետական կազմակերպություն չէ, սակայն ավելի, քան 100 տարվա գործունեության
շնորհիվ ընկալվում է որպես պետության անբաժանելի մաս։ Կազմակերպութան առաքելությունն
է ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի տարածումը արտասահմանյան երկրներում։ Անթոլոգիան
նույնպես ունի կրթական նշանակություն, այն առաջարկվում է որպես ձեռնարկ կրթական հաստատությունների
համար ինչպես Ֆրանսիայի սահմաններից դուրս, այդպես էլ Ֆրանսիայում։ Կազմողների նպատակն
է եղել գրական և փիլիսոփայական երկերի միջոցով պատկերել մերօրյա հումանիզմի խնդիրները,
ցույց տալ հումանիզմի գաղափարի անցած ուղին վերջին հարյուր տարվա կտրվածքով։
Անթոլոգիայում տեղ են գտել 20-րդ դարի և 21-րդ դարասկզբի շուրջ հարյուր հեղինակ,
որոնցից 16-ը ժամանակակից են։ Գրողների և փիլիսոփաների ստեղծագործությունների կողքին
տեղ են գտել նաև մի քանի քաղաքական գործիչների և հանրային դեմքերի տեքստեր։ Կազմողներն ընդգրկել են ստեղծագործություններ՝ գրված
տարբեր, սակայն իրենց բնորոշմամբ միայն «մեծ» լեզուներով, ինչպիսիք են ֆրանսերենը, անգլերենը, ռուսերենը, իտալերենը, գերմաներենը,
պարսկերենը, վիետնամերենը, ճապոներենը, չինարենը, հայերենը և այլն։ Ոչ Ֆրանսերեն ստեղծագործած
հեղինակների ստեղծագործությունները ներկայացված են նաև բնագրով։
Անթոլոգիայում ներառված են Ժան-Պոլ Սարտրի, Ալբեր Կամյուի, Լուիս Սեպուլվեդայի, Ռեյ Բրեդբերիի, Ցվետան Տոդորովի, Իտալիո Կալվինոյի, Վացլավ Հավելի, Աննա Ֆրանկի Էռնեստ Հեմինգուեյի,
Ստեֆան Ցվեյգի, Ֆիլիպ Կլոդելի, Թոմաս Մաննի,
Մարիո Վարգաս Լյոսայի, Ջորջ Օրուելի, Էժեն
Իոնեսկոյի, Ալան Բադյուի, Լուիս Ալտյուսերի,
Ջոն Ստեյնբեկի, Վլադիմիր Մայակովսկու, Վիլյամ
Ֆոլքների, Ֆրանց Կաֆկայի, Սեմյուել Բեքետի,
Միշել Ֆուկոյի, Կլոդ Լեվի-Ստրոսի, Յուլիա Կրիստիեվայի և այլոց տեքստերը։
«Ավելի, քան երբևէ, նրանք օգնում են մեզ հաստատել հումանիզմի անհարժեշտությունը՝
ազատված հին պատկերացումների քարացածությունից, կարողանալով համապատասխանել անտիհումանիզմի
ծանրակշիռ պատճառներին որպես նոր դարի մուտացիաների ( թողած ինդիվիդուալիզմը հետևում,
վերահսկելով տեխնոստրուկտուրան)։ Մենք չենք «հավատում» մարդուն, այդ պատճառով մենք
պաշտպանում ենք նրան ամենուր, որտեղ պատմությունը ծառայում է որպես նրան կազմալուծող
միջոց կամ ճնշում է՝ մերժելով։ Մենք դիմում ենք հումանիստական ավանդույթին՝ առանց կեղծ
համեստության հաստատելով, որ դրա արժեքները կենսական անհրաժեշտություն ունեն։ Մենք
չպիտի վախենանք, թե հողը մեր ոտքի տակից կարող է փախչել։ Մարդը ծախսում է իր ամբողջ
կյանքը նվաճելու համար մարդկությունը, առանց որի ամենասկզբում թողել են նրան աստվածները
կամ այն, ինչ փոխարինել է նրանց։ Սակայն, որքան էլ նրա մարդկայնությունը տատանվի պատմության
ցնցումների ու տառապանքի մեջ, նրա դեմքը ջնջվի, նրա մարմինը կերպարանափոխվի գիտական
ֆանտասիկայի ֆուտուրիստական սցենարներում, մարդը եղել է, կա ու կլինի մարդ, որովհետև
նա արժանի է դրան»,- ասվում է անթոլոգիայի ներածականում։
«Հումանիզմի ուղիներն այսօր» ժողովածուի մեջ տեղ է գտել նաև հայ հեղինակի՝ Արփի
Ոսկանյանի «Բառը» ստեղծագործությունը՝ հեղինակի առաջին՝ «Ծիկ» գրքից (2001թ., Երևան)։
Комментариев нет:
Отправить комментарий
ասա, մեջդ մի պահիր