Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում գրական վերածնունդ է սկսել։ Մի շաբաթում երկու գրական միջոցառում, որոնց գլխավոր հերոսը․․․ ինքն է։ Նախ՝ նրա «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկումը «Լոֆթ»-ում։ Միջոցառումը հեռարձակում է «Ազատություն» ռադիոկայանը, դիտում են հազարավոր մարդիկ։ Վարչապետի թիկնապահները պիտի պաշտպանեն նրան քաջ գրականագետներից, որոնք փորձելու են պարզել՝ գրականությո՞ւն է արդյոք վարչապետի վեպը, թե՞ ոչ։ Չնայած հանդուգն հարցադրմանը, արյունահեղություն տեղի չի ունենում։ Ֆեյսբուքը ցնծության մեջ է՝ մենք ունենք աննախադեպ իրավիճակ՝ վարչապետ, որ ոչ միայն հաջողել է հեղափոխություն անել, այլեւ գրող է, նույնիսկ՝ գրականագետ եւ ոչ միայն խոնարհաբար լսում է իր տեքստի մասին քննադատական ելույթներ ունեցողներին ու տեղում չի գնդակահարում նրանց, այլեւ ինքն է իր տեքստի մասին վերլուծություն անում՝ դույզն-ինչ չզիջելով, տեղ-տեղ էլ գերազանցելով իր կողքին նստած գրականագետներին։
Գիրքը հրատարակած «Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը դեմ է, որ պետությունը հովանավորի կամ փող տա գրողին, անգամ՝ մրցանակի տեսքով։ Նա կարծում է՝ այդպիսով գրողը կաշառվում է ու կորցնում իշխանությանը քննադատելու իր ազատությունը։ Սակայն նա դեմ չէ կազմակերպել այսպիսի միջոցառում։ Հո փող չի՞ ուզում վարչապետից, հակառակը՝ ցույց է տալիս, որ երկրում կան մարդիկ, որոնք կարող են դատել վարչապետին, եւ կարելի է ասել՝ մի բան էլ ինքն է օգտագործում նրան՝ գովազդելու համար նրա գիրքը, որ համատեղության կարգով նաեւ իր ապրանքն է։ Վարչապետն էլ դեմ չէ օգտագործվելուն, ինքն էլ փոխադարձաբար օգտագործում է հրատարակչի ռեսուրսը՝ գրողներին ու գրականագետներին՝ իր քաղաքական վարկանիշը բարձր պահելու համար։ Դեմ չեն նաեւ գրողներն ու գրականագետները․ միջոցառումը դիտելու է վարչապետի երկրպագուների բազմահազարանոց բանակը, եւ բացառիկ հնարավորություն է՝ հայտնի դառնալու չընթերցողների լայն շրջանակին։ Փոխշահավետ համագործակցություն է, որից բոլոր կողմերը դուրս են գալիս շահած։ Սակայն այս պատմությունն ունի մի տուժող՝ գրականությունը, որ դառնում է միջոց այլ նպատակների հասնելու ճանապարհին, ընդամենը մանրադրամ։ Այս մասին չի խոսվում, բայց այս բանը զգում են բոլոր հավաքվածները՝ թե՛ բանախոսները, թե՛ վարչապետը։ Նրանց մարմնի լեզուն է մատնում դա։
Գրական ստեղծագործության քննարկումը՝ լինի դատափետում, գովաբանում, թե պարզապես խոսելու առիթ, այդ ստեղծագործության կարեւորում է նշանակում։ «Ազատության» ուղիղ եթերով մենք տեսնում ենք մի խումբ գրողների ու գրականագետների, որոնք զբաղված են վարչապետի վեպը կարեւորելով։ «Երկրի հակառակ կողմը» տպվել է «Հայկական ժամանակ»-ում, 10 տարի առաջ, եւ գրական շրջանակներում ուշադրության չի արժանացել (չհաշված քաղաքական գրականության «Գրողուցավ» կայքը, որ վեպի մի քանի հատված արտատպել էր Փաշինյանի կայքից)։ Այսինքն, եթե Փաշինյանը չհաղթեր քաղաքականության մեջ, այս քննարկումը չէր կայանա, նա չէր լսի գրականագետների ու գրողների փայլուն վերլուծություններն իր գրածի վերաբերյալ, ինչպես չեն լսում այն գրողները, որոնց չի հաջողվել հեղափոխություն առաջնորդել՝ հաղթական ավարտով։ Գրականությունը ընդամենը ավարն է, որ տաղավարում հավաքված գրողներն ու գրականագետները մատուցում են հաղթողին՝ տալով նրան մուտքի արտոնությունդեպի «բարձրգրականություն» ու կացության իրավունք՝ քաղաքացիության խոստումով։
Սա ամենեւին չի նշանակում, թե քննարկվող ստեղծագործությունը չունի արժանիքներ, միգուցե նույնիսկ շատ հայտնի գրողների շատ ստեղծագործություններից լավն է։ Խնդիրն այն է, որ գրականությունը սիմվոլիկ իշխանության ձեւ է, եւ հնարավոր չէ իշխանության այս ձեւը զուգակցել իրական քաղաքական իշխանության հետ։ Գրականակենտրոն մշակույթներում, ինչպիսին հայկականն է, գրականությունը գերակա է իշխանության այլ ձեւերի նկատմամբ, եւ գրողը, այդպիսով, բարձրագույն ատյանն է։ Երբ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս որպես գրող, կամ երբ նրան փորձում են ներկայացնել որպես գրող (միգուցե իր կամքին հակառակ), տպավորություն է ստեղծվում, թե նա փորձում է գրավել իշխանության բոլոր հնարավոր ձեւերը։
«Լոֆթ»-ում գրական մկրտությունը ստանալուց երկու օր հետո՝ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին, Նիկոլ Փաշինյանն ազդեցիկ ելույթ է ունենում՝ ձեռքի հետ խեղաթյուրելով Թումանյանի կենսագրությունը եւ դարձնելով նրան «success story»-ի՝ հաջողության պատմության հերոս։ Նա դա անում է քաջալերելու համար մարդկանց, որ աշխատեն ու հաղթահարեն աղքատությունը։ Ելույթը հիշեցնում է Փարիզում Շառլ Ազնավուրի թաղմանը ունեցած ելույթը, եւ ինչպես այն, այդպես էլ այս դեպքում խոսքն ավելի շատ իր, քան Ազնավուրի կամ Թումանյանի մասին է։ Զարմանալի է, որ շատերին եւ նույնիսկ որոշ գրողների անընդունելի չի թվում գրողի հիշատակի հետ այդպես վարվելը, նրան ընթացիկ գաղափարախոսության համար ծառայեցնելն ու մանրադրամ դարձնելը՝ անգամ կյանքի փաստերն աղավաղելով, թեպետ բոլորն էլ գիտեն ու համաձայնում են, որ Թումանյանն աղքատ չի եղել եւ չի հաղթահարել աղքատությունը, ավելին՝ դա չէր կարող անել գրողի աշխատանքով։
Սակայն ամենագլխավոր խեղաթյուրումը նույնիսկ դա չէ, այլ այն, որ գրողի կյանքի պատմությունը չի կարող լինել հաջողության պատմություն։ Գրողների գրականությունը հաղթական քայլում է աշխարհով, որովհետեւ նրանք կյանքում ունեցել են պարտվելու քաջություն։ Գրականությունն ապաստանն ու սփոփանքն է բոլոր այն մարդկանց, որոնք չեն կարողանում հաղթել հաջողության մրցավազքում։ Գրականությունն ու արվեստը ապրելու հնարավորություն են տալիս նրանց, ում սպառողական հասարակությունն ու հաջողության մրցավազքը սպանել են։ Դրանք ստեղծում են տարածքներ, որտեղ արժեքը նյութական բարիքը, առողջությունն ու հաղթանակները չեն։ Թումանյանի գրականությունն ապրում է ոչ այն պատճառով, որ Թումանյանը հաջողության է հասել, այլ որովհետեւ նա նյութական բարիք ստեղծող աշխատանքից գերադասել է գործը՝ այն, ինչ անմահ է, եւ ոչ այն, ինչը պիտի կերակրեր իր մահկանացու մարմինը։ Փաշինյանը Թումանյանի անունից դիմում է ժողովրդին եւ ասում՝ վեր կաց ու քայլիր։ Նա օգտագործում է Աստվածաշնչից վերցրած կաղապարը, որում Հիսուսին փոխարինում է ինքը, Աստծուն՝ Թումանյանը, իսկ մահացած Ղազարոսին՝ ժողովուրդը։
Կրոնական մոտիվների ալյուզիաները հանրային գիտակցությունը մանիպուլացնելու հզոր զենք են, հասկանալի է, բայց որքան ավելի ազնիվ կլիներ, եթե վարչապետը հանգիստ թողներ Թումանյանին ու Աստվածաշունչը եւ պարզապես ասեր՝ ես ձեզ դիմում եմ իմ անունից, որովհետեւ ես ունեմ դրա իրավունքը, ես բոլոր առումներով հաջողակ մարդ եմ, ես եղել եմ գերազանցիկ ուսանող, համարձակ լրագրող, ստեղծել ու խմբագրել եմ Հայաստանի ամենամեծ տպաքանակն ու ամենաբարձր հեղինակությունն ունեցած օրաթերթը, ես ունեմ հոյակապ ընտանիք, ես կատարել եմ այն, ինչ շատերիդ անհնար էր թվում՝ հեղափոխություն եմ արել, ես եմ նա՝ իշխանության բանալին օդում բռնած մարդը, եւ ես ձեզ ասում եմ՝ դուք էլ կարող եք լինել ինձ նման, վեր կացեք, քայլեք եւ պոկեք ձեզ հասանելիք հաջողությունն այս կյանքից, կերտեք այն, ինչպես որ դա արեցի ես։ Անհասկանալի է Հիսուսի եւ Թումանյանի հետ համեմատվելու այս համեստությունը եւ կրոնական ու գրական մոտիվներ օգտագործելու անհրաժեշտությունը, ի վերջո՝ Հայաստանում չկա ավելի վառ «հաջողության պատմության» հերոս, քան վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։
Հեղինակ՝ գրող, բանաստեղծ
Արփի ՈՍԿԱՆՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
ասա, մեջդ մի պահիր