14.11.2019

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԲԱՌԵՐ՝ ՕՋԱԽ, ԸՆՏԱՆԻՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴ

 Կառավարությունը պետբյուջեից 100 000 դոլարի կարգի դրամ է հատկացրել «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» եւ «վերափոխման ծրագրի» այլ կարգախոսներով Հայաստանն ու Արցախը պաստառապատելու համար։ Չես ուզում հավատալ, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթից վերցրած այս վիճելի ու անհաջող ձեւակերպումն ուզում է բազմացնել հանրության միջոցներով, երբ այդ հանրության մոտ քառասուն տոկոսն աղքատության է մատնված։ Դա նույնն է, որ տասը հոգանոց ընտանիքում, որտեղ ապուրն ամեն օր միայն վեց հոգուն է հերիքում (եւ միշտ նույն վեց հոգուն), ընտանիքի հայրը որոշի փողը ծախսել ձեւավոր անձեռոցիկներ ու մոմեր ձեռք բերելու համար, որոնց վրա գրված է․ «Մենք ամուր ու համերաշխ ընտանիք ենք»։ «Ազատության» կազմակերպած բանավեճին վարչապետի խորհրդական Լեւոն Մազմանյանը հայտարարում է, որ այդ խոսքը Փաշինյանին վերագրելը միֆ է, եւ խոսքի հեղինակային իրավունքը ոչ թե նրանն է, այլ՝ թիմինը։ Եթե արեւմտյան հեղինակավոր համալսարանների դիպլոմներ ունեցող երիտասարդների հավաքական միտքը բավականացնում է այսպիսի կարգախոսներ երկնելուն, կարող ենք հաստատ պնդել, որ միֆը այդ հեղինակավոր համալսարանների տված կրթության բարձր որակն է։ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ասում է՝ կան բառեր, որ «բացասական բեռ» են կրում, մենք այդ բառերը պիտի ազատենք բեռից։ 



Նախ հասկանանք, թե ինչ է ուզում ասել կարգախոսը։ Իշխանությունը, թվում է, գտել է չարիքի աղբյուրը՝ հայ մարդը հանդուրժում ու արդարացնում է կաշառակերությունն ու պետությունից գողանալը ընտանիքը կերակրելու անհրաժեշտությամբ։ Ասենք թե՝ իսկապես այդպես է, ասենք թե՝ հայ մարդն այս պաստառները տեսնելուն պես «վերափոխվելու» է։ Դժվար է պատկերացնել, թե ինչ է շահելու պետությունը, եթե որեւէ հողագործ, անասնապահ, վարսավիր, մանր ձեռներեց հետեւի այս կարգախոսին։ Ի՞նչ է անելու նա, իր աշխատավարձը տուն տանելու փոխարեն փոխանցելու է «Հայաստան» հիմնադրամի՞ն, բաժանելու է պատահական անցորդների՞ն։ Եթե կարգախոսը կոռուպցիայի դեմ պայքարի գործիք է եւ ուղղված է պետբյուջեից սնվող ու գողացող պետական պաշտոնյաներին, ավելի ճիշտ չէ՞ր լինի նրա՛նց աշխատասենյակներում փակցնել նման գրություններ։ Թեպետ հասկանալի չէ, թե ինչու ենք հեղափոխություն արել, եթե պետական ապարատում դեռեւս պիտի տեղ ունենան կոռուպցիոներները։ Կարգախոսի բանալի բառը «օջախն» է․ այն, թվում է, թիրախավորում է օջախապաշտությունը, բայց քննադատական «դուխի» անբավարարության պատճառով ստացվում է այլ բան՝ ձգտում՝ խոսելու մարդկանց հետ նրանց լեզվով, քայլ անելու դեպի «անգրագետ պողոսների» հանրությունը, եթե օգտվենք «Իմ քայլի» մեկ այլ պատգամավորի բառապաշարից։ Այսինքն՝ գործ ունենք սնոբական, էլիտիստական, քաղքենիական մոտեցման հետ։


Իրականում այս կարգախոսը հեղափոխությունից հետո մեկնարկած «հայկական ավանդական ընտանիքի» քարոզի շարունակությունն է։ Քարոզ, որ իրականացվում է ոչ միայն հայտարարություններով (օրինակ, Փաշինյանի ելույթն ԱԺ ամբիոնից ԼԳԲՏ թեմայով եւ հայտարարությունը, որ ավանդական ընտանիքն իր համար սրբություն է, կամ Վարազդատ Կարապետյանի՝ աստվածաշնչյան մեջբերումներով համեմված, զվարճալի ու սարսափեցնող ֆեյսբուքյան գրառումները, որտեղ նա կնոջ եւ տղամարդու՝ վերարտադրողական նպատակով կնքված կապն է համարում ընտանիքի միակ ընդունելի ձեւը՝ ամենեւին ոչ տեղին վկայակոչելով Ծովինարին ու Մարիամ Աստվածածնին)։ Ընտանիքի քարոզն իրականացվում է նաեւ խրախուսական գործողություններով (երիտասարդ ընտանիքներին երկարաժամկետ հիպոթեքային վարկերի տրամադրմամբ), ինչպես նաեւ՝ անուղղակիորեն, ասենք՝ վարչապետի ֆեյսբուքյան էջի միջոցով, որտեղ քաղաքական տեքստն ընդմիջվում է ընտանեկան հովվերգության տեսարաններով։ 


Ակնհայտ է, որ «իզմ»-եր ու գաղափարախոսություններ չդավանող եւ այդ մասին հպարտորեն հայտարարող քաղաքական ուժը «հայկական ավանդական ընտանիքի» գաղափարը որդեգրում է իբրեւ գաղափարախոսություն։ Սուրբ տեղը դատարկ չի մնում, ՀՀԿ-ի օրոք այն զբաղեցնում էր Նժդեհը, Քոչարյանի օրոք՝ Մեծ եղեռնը։


Վիլհելմ Ռայխը «Զանգվածի հոգեբանությունն ու ֆաշիզմը» գրքում նկարագրում է ավտորիտարիզմի եւ ընտանիքի միջեւ եղած կապը։ Հոգեբանի պնդմամբ՝ հնարավոր չէր լինի մարդկանց ուղեղները լվանալ եւ ստիպել նրանց սատարել մի ուժի, որն իրենց շահերին հակասող օրենքներ է ընդունում, առանց ընտանիքի կարեւորման, որում ընտանիքի հայրն ընկալում էր իրեն իբրեւ առաջնորդ, իսկ պետության գլուխը՝ իբրեւ մեծ ընտանիքի՝ ժողովրդի հայր։ Ռայխը տոտալիտար մտածողության մեջ էական էր համարում միստիկայի դերը։ Նրա օրերում դա ռասիստական նախապաշարումներն էին, այսօրվա Հայաստանում այդ դերը ստանձնել են բառերը, իռացիոնալ հավատը բառի մոգական ուժին։ Թվում է՝ կառավարող ուժի երիտասարդները չափազանց շատ են տարվել ներկայումս մոդայիկ նեյրոլինգվիստիկ ծրագրավորմամբ, փիառի հնարքներով, «ինչպես հասնել հաջողության» կարգի գրքերի ընթերցանությամբ։ «Բացասական բեռը» թոթափած, թե ոչ՝ «օջախ» բառը եւ «Հայաստանն իմ օջախն է» կարգախոսը չեն կարող լուծել աղքատության խնդիրը։ Չկան կախարդական բառեր, կախարդանքն աշխատանքն է, տղաներ ու աղջիկներ, իրական ճանապարհների որոնումը եւ կառուցումը։ Ինչպես ասում է անգլիական ասացվածքը՝ գործերը բառերից բարձր են հնչում։ 


Արփի Ոսկանյան


«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ


Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր