10.05.2015

շարային տողեր շարքային Հ-ին

ԿՅԱՆՔՆ ԱՌՋԵՎՈւՄ Է
ժամանակն է որ ընտանիք դառնայի
տունուտեղ դնեի և այլն
ընկերուհիներս մեծ երեխաներ ունեն
սիրող ամուսիններ
ոմանք նաև սիրեկան
ով ոնց
իսկ ես դեռ չեմ որոշել ինչ եմ ուզում դառնալ
ինչով եմ ուզում զբաղվել
հետաքրքրություններիս շրջանակը
և այլն
ընկերներս ձեռ են առնում
զինակոչիկի սիրած առջիկ էլ դառար



ՍԵՆՑ Է՞Լ ՍԵՐ
մի տարին անցավ
մի գիշերվա պես
կարճատև սիրադադարներին
չհասցրինք հագնվել
սանրվել սիրունանալ
խանդել կռվել
բաժակ ափսե ջարդել
դուռ շրխկացնել
լքել
վերադառնալ
ներել
բան չհասցրինք
այ շաշ



ՄԵՆԱԿ ԲԱՅՑ ՉԼՔՎԱԾ
այսուհետ մենակ եմ քնելու
բազմոցի մի կեսից
ազատորեն անխոչընդոտ
կանցնեմ մյուս կեսը
հարվածներ չեմ ուտի քթիս
աքացիներ նույնպես
գոնե անհաշտ բաժանվեինք
հեշտ կլիներ ապրելը
ինատու



ՀԵՌՈւՍՏԱԸՆԹՐԻՔ
ափսեն դնում եմ սեղանին
ու միացնում հեռուստացույցը
ուտելով կարոտում եմ քեզ
ու կարոտդ եմ առնում
միաժամանակ



ԳՐԱՎՈւՄ ԵՆ
գնալուցդ հետո մի մեծ միջատ հայտնվեց
էնքան սարսափազդու
որ սիրտ չարեցի սպանեմ
իսկ դու ըտեղ ինձ
երևակայական թշնամուց ես պաշտպանում



ՏԵՍԱԿՑՈւԹՅՈՒՆ
մայրդ ուզում է իր բերած ջուրը խմես
ես իմ
ոչ մեկիս չնեղացնելու համար
երկուսիս տվածն էլ խմում ես
դժկամությամբ



ՃԱՇԱԿԻ ԸՆԿԵՐ
մանկուց աստված ինձ նվերներ է շռայլում
որ հետո խլի
եթե դա Աստվածն է
հաստատ գիր ու գրականության մեծ սիրահար է
թեպետև  կասկածելի ճաշակի


ԱՆՓՈւՇ ՎԱՐԴ
խոսք ու կատակով
միմոսությամբ շեղեց
համբույրներով թմրացրեց
բժժացրեց քնացրեց
հետո պինցետով
քաշեց փշերս
հիմա ինձ ով ասես կքաղի


ՊԵՐՄԱՆԵՆՏ ԳՈւՅՔԱԳՐՈւՄ
քո շնորհիվ ճանաչեցի նախորդներին
ով էին ինչ էին
ինչ էին տարել ինձնից
ինչ էին թողել
ինչքան
հաջորդները կօգնեն որ ճանաչեմ քեզ


ՄՈՌԱՑԿՈՏԻ ՄԵԿԸ
ինձ պատահած էդքան վատ բանը
որ հաջողացրել եմ մոռանալ
քեզ իմ հրեշտակ
կմոռանամ ու կմոռանամ





ԱՐՎԵՍՏԻ ՈւԺԸ
ինչպես լավ գիրքը
որ կարդալուց հետո
շարունակում է մնալ հետդ
այդպես հիշում եմ քեզ
չնայած փակել
դրել եմ դարակին


2007, հուլիս
«Անտերուդուս» գրքից

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր