17.05.2015

Աշնան վերջին օրերը

***
Ի՜նչ լավն են աշնան վերջին օրերը։ Հոգնած մեղուները ծաղիկներից վերջին նեկտարն են քաղում։
Ու ես էլ արդեն մահու չափ հոգնած եմ ու երջանիկ։ Ես այլևս չեմ գրելու նամակներ, չեմ շպարվելու ու չեմ շտապելու ժամադրութան։ Ես այլևս չեմ խանդելու ու... Ու ոչինչ։
Այսօր ես ամենագեղեցիկ աղջիկն եմ, իմ սեր։ Բոլորը նայում են իմ ծածանվող մազերին, բոլորը երազում են խմել իմ աչքերը։ Բոլորը երազում են նմանվել մեղուների...
Եվ ես այսօր որոշել եմ վտարել քեզ իմ օրվա եռանկյունաչափությունից, որի բոլոր անկյունները լցված են քեզնով։Առավոտյան ես կթափառեմ մենակ, ճաշին մենակ կզվռնեմ, իսկ երեկոյան դու կարող ես գտնել ինձ պոռնիկների շարքում...
Այս երեկո ես ամենաչքնաղ պոռնիկն եմ, իմ սեր։ Բոլորը նայում են իմ թմբլիկ ազդրերին և ստինքներիս, որոնցից ձախը մեծ է աջից։ Բոլորը կծոտում են շուրթերը, բոլորը ցանկանում են նմանվել մեղուների...
Բայց այս երեկո ես քոնը չեմ լինի, իմ սեր։ Ես կգնամ առաջին պատահած տղամարդու հետ և թույլ կտամ, որ նա ինձ սեղմի, ճզմի ու ճմրթի իր գրկում։ Ես նրան կնվիրեմ քնքշանքի քո այսօրվա բաժինը, ինչպես նաև՝ վաղվանը, մյուս օրվանը ու այդպես... Ու այդպես ես նրա վրա կմսխեմ իմ սիրո ամբողջ պաշարը, որ պստիկ աղեղնավորը նախատեսել էր քեզ համար։
Եվ վաղը ես էլ չեմ շպարվի ու չեմ շտապի ժամադրության։ Ես այլևս տեսարաններ չեմ սարքի ու չեմ գրի նամակներ։ Որովհետև արդեն մահու չափ հոգնած եմ ու երջանիկ...
Աշնան վերջին օրերը հոգուցս վերջին՝ ամենաքաղցր նեկտարն են քամում...

1999 թ.
«Ծիկ» գրքից

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր