***
Նրանք ոտքերիս տակ պատվանդան են դրել։
Նրանք համբույրներով են օծում ոտքերս։
Նրանք փաղաքշում են թմբկաթաղանթս աղոթքներով։
Շոկոլադե ամրոցում այսօր տոն է։ Առաստաղից ձյուն է թափվում, և անհամար, գույնզգույն փուչիկների վրա հեքիաթներ են գրվում։ Մաճառը ծով է, իսկ նրանք հարբում են ինձնով։
Նրանք կտրտել են փետուրներս ու պոկոտել թևերս։
Նրանք ուզում են թռչել դեպի արևը։
Նրանք կարծում են, թե արևը շաքարաքլոր է։
Նրանք չգիտեն, որ ես սիրում եմ կախվել գլխիվայր։
Նրանք չգիտեն, որ իմ մեջ գիշեր է։
Եվ շոկոլադե ամրոցն էլ շոկոլադից չէ, այլ սև քարից։ Եվ առաստաղից ձյուն չի թափվում, այլ հող։ Եվ անհամար սև փուչիկները, որոնց վրա վեպեր են գրված, պայթում են իրար հետևից։ Մաճառի փոխարեն ինձ սև լեղի են խմացնում, և ես հարբում եմ ցավից։
Նրանք չգիտեն, որ գիշերը տաք շոկոլադ չէ։
Նրանք չգիտեն, որ վերմակի մեջ ջերմություն չկա։
Նրանք չգիտեն, որ պատուհանի տակ սերն է կլանչում։
Նրանք ինձ մաս-մաս արեցին ու կերան։
Նրանք լակեցին ողջ արյունս։
Նրանք չգիտեն, որ ես անմահ եմ։
1997
«Ծիկ» գրքից
Комментариев нет:
Отправить комментарий
ասա, մեջդ մի պահիր