02.05.2015

Ես գիտեմ, թե ով ես դու

***
Ես գիտեմ, թե ով ես դու։
Այն պահին, երբ քո ձեռքերը պատառոտում են մարմինս, և շուրթերդ քնքշաբար հոշոտում են կուրծքս, ես բացում եմ աչքերս ու քո թևատակից նայում դիմացի հայելուն. մենք ենք՝ մեր մերկ մարմիններն ու հոգիները՝ ցայգալույսով ողողված։ Հետո նայում եմ փակ կոպերիդ և նրանց հայելու միջով ընկնում քո լաբիրինթոսները։
Ես գիտեմ, թե ով ես դու։ Դու քարափի եզրից գլխիվայր կախված ժայռն ես՝ պատրաստ ամեն վայրկյան գլորվելու անդունդը։ Կարկտախառը քամիները տաշել են քո  հպարտությունը և կտրել քեզ քարափից։ Քո քարակուռ կրծքի վրա մասրենիներ են կախվել։ Հազվագյուտ կենսունակությամբ մի քանի մոլախոտ կարողացել են կյանք պոկել քո քարերից։ Տեսնո՞ւմ ես՝ գիտեմ, թե ով ես դու։ Իսկ ե՞ս...
Ես մի անմիտ աղջնակ եմ, որ եկել ու անհոգաբար նստել եմ քո կրծքին։ Մասրենիները պատառոտում են զուգագուլպաներս, հատերը արցունքների նման հոսում են։ Բայց ինձ համար կարևոր չէ այդ ամենը, ոչինչ կարևոր չէ և ոչ էլ այն, որ քարը սառն է ու... Ես պատրաստ եմ ամեն վայրկյան գլորվել անդունդը։ Ասա՛, իմ կործանո՛ւմ, ծանր չե՞մ քեզ համար։
Ա՜խ, ի՜նչ հաճելի է այս գլխապտույտը։ Եվ սարսափը, որ բաբախում է սրտումս ուղիղ անկման արագացմամբ։ Եվ ճիչը արձագանքվող՝ սիրում եմ...
Ե՛կ մեռնենք...


1996  թիվ
«Ծիկ» գրքից

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր