29.04.2015

Դիետա. օր առաջին

Ես նորից գալիս եմ դեպի քեզ, իմ մարմնիկ,
ուրիշ ճար չունեմ քեզ սիրելուց բացի,
բաժանվել քեզնից ոչ, չեմ ուզում,
և լինել քայքայմանդ վկան՝ նույնպես։
Դու հրաշք ես ինձ տրված՝
ապրելու գործիք,
հաճույքի պահեստ՝
իմ միակ անօտարելի տունը։
Կներես, որ նայում էի անտարբեր,
թե ոնց են քեզ թափթփում ու ավիրում,
ոնց են քեզ սարքում խոզանոց
ամուսինս ու երեխաս։
Հիմա տնային տնտեսուհու պես
գործնական քշտել եմ թևերս,
որ հավաքեմ քեզ և դարձնեմ
լուսավոր ու հարմարավետ։
Խնդրում եմ՝ չոռնաս,
չպահանջես պոնչիկ ու շոկոլադ,
մենք պատվով ենք անցնելու
ոգու այս ճանապարհը։
Դու հրաշք ես՝ ինձ տրված՝
նախնիներիս հիշատակի եկեղեցի,
ապրելու զորամաս,
սիրո քաղաքապետարան...

Բայց ոնց որ թե արդեն յուղ եմ վառում...
Յո՞ւղ եմ վառում, թե՞ տոքսիններս...

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր