30.09.2015

Շուտով՝ աշուն

մտա գրախանութ առանց որոշակի նպատակի
սանրեցի տեղանքը փնտրելով նրան
չգիտեմ ինչու ինձ թվում է
նա սիրում է զբոսնել գրախանութներում

մինչ գրավաճառը պատասխանում էր
հարցերիս որ տվել էի հենց այնպես
պատասխան չակընկալելով
գրախանութի մեծադիր պատուհանի մեջ
երևաց նա ու անհետացավ
չսպասելով գրավաճառի խոսքի ավարտին
ինձ նետեցի դուրս և քայլեցի նրա հետևից
թեպետ ոտքերս դժվար էին ենթարկվում
ամեն խաչմերուկի ուզում էին թեքվել
հետ դառնալ փախչել
ու սիրտս խփում էր այնպես բարձր
որ փողոցի աղմուկը չէր լսվում
նա քայլում էր թեթևակի ճոճվելով սվինգից
տխուր ու երջանիկ իր տխրությամբ
փափկած ասֆալտի ջերմությամբ
կոշիկի քթով տշեց դեղին տերևը
ընկած ոչ իմացյալ մահով
ամռան ամենաթեժ օրերին
ընկերաբար տշեց սիրով
տերևը թափառական շան պես
երազկոտ քարշ եկավ նրա հետևից
ինձ պես  ինձ հետ հմայված
նրանից տարածվող երեժշտությամբ
որ չէր լսում ինքը
ոչ մի անգամ չշրջվեց
առանց հետ նայելու մտավ դեղատուն
սիրում եմ զբոսնել դեղատներում
մինչ դեղավաճառը պատասխանում էր
դեղատան մեծադիր պատուհանների մեջ
երևացի ու անհետացա
շարունակելով քայլել տխուր ու երջանիկ
թեթևակի ճոճվելով սվինգից
դեղին տերևների ոհմակ էր գալիս իմ հետևից
զվարթ հաչալով
զմայլված ինձից տարածվող երաժշտությամբ
որ չէի լսում
չշրջվեցի
առանց հետ նայելու գիտեի
շուտով աշուն է

2004

Անտերուդուս գրքից

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր