23.02.2016

Լցնե՛լ թնդանոթները։ Պատրաստե՛լ հրացանները։



Լցնե՛լ թնդանոթները։ Պատրաստե՛լ հրացանները։ Բերե՛լ փղերին։

Գրոհել է պետք։ Իսկ ես հոգնեցի։ Ու չեմ հասկանում՝ կշտացե՞լ եմ, թե՞ ինչ-որ բան բկիս է կանգնել։ Գիտեմ՝ բացարձակ անպետք է իմ այս բանաստեղծական կղկղանքը։ Ու ես էլ ճիգ եմ թափում պետքական լինելու համար։ Ինչպես, ի դեպ, բոլորը։ Դրանով էլ մնում է մխիթարվել։
Հետո մեկ էլ մտածում եմ՝ հնարավո՞ր է արդյոք, որ ես եկած չլինեմ աշխարհը քանդելու համար։ Ու զգում եմ՝ անհնար է։ Նշանակում է՝ գրոհել է պետք։ Ուրեմն հառաջ... Եվ առանց հառաչների։
Փույթ չէ, թե ոչ ոք ձեռքս չի խնդրում։ Փույթ չէ, թե ողջ կիրքս մսխել եմ մատներիս վրա։ Փույթ չէ, թե մտորումներս կլիմաքսային տվայտանքներ են հիշեցնում, և ես այնպես եմ սպառված, ինչպես լինում է մահվան նախաշեմին։
Մի բան ես հավանաբար անում եմ լավ։ Ուրեմն...
Հագնել զրահները։ Հեծնել փղերին։ Լցնել բաժակները...

Գրոհել է պետք։ Իսկ ես հոգնեցի։ Ու չեմ հասկանում՝ կշտացե՞լ  եմ, թե՞ ինչ-որ բան բկիս է կանգնել։
Գիտեմ՝ պապն ամեն անգամ գաթա չի ուտում։ Ու նա, ով ծնված է թռչելու համար, մի օր ստիպված է լինում սողալ։ Մնում է մխիթարվել նրանով, որ ընկերովի մահը հարսանիք է։
Հետո մեկ էլ մտածում եմ. հնարավո՞ր է արդյոք, որ ես եկած չլինեմ։ Ու զգում եմ՝ անհնար է։ Նշանակում է՝ գրոհել է պետք։  Ուրեմն հառաջ... Եվ առանց հառաչների։
Փույթ չէ, թե ոտքերիս մոտ վխտացող տղամարդիկ պարզապես կանացի ոտքերի սիրահարներ են։ Փույթ չէ, թե բանաստեղծական կղկղանքս հանճարի դրոշմ չունի։ Փույթ չի, թե մի օր մեռնելու եմ։
Մի բան ես հաստատ անում եմ հոյակապ։ Ուրեմն...
Պատռե՛լ զգեստները։ Ջարդե՛լ շշերը։ Մորթե՛լ փղերին...

Գրոհել է պետք։ Իսկ ես հոգնեցի։ Ու չեմ հասկանում՝ կշտացե՞լ եմ, թե՞ ինչ-որ բան բկիս է կանգնել։

2000 թիվ
ԾԻԿ գրքից

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր