23.02.2015

Շունը, որ խաղում էր ոջիլների հետ



Հենց նոր տեսա այդ Շանը։
Նա փողոցային էր,
չէ, թափառական,
թեպետ գուցե ավելի ճիշտ լինի ասել՝
զբոսաշրջիկ։
Նա արթնացել էր լավ տրամադրությամբ
ու տռճիկ էր տալիս փողոցում,
թավալվում ձյան մեջ,
ձյուն ուտում,
բայց ոչ թե սովից կամ ծարավից,
այլ ուրախությունից
և ուրախացնելու ցանկությանը
հագուրդ տալու համար։
Շունը մարդկանցից սեր էր ուզում,
բայց չէր մուրում այն,
այլ ուզում էր վաստակել,
և ոչ այն սիրուց, որի արդյունքում
պիտի դառնար տիրոջ համար կյանքի ընկեր,
այլ մի տեսակ չպարտավորեցնող սեր,
ավելի շուտ՝ գնահատանք, ծափ ու բռավո։
Շունն ասես մի խենթ նկարիչ լիներ,
որ մի քանի բաժակ ներս էր գցել
ու իրեն ազատ էր զգում՝
ցնցելով գավառական քաղաքի
պահպանողական հասարակության
բարոյական հիմքերը։
Մարդիկ նրան հենց այդպես էլ նայում էին՝
որպես խենթ նկարչի՝
ոմանք վախեցած,
ոմանք զզվանքով,
ոմանք էլ զվարճանում էին։
Մեծ տխրություն կար Շան
մարդկային երջանկության մեջ,
որ որքան ներանձնական,
նույնքան էլ վերանձնական էր։
Դա ուրախությունն էր ապրելու,
արևին նայելու համար,
ձյունը ուտելու երջանկությունն էր։
Շունն ուզում էր այն կիսել մարդկանց հետ,
բայց մարդիկ անհաղորդ անասուններ են
և չափազանց շատ են կառչած կենցաղից՝
ապրելու բերկրանքն զգալու համար։
Շներն էլ ունեն նույն բութ հայացքները,
ոչ մի տարբերություն մարդկանցից։
Շունը իր ապրելու երջանկությունը
կիսում էր ոջիլների հետ՝
Իր մորթու մեջ ապրող փոքրիկ ոջիլների,
Որ մի ուրիշ օր և ուրիշ ժամի
Պիտի որ տառապանք պատճառեին նրան։
Շունը չէր փորձում ատամի տակ ճզմել նրանց
և կատաղած չէր քաշքշում իր մազափնջերը։
Շունը կատակով վախեցնում էր նրանց,
և լկստվում էր ոջիլների հետ,
ինչպես կխաղար մեկ այլ շան
կամ գուցե մարդու հետ։
Շունը ասում էր նրանց.
-Այ արնախում էշեր,
Ինչ լավ ա, որ կաք։

23.02.2015, 12.00

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր