26.02.2015

Օրերը սկսվում ու ավարտվում են


Ներիր, իմ արքայազն,
Որ էդ լակոտից հետո լենքիս տվեցի
Ու նման չեմ էն աղջկան,
Որին սիրում էինք ես և դու։
Ներիր, որ ֆենած չեն մազերս,
Ու աչքերիս մեջ հանգած ատրուշանը
Մխում է ծուխ անելով…

Ներիր, որ հազվադեպ եմ շոյում գլուխդ
Եվ հաճախակի՝ կեղտոտ ամանները ջրի տակ,
Որ սեր անելը հոգս է դարձել՝
Կենցաղային այլ հոգսերի շարքում…
Ներիր, որ երազանքներիս տեղը
Բիզնես-ծրագրերն են զբաղեցրել,
Որ կյանքն ինձ հետ նման չէ հրավառության,
Անակնկալներով լի ատրակցիոնի,
էքստրեմալ սպորտաձևի,
Տիեզերական պատերազմների,
Որ օրերը սկսվում ու ավարտվում են…
Որ օրերը սկսվում ու ավարտվում են։

Ուզում եմ ամեն առավոտ,
հենց աչքդ բացես,
Ինչ-որ լավ բառեր ասել որպես փոխհատուցում.
Ասել, ասենք, որ դու
Ինձ հետ կատարված ամենալավ բանն ես,
Ու դա չկեղծված ճշմարտություն է,
Բայց…
Օրերը սկսվում ու ավարտվում են…
Օրերը սկսվում ու ավարտվում են…

15.12.2013

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր