06.03.2016

Ես ունեմ ընդամենը մի քանի վայրկյան



 Ես ունեմ ընդամենը մի քանի վայրկյան և բոլորն ուզում եմ նվիրել քեզ։
Դու ուր որ է կգաս, և ես հավաքել եմ իմ ժպիտներն ու կոկետությունները, իմ կեղծ ու անկեղծ խաղերն ու ձևերը, որպեսզի քո հոնքերը մի քիչ հեռանան իրարից։ Ես չգիտեմ՝ ով ես դու, թեպետ անգիր գիտեմ քեզ։ Հազար անգամ նայել եմ տխուր աչքերիդ, հազար անգամ սուզվել հոգուդ խորքը և մարգարտացած տառապանք հանել այնտեղից։ Դու ուր որ է կգաս։
Հենց գաս, ես կվազեմ, կփաթաթվեմ քեզ կարոտած ու կասեմ.
- Ներիր ինձ, եթե քեզ երբևէ ցավ պատճառեմ. ես մի քիչ քմահաճ եմ, մի քիչ վայրի... 
Բայց այսօր ես պատրաստ եմ քավել իմ բոլոր մեղքերը, որ դեռ չեմ գործել... Չե՞ս հավատում։ Ես համբույրներով կբուժեմ քո բոլոր վերքերը, որ դեռ չես ստացել։ Ես կպարեցնեմ քեզ իմ ծիծաղի ակորդների տակ ու կպտտվեմ քո ուրախության հետ։ Հետո մենք կբարձրանանք աշխարհի ամենաբարձր գագաթը, որ վերևից նայենք տխուր աշխարհին։ Մենք կբռնվենք իրարից, որ չըկնենք, և միասին կմոռանանք, թե ինչ բան է տառապանքը...
Ա՜խ, ինչո՞ւ չես գալիս։ Ես ունեմ ընդամենը մի քանի վայրկյան, բայց մի ամբողջ կյանք եմ վատնում քեզ սպասելով...

1995
ԾԻԿ գրքից

04.03.2016

Արփի Ոսկանյան. «Մարդիկ հետաքրքրված են գրքով, բայց ամաչում են խոստովանել»


Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ գրողական ակցիա, որի ընթացքում երիտասարդ գրողները վաճառեցին իրենց գրքերը։ Ակցիայի մտահղացումը երիտասարդ գրող Համբարձում Համբարձումյանինն էր։ Նրա կինը՝ բանաստեղծ Արփի Ոսկանյանը, նույնպես մասնակցել էր այդ ակցիային։ ԼՈՒՐԵՐ.com-ի հարցազրույցն այս թեմայով հենց Արփի Ոսկանյանի հետ է։

23.02.2016

Լցնե՛լ թնդանոթները։ Պատրաստե՛լ հրացանները։



Լցնե՛լ թնդանոթները։ Պատրաստե՛լ հրացանները։ Բերե՛լ փղերին։

Գրոհել է պետք։ Իսկ ես հոգնեցի։ Ու չեմ հասկանում՝ կշտացե՞լ եմ, թե՞ ինչ-որ բան բկիս է կանգնել։ Գիտեմ՝ բացարձակ անպետք է իմ այս բանաստեղծական կղկղանքը։ Ու ես էլ ճիգ եմ թափում պետքական լինելու համար։ Ինչպես, ի դեպ, բոլորը։ Դրանով էլ մնում է մխիթարվել։
Հետո մեկ էլ մտածում եմ՝ հնարավո՞ր է արդյոք, որ ես եկած չլինեմ աշխարհը քանդելու համար։ Ու զգում եմ՝ անհնար է։ Նշանակում է՝ գրոհել է պետք։ Ուրեմն հառաջ... Եվ առանց հառաչների։
Փույթ չէ, թե ոչ ոք ձեռքս չի խնդրում։ Փույթ չէ, թե ողջ կիրքս մսխել եմ մատներիս վրա։ Փույթ չէ, թե մտորումներս կլիմաքսային տվայտանքներ են հիշեցնում, և ես այնպես եմ սպառված, ինչպես լինում է մահվան նախաշեմին։
Մի բան ես հավանաբար անում եմ լավ։ Ուրեմն...
Հագնել զրահները։ Հեծնել փղերին։ Լցնել բաժակները...

22.02.2016

Ես աշխարհի ամենաաղքատն եմ ու ամենահարուստը


Ես աշխարհի ամենաաղքատն եմ ու ամենահարուստը։
Իմ գրպանում ես ունեմ մի գրոշ սեր։ Կոտրված քթով ինչ-որ մի դժբախտ մի քանի հնչյուն է հառաչել, որ ես սիրեմ մենակությունը և ոչ թե ինչ-որ անանունի։ Նա իմ միակ ընկերն է, իմ սրտակիցն ու զրուցակիցը։ Ես նրան ուտում-խմում եմ, և նա օգնում է ինձ սոսնձել քթիս փշրանքները...
Իմ գրպանում ես ունեմ նաև մի գրոշ հավատ։ Ինչ-որ մի թևատված թռչուն մի քանի հնչյուն է դայլայլել, որ ես հավատամ սիրուն ու ոչ թե ինչ-որ անանունի։ Գիտեմ, որ հենարաններն իրականում թակարդներ են, և սերը դրանցից ամենասոսկալին է։ Գիտեմ։ Բայց ես նստում եմ նրա փետուրների վրա և աշխարհին նայում տիեզերքից։ Եվ թեպետ անդադար վռնդում ու մորթում եմ նրան, բայց նա համառորեն չի զոհվում և էլի ու էլի է գալիս...
Իմ գրպանում ես ունեմ նաև մի գրոշ աստված։ Ինչ-որ մի խելագար մահապարտ մի քանի հնչյուն է բղավել, որ ես երկրպագեմ ազատությանը, այլ ոչ թե ինչ-որ անանունի։ Գիտեմ, որ այդ դավանանքը դեռ ոչ ոքի վրա էժան չի նստել... Գիտեմ։ Բայց ես տրվում եմ նրան, և նա իմ անոթը լցնում է ուժով։
Ես աշխարհի ամենահարուստն եմ, բայց ամենաաղքատը։ Ահա՛, գրպաններս ծակ են, իսկ ես՝ մենակ, սիրահարված ու ազատատենչ։ Եվ հոգիս, որ իրարամերժ ուժերի ռազմաճակատ է, ավիրված է։ Բայց երբ պառակտիչներս զինադադար են կնքում և միաբանվում են, ես հանկարծ լեզվիս տակ արգելված պտղի համն եմ առնում։
Եվ հենց այդ պահին է, որ գրպաններս ուռչում են, և ես՝ ամենաաղքատս, դառնում եմ աշխարհի ամենա-ամենահարուստը...

1996 թիվ



ԾԻԿ գրքից